ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հիմնանորոգման եւ շինարարական աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ, տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Ըստ նույն աղբյուրի, ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ ֆինանսական վերահսկողության վարչությունից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Փարվանապրոմ» ընկերության միջեւ 2008 թվականի մարտին կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի տարածաշրջանային անասնաբուժական լաբորատորիայի մասնաշենքի հիմնանորոգման եւ նույն մարզի Մեծ Մասրիկ համայնքի ոռոգելի հողերի ջրապահովվածության բարձրացման շինարարական աշխատանքները: Կատարողական ակտերում փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ տվյալներ ներառելու միջոցով, սակայն, ընկերությունը հավելագրել է համապատասխանաբար 554.7 եւ 650.2 հազար դրամի չկատարված աշխատանքներ: Արդյունքում, պատվիրատուից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացել եւ խաբեությամբ հափշտակել է 1. 204.9 հազար դրամ:
Իսկ «Փարվանամոնտաժ» ընկերությունը «Պետական գնումների գործակալության» հետ 2008թ. մարտի 17-ին կնքած պայմանագրով պարտավորվել է նորոգել Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանային անասնաբուժական լաբորատորիայի մասնաշենքը: Ու էլի կատարողական ակտերում փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրվել են չկատարված աշխատանքներ, ստացել եւ խաբեությամբ հափշտակել 707.0 հազար դրամ:
Վերոհիշյալ դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերի խարդախություն): Քրեական գործերն ուղարկվել են, համապատասխանաբար, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի ոստիկանություն՝ նախաքննություն կատարելու: