Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստաբանը՝ կաշառող օղակ

Ապրիլ 28,2010 00:00

Հարուցվել է քրեական գործ՝ ընդդեմ փաստաբան Աստղիկ Պապիկյանի՝ սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողներին կաշառելու հիմքով:

Ապրիլի 2-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացիներ Մոհամադ Ակբարի Շառիֆյանը եւ Սինա Նասերի Շաքրեհոսեինին իրենց ընկերուհիներ Մերսեդ Փեյմանի Բալիի եւ Բեհեշթե Մուսավիի հետ գնացել են Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորան: Ժամը 18:30-ի սահմաններում ռեստորան են եկել եւ հարեւան տաղավարում նստել նաեւ այլ անձինք: Ժամը 20:00-ի սահմաններում Բեհեշթե Մուսավին գնացել է ռեստորանի միակ զուգարանը: Հարեւան սեղանի մոտ նստած Ա. Խաչատրյանը, չիմանալով, որ Բ. Մուսավին զուգարանում է, եւս գնացել է այնտեղ, բացել է փականով չփակված զուգարանի դուռը, եւ տեսնելով, որ Բ. Մուսավին զուգարանում է՝ անմիջապես փակել է դուռը եւ ներողություն խնդրել: Բ. Մուսավիի՝ զուգարանից դուրս գալուց հետո Ա. Խաչատրյանը մտել է զուգարան, ապա դուրս է եկել եւ պատրաստվել հեռանալ: Այդ ժամանակ Ա. Խաչատրյանին է մոտեցել Ս. Շաքրեհոսեինին եւ քաշքշելով վերջինիս օձիքից՝ հարցրել է, թե ի՞նչ էր ուզում իր ընկերուհուց: Ա. Խաչատրյանը ներկայացել է, ասել, որ ինքը ոստիկանության աշխատակից է, փորձել է հանգստացնել Շաքրեհոսեինին, բացատրել է, որ ինքը նպատակ չի ունեցել վիրավորել նրա ընկերուհուն, սակայն Ս. Շաքրեհոսեինին շարունակել է գոռգոռալ ու քաշքշել Ա. Խաչատրյանին, իսկ Մ. Շառիֆյանը սկսել է ձեռքերով հարվածներ հասցնել Ա. Խաչատրյանին: Մ. Շառիֆյանը, նստելով իր «ԲՄՎ» մակնիշի 11 օօ 329 պետհամարանիշի ավտոմեքենան, այն վարել է Ա. Խաչատրյանի վրա ու դիտավորությամբ ավտոմեքենայով հարվածել վերջինիս ձախ ոտքին, ինչից հետո փորձել է հետ վարել, սակայն ընկել է ճանապարհի ձախ եզրով հոսող առուն: Այնուհետեւ Մ. Շառիֆյանն իջել է ավտոմեքենայից եւ մոտենալով Ա. Խաչատրյանին օգնություն ցույց տվող ռեստորանի մատուցողուհի Հայկանուշ Գալստյանին՝ ձեռքով հարվածել վերջինիս դեմքին: Ռեստորանի պահակ Վաղինակ Եղիկյանը փորձել է միջամտել եւ կանխել ծեծկռտուքը, սակայն Մ. Շառիֆյանն ու Ս. Շաքրեհոսեինին Վ. Եղիկյանին գցել են գետնին եւ սկսել ոտքերով ու ձեռքերով ծեծի ենթարկել:

Տեղի ունեցած խուլիգանության առթիվ 03.04.2010թ. ՀՀ ոստիկանության՝ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: 03.04.2010թ. սույն քրեական գործով տուժողներ են ճանաչվել Վ. Եղիկյանը, Հ. Գալստյանն ու Ա. Խաչատրյանը:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Ս. Շաքրեհոսեինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Մ. Շառիֆյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Մեղադրյալների նկատմամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.024.2010թ. որոշումներով որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:

Ըստ նախաքննական մարմնի, 2010թ. ապրիլի 6-ից մեղադրյալներ Ս. Շաքրեհոսեինիի եւ Մ. Շառիֆյանի շահերի պաշտպան հանդիսացող՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Աստղիկ Պապիկյանը 2010թ. ապրիլի 12-ից մինչեւ 14-ն ընկած ժամանակահատվածում գործով տուժողներ Վ. Եղիկյանին եւ Հ. Գալստյանին նրանց աշխատատեղում՝ Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանում, տվել է համապատասխանաբար 600 եւ 700 ԱՄՆ դոլար, որպեսզի վերջիններս հրաժարվեն նախկինում իրենց կողմից տրված ցուցմունքներից եւ տան նշված մեղադրյալների մեղավորությունը բացառող սուտ ցուցմունքներ: Նշված հանգամանքները հաստատվել են տուժողներ Վ. Եղիկյանի եւ Հ. Գալստյանի կողմից 20. 04.2010թ. եւ 21.04.2010թ. տրված լրացուցիչ ցուցմունքներով: Նկատի ունենալով, որ Աստղիկ Պապիկյանի գործողություններում առկա են սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող բավարար տվյալներ, վարչական շրջանների դատախազը հարուցել է քրեական գործ՝ նախաքննության կատարումը հանձնարարելով ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել