Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ, հետախուզման մեջ գտնվող Կուրմանբեկ Բակիեւին երկրի ժամանակավոր իշխանությունները զանգվածային սպանություններ կազմակերպելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք են առաջադրել, իհարկե, հեռակա կարգով: Ապրիլի 7-ին Բիշքեքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մարդկանց զանգվածային սպանությունների մեղադրանք է առաջադրվել նաեւ 8 այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից երկուսն արդեն կալանավորված են, իսկ մյուսները՝ երկրի նախկին վարչապետը, ազգային անվտանգության ծառայության նախկին պետը, նույն համակարգում աշխատած՝ նախագահ Բակիեւի որդին եւ Ղրղըզստանի պետական պահպանության ծառայության պետ՝ Բակիեւի հարազատ եղբայրը գտնվում են հետախուզման մեջ:
BBC-ի մատուցմամբ, երկրի ժամանակավոր կառավարությունը դեռ երկուշաբթի օրն էր որոշում ընդունել՝ զրկել Բակիեւին անձեռնմխելիությունից: Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը մտադիր է հասնել այն բանին, որ Բելառուսը հանձնի Բակիեւին: Երկրի իրավապահ մարմինը պատրաստվում է այդպիսի խնդրանքով դիմել Բելառուսի իր գործընկերներին: