Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ու բուհի ընդունող հանձնաժողովը»

Ապրիլ 28,2010 00:00

Այս տարվա մարտի 11-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բուհերի ընդունելության կարգը: Այս թեմայով զրուցեցինք ԳԹԿ մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանի հետ: Նա ասաց, որ փաստաթուղթը մշակելիս աշխատել են կտրուկ քայլեր չանել: Նրա խոսքով, ահագին բաներ էլ պարզեցվել են. օրինակ, եթե նախկինում գյումրեցի կամ վանաձորցի՝ ինչ-ինչ արտոնությունից օգտվող շրջանավարտը պետք է անպայման գար Երեւան՝ ԿԳ նախարարություն կամ Հանրապետական ընդունող հանձնաժողով (ՀԸՀ), որպեսզի համապատասխան պաշտոնյան մակագրելով հավաստեր իր արտոնությունը, նոր միայն գործերը հանձներ, ապա այժմ պարտադիր չէ հասնել Երեւան: Հիմա այդ գործառույթը բաժանված է ԳԹԿ-ի ընդունող հանձնաժողովների վրա: Նոր կարգի համաձայն, լեռնային եւ սահմանամերձ գյուղերի դպրոցի տնօրենները այլեւս իրենք են ընտրելու իրենց կոնտինգենտը, ինչի համար բավական է դպրոցի տնօրենի եւ համայնքի ղեկավարի ստորագրությունը: Կամ՝ եթե նախկինում դիմում-հայտ լրացնելիս շրջանավարտն իրավունք ուներ միայն նույն քաղաքի տարբեր բուհեր դիմել, ապա հիմա Երեւանում նստած՝ կարող է նշել, օրինակ, Վանաձորի, Գյումրիի կամ Գավառի բուհերը: Ըստ Նասիբյանի, դա հնարավորություն կտա մարզաբնակներին գոնե համապատասխան հայտերով իրենց քաղաքի բուհերն ընդունվել: Նաեւ երեւանցիները կկարողանան ոչ միայն երեւանյան, այլեւ մարզային բուհեր դիմել, որպեսզի նախորդ տարիների նման ոչ մայրաքաղաքային բուհերում թափուր տեղեր չլինեն: Կ. Նասիբյանը տեղեկացրեց, որ բոլորը պարտադիր մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ը ժամը 18-ը պետք է հանձնեն իրենց գործերը համապատասխան բուհ: Կան 3 կատեգորիայի դիմորդներ, որոնց համար այդ ժամկետը երկարաձգված է մինչեւ հուլիսի 10-ը: Դրանք են՝ գարնանային զորակոչից զորացրվածները, «դրսում» սովորող ՀՀ քաղաքացիները եւ օտարերկրյա քաղաքացիները:

«Առավոտի» դիտարկմանը՝ դժգոհություններ չե՞ն հնչում, որ ԳԹԿ-ն ամեն ինչ իր ձեռքն է վերցրել, Գ. Նասիբյանը բացասական պատասխան տվեց, ասելով, որ առայժմ միայն առաջարկություններ են լսել՝ հատկապես ներբուհական կրթության «մասով». «Դա ըստ էության մի փակ տարածք է՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիան, Գեղարվեստի ակադեմիան, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտը, Ֆիզկուլտինստիտուտը տարիներ շարունակ իրենց ներքին կանոններով ու կարգերով են կազմակերպել քննությունները: Մեզ ուշ հասավ առաջարկը՝ կարգ կազմելու մասին, ուստի չէինք կարող կտրուկ փոփոխություն մտցնել: Բայց շտկումներ արել ենք: Ներբուհական քննությունների առարկայական հանձնաժողովները նշանակելու է ԳԹԿ տնօրենը: Մի քանի նրբություն եւս՝ նախկինում Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի դերասանական բաժնում գործերը հանձնելիս դիմորդը պիտի նաեւ թուղթ բերեր, որ հոգեկան հիվանդ չէ: Ստացվում է՝ նա կարող է «գժի թուղթ» ունենալով՝ դպրոցն ավարտել կամ դիցուք համալսարան ընդունվել, իսկ թատերական՝ ո՞չ: Գեղարվեստի ակադեմիայում էլ կա դիմորդի գործերի նախնական դիտում, ինչը արդարացի չէ: Եթե քննություն է նշանակված, ինչո՞ւ պետք է նման նախաքննություն լինի»: Նոր կարգի համաձայն, ՀԸՀ գործառույթները այլեւս սկսվելու են քննությունների արդյունքները հայտնի լինելուց հետո: «Քննությունը մե՛նք ենք կազմակերպում, մրցույթը՝ նույնպես, դրանից հետո ամբողջ փաթեթը տալիս ենք ՀԸՀ-ին, վերջինս հաստատում է եւ հետո իրավունք ունենում տեղերը վերաբաշխել: ՀԸՀ-ի գործառույթը միայն դա է, մինչեւ քննությունների ավարտը այն անելիք չունի, անելիք ունեն ԳԹԿ-ն եւ բուհի Ընդունող հանձնաժողովը»,- պարզաբանեց բաժնի պետը:

Կարգի մյուս փոփոխությունները կհրապարակվեն ԳԹԿ-ի՝ օրերս կայանալիք ասուլիսում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել