Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդը երկուշաբթի օրը ընդունել է երկրի վարչապետ Իվ Լետերմի եւ նրա գլխավորած կառավարության հրաժարականը: Կառավարության ներսում ճգնաժամը սկսվել էր անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ ֆլամանդական Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կոալիցիայից դուրս էր եկել՝ չկարողանալով պայմանավորվածություններ ձեռք բերել Բրյուսելի ֆլամանդական մերձավանների վարչական ինքնավարության հարցով իր գործընկերների հետ:
Վարչապետ Լետերմը հրաժարական էր ներկայացրել դեռ անցած ուրբաթ օրը, բայց Բելգիայի թագավորն այն մերժել էր՝ ֆինանսների նախարարի Դիդիե Ռեյնդերսին խնդրելով վերջին փորձն անել հաշտության հասնելու համար:
BBC-ի մատուցմամբ, նոր ընտրությունները Բելգիայում նշանակված են հունիսի սկզբին, իսկ մինչ այդ կառավարությունը շարունակելու է ժամանակավորապես աշխատել: Ի դեպ, Լետերմը նախկինում էլ վարչապետի պաշտոնը մի քանի անգամ լքել է, վերջին անգամ նա այդ պաշտոնում մնաց ընդամենը հինգ ամիս: