Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱԼՎԱՐԻ ՓԵՇԵՐԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Ապրիլ 28,2010 00:00

\"\"Պատգամավորները երեկ քննարկեցին մի օրինագիծ, որը վերաբերում է համայնքային հողերի վարձակալությանը

Թեպետ մենք դեռ չունենք «Տարածքային կառավարման մասին» օրենք, սակայն դա չի խանգարում մեր օրենսդիրներին՝ չեղած բանի մեջ փոփոխություններ իրականացնել, ինչպես եղավ երեկ՝ կառավարության ներկայացրած «Վարչատարածքային բաժանումների մասին» օրինագծի քննարկումների ժամանակ: ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանն ասաց. «Այս բոլորը կապված է նրա հետ, որ մեր երկիրը չունի «Տարածքային կառավարման մասին» օրենք, եւ մինչ այսօր առաջնորդվում է ՀՀ նախագահի հրամանագրերով, ընդ որում՝ այդ հրամանագիրը դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրն է, որը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում: Եվ, փաստորեն, ՏԻՄ լիազորությունները հստակ չեն եւ պարզ չէ, թե ինչքանով են տարածվում պետական-պահուստային հողերի վրա»:

Կառավարության ներկայացրած «Վարչատարածքային բաժանումների մասին» օրինագծում, որը երեկ քննարկվեց խորհրդարանում, նշված է. «Համայնքային վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ կազմակերպել արտահողային ֆոնդի կառավարումը, այլ նաեւ զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները՝ հողերի վարձավճարի, հողի հարկի, գույքահարկի, ինչպես նաեւ հողերի օտարումներից գոյացած միջոցների հաշվին»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին այս կետը հատկապես էր հուզում, որովհետեւ ասաց, թե այս դեպքում համայնքի ղեկավարից շատ ավելի պարզեցված կարելի կլինի գնել այդ հողերը, իսկ գնողները, ինչպես միշտ, կլինեն «մերօրյա օլիգարխները»:

Օրինագծի համազեկուցող Հովհաննես Մարգարյանը հակադարձեց, թե նման բան չի կարող լինել, քանի որ օրինագծում իրենք նշել են, որ վարձակալության տրվող հողերը 10 տարի հնարավոր չի լինելու օտարել: Թեպետ կա նաեւ բացառություն, որ հողերը հնարավոր կլինի օտարել միայն այն դեպքում, երբ համայնքը դիմի կառավարությանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ օրինագիծը չի բխում գյուղացիների շահերից. «Նկատելի է, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում տեղի տալ եւ խնդիրը լուծել հանրային համերաշխության դաշտում: Ինքս ծնունդով Տավուշի մարզից եմ եւ կարող եմ օրինակ բերել, որ Լալվար սարի փեշերը, որ մի քանի հազարավոր հեկտարներով ավանդաբար, արդեն մի քանի հարյուր տարի, եթե ոչ ավելի, հասարակական համաձայնության, համերաշխության ճանապարհով բաշխվել են տարբեր համայնքների միջեւ եւ հատկապես ամառային շրջանում օգտագործվել են անգամ հեռավոր բնակավայրերի բնակիչների կողմից: Եվ թող ՀՀ-ն Սովետմիությունից իրեն ավելի խելոք չհամարի (պատգամավորի այս խոսքերը լսելով՝ ՀՀԿ-ական, նախկին այլախոհ Վազգեն Կարախանյանը տեղում նստած փնթփնթաց «Սովետմիության» հասցեին- Մ. Ե.»), անգամ այդ պայմաններում, որտեղ սեփականության միակ ձեւը պետականն էր, այդ նույն պետական հողածածկույթի տակ չէր խախտվել հարյուրամյակներով ձեռք բերված ստատուս-քվոն: Եվ այսօր, այսպիսի օրինագծերով մենք փոխում ենք ստատուս-քվոն»:

Լարիսա Ալավերդյանը մինչ այդ շեշտել էր, որ հողի սեփականության նկատմամբ մարդիկ բոլոր ժամանակներում եղել եւ մնում են չափազանց զգայուն, եւ հեղափոխությունները հենց հողի պատճառով են լինում: Համաձայնելով իր գործընկերոջ հետ, պարոն Սաֆարյանը նկատեց. «Ես չեմ ուզում ասել, թե սա սպառնում է ՀՀ-ին, բայց այն, որ կառաջանա մեծ աժիոտաժ եւ քաոս՝ չեմ կասկածում»: Օրինագծի համազեկուցող, ԱԺ տարածքային եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը համամիտ չէր ասված մտքերին եւ իր հերթին հայտարարեց. «Չեմ կարող վստահորեն ասել, որ չեն լինի համայնքներ, որտեղ դժգոհություններ չեն լինի, սա նորմալ է, եւ մենք կոչված ենք՝ այս դժգոհությունները քննարկման առարկա դարձնելու: Այս գործընթացի թափանցիկությունը մեզ հնարավորություն կտա քննարկել եւ լուծումներ գտնել»: Անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը օրինագծի քննարկմանը այդ տեսքով՝ դեմ էր, եւ պահանջեց «մակուլատուրայի» փոխարեն ներկայացնել համապատասխան քարտեզներ, որոնցում հստակ կերեւա, թե որ համայնքից ինչն է վերցվում եւ որին է տրվում վարձակալության: Կադաստրի ներկայացուցիչն ասաց, թե այդքան մեծածավալ քարտեզներ հնարավոր չի լինի ներկայացնել խորհրդարանին: Հովհաննես Մարգարյանը հայտարարեց. «Ինչ վերաբերում է քարտեզներին, պատկան մարմիններից մենք պահանջել ենք, երկու մարզի քարտեզները մեր ձեռքի տակ կան եւ մինչեւ երկրորդ ընթերցման ռեժիմ՝ հանձնաժողովը կունենա ընդհանուր քարտեզներ, որը մենք պատրաստ ենք տրամադրել մեր գործընկերներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել