Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձենք մեր սրտում զգալ նրանց ցավը»

Ապրիլ 28,2010 00:00

Կոչ է անում Ջեմալ Փաշայի թոռը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Թուրքիայում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, եղան բազմաթիվ ոգեկոչման արարողություններ, որոնց մասնակցում էին թուրք հայտնի մտավորականներ: Ոգեկոչման եւ «Կիսում եմ հայերի՝ ապրիլի 24-ի ցավը» խորագրի ներքո հոդվածով հանդես եկավ նաեւ թուրք հայտնի լրագրող եւ վերլուծաբան, «Milliyet» օրաթերթի սյունակագիր Հասան Ջեմալը: Ջեմալը հայտնի Ջեմալ Փաշայի թոռն է, այն փաշայի, որի անմիջական ձեռքով կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը: Իր պապի կողմից կազմակերպված Եղեռնի զոհերի ոգեկոչմանն ուղղված հոդվածում Հասան Ջեմալը գրում է. «Այսօր ապրիլի 24-ն է: 1915թ. ապրիլի 24-ը Օսմանյան պետության խայտառակ էջերից մեկն է, որը սկսվեց գրվել «Իթթիհաթ վե Թերաքքիի» կողմից: Այդ օրը ջնջվեցին այն մարդկանց հետքերը, որոնք հարյուրամյակներ շարունակ ապրել եւ ստեղծագործել էին իրենց հայրենիքում, իրենց պապենական հողերի վրա: Նրանց պոկեցին իրենց հայրենիքից, նրանք ոչնչացվեցին: Պատմության այս էջերը ոմանք որակում են տեղահանություն, ոմանք՝ ողբերգություն, ոմանք՝ ցեղասպանություն, ոմանք էլ՝ մեծ աղետ: Սակայն այն անհերքելի իրողություն է:

Օսմանյան պետության կողմից 1915-ից սկսված հարյուր-հազարավոր հայերի կոտորածն ու մարդկության դեմ գործած հանցանքը ժխտելը նշանակում է դառնալ այդ հրեշավոր եւ սահմռկեցուցիչ արարքի հանցակիցը:

Այսօր ապրիլի 24-ն է. հայերի, հայ ժողովրդի՝ այս հողերում ապրած ողբերգության զոհերի ոգեկոչման օրը: Նախ եկեք հայերի՝ ապրիլի 24-ի վիշտը կիսենք, փորձենք մեր սրտում զգալ նրանց ցավը, մենք էլ հայերի հետ հավասարապես սգանք: Հայերի վիշտը մերը դարձնենք:

Ի՞նչ ենք կորցնելու… Այդ արարքով մենք կանենք մարդկությանը անհրաժեշտ պիտանի արարք: Նմանօրինակ դիրքորոշումը, այսինքն՝ ցավը կիսելու պատրաստակամությունը, դեռեւս չի նշանակում մյուսների տեսած ցավը մոռանալ:

Ես հիշում եմ այն հուզումնալից օրը, երբ 2008 թ. սեպտեմբերին լինելով Երեւանում՝ այցելեցի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշակոթողի առջեւ մենք սիրելի Հրանտի հետ միասին մեն-մենակ կանգնեցինք բավական երկար: Ինձ այստեղ էր բերել նրա ցավը:

Առավոտ էր, արեւը նոր էր ծագում: Արարատ լեռան վեհ գագաթը մառախուղի մեջ մերթ երեւում էր, մերթ՝ թաքնվում: Առավոտյան լռության մեջ սպիտակ մեխակներ դրեցի Ցեղասպանության զոհերի հուշակոթողին եւ ականջիս հասավ Հրանտի ձայնը՝ եկեք նախ հարգենք միմյանց վիշտը:

Ես գիտեմ, թե ինչեր են տեսել մեր պապերը: Ոմանք այն անվանում են կոտորած, ոմանք ցեղասպանություն, ոմանք աքսոր, ոմանք էլ՝ ողբերգություն: Մեր պապերն էլ Անատոլիա ասելուն ավելացնում էին կոտորած ու արհավիրք»:

Ապա հեղինակն իր մեկնաբանություններն է տալիս այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել 1915թ., դատապարտում ու քննադատում այն մարդկանց, որոնց անմիջական մասնակցությամբ եւ պատճառով տեղի ունեցավ 1915 թվականի մեծ արհավիրքը՝ Հայոց մեծ եղեռնը: Քննադատում պետությանը, որը չպաշտպանեց իր սեփական քաղաքացիներին. «Եթե մարդ ես, եթե այդ ցավը ինքդ քո մեջ զգում ես, ուրեմն պետք է կիսես նաեւ այն ուրիշների հետ: Փոխանակ նմանօրինակ ցավը ուրանալու, ժամանակն է այն համարել նաեւ քո ցավը, նորոգենք այդ վիշտը, կիսենք, քանզի մարդկությանն ու խաղաղությանը այն հույժ կարեւոր է: Թե պետություն եւ թե անհատ պարտավոր են, ժամանակն է կիսելու հայերի ապրիլքսանչոսյան մեծ ցավը: Հրանտ, եղբայրս, ես կիսում եմ այդ ցավը, քեզ անկեղծ կարոտում եմ, հանգստություն քո շիրիմին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել