Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Ապրիլ 28,2010 00:00

\"\"Ուկրաինայի Գերագույն ռադան եւ Ռուսաստանի Պետդուման երեկ, գրեթե միաժամանակ եւ օպերատիվորեն վավերացրել են երկու երկրների միջեւ ապրիլի 21-ին կնքված Ստավրոպոլում ռուսական Սեւծովյան նավատորմի ներկայությունը 2017թ.-ից հետո եւս 25 տարով երկարաձգելու մասին պայմանագիրը: Ուկրաինայում պայմանագրի վավերացմանը կողմ է քվեարկել 236 պատգամավոր, իսկ Ռուսաստանում փաստաթուղթը վավերացվել է միաձայն: Ուկրաինայում պայմանագրի վավերացման կողմնակիցները ստիպված են եղել մեծ ջանքեր գործադրել հաղթահարելու համար ընդդիմադիրների հարուցած արգելքները: Գերագույն ռադայի նիստի հենց սկզբում դահլիճում անկարգություններ են եղել. նախ՝ նիստերի դահլիճում ծխակոն է նետվել, ընդդիմությունը նաեւ ձվեր է նետել հարթակում նստած նախագահողների ուղղությամբ, որոնք ստիպված են եղել դրանցից անձրեւանոցներով պաշտպանվել, իսկ Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը առաջարկել է նիստը շարունակել: Փաստաթղթի կողմնակիցների ելույթների ժամանակ ամբիոնը պաշտպանել են «Ռեգիոնների կուսակցության» պատգամավորները, թեեւ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կողմնակիցները իրենց բացականչություններով խլացրել են ելույթ ունեցողների ձայնը: Ի դեպ, երեկ Գերագույն ռադայում են եղել ե՛ւ Յուշչենկոն, ե՛ւ Տիմոշենկոն:

Նույն ժամանակահատվածում, արդեն դրսում՝ Գերագույն ռադայի շենքի դիմաց տեղի են ունեցել ե՛ւ փաստաթղթի կողմնակիցների, ե՛ւ դրա ընդդիմախոսների բազմահազարանոց հանրահավաքներ: Պայմանագրի ընդդիմախոսները, որոնք Ուկրաինայի նախագահ Յանուկովիչին եւ իշխող կուսակցությանը մեղադրում են ազգային շահերի դավաճանության մեջ, փորձել են ներխուժել Ռադայի շենք, բայց ոստիկանությունն այդ փորձերը կասեցրել է: BBC-ի մատուցմամբ, այդուհանդերձ, Վիկտոր Յանուկովիչը խոստացել է «պատասխան տալ բոլոր նրանց, ովքեր կփորձեն Ուկրաինայում ապակայունացնել իրավիճակը»: Դեռ երկուշաբթի օրը, Գերագույն ռադայում Տիմոշենկոյի գլխավորած դաշինքի պատգամավորները օրինագիծ էին ներկայացրել, որով սահմանափակվում էր ռուսական նավատորմի ներկայությունը 2017-ից հետո: Տիմոշենկոն Ուկրաինայում ռուսական նավատորմի ներկայության երկարաձգումն ու սույն պայմանագիրը համարել է որպես՝ «Ուկրաինայի պատմության մեջ սեւ էջ»: Տիմոշենկոն հայտարարել է նաեւ, որ չորեքշաբթի օրվանից մեկնելու է երկրի ռեգիոններ՝ «այս ծանր ժամանակներում Ուկրաինան պաշտպանելու համար համաուկրաինական թիմ հավաքելու նպատակով»: Նա ուկրաինացիներին կոչ է արել համախմբվել ընդդեմ Յանուկովիչի վարած քաղաքականության: Պայմանագրի դեմ Ուկրաինայի ընդդիմության բողոքի ցույցերը սկսվել էին դեռեւս անցած շաբաթ օրը: Յուշչենկոն հայտարարել է, թե ռուսական նավատորմի ներկայությունը Ուկրաինայում եւս 25 տարով երկարաձգելը նշանակում է երկրի ռազմական բռնատիրության հաստատում: Ընդդիմությունը կրկին հայտարարել է այս պայքարում իր միասնության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել