Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՏՅԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է»

Ապրիլ 28,2010 00:00

\"\"Ասում է «Ժառանգություն» կուսակցության Ստեփանավանի տարածքային կառույցի ղեկավար, «Դու մենակ չես» հակակոռուպցիոն իրավապաշտպան կազմակերպության նախագահ Անուշավան Նիկողոսյանը:

– Դուք 2010թ. հունվարի 25-ին դիմեցիք ՀՀ սահմանադրական դատարան: Ի՞նչ հարցով էր:

– Խնդիրը վերաբերում էր դեռեւս 2 տարի առաջ սկիզբ առած իմ եւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի միջեւ առկա դատական վեճին, մասնավորապես՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի մրցույթի ժամանակ վերջինիս հրահանգով նրա ենթակա մրցութային հանձնաժողովի թույլ տված ապօրինություններին:

Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը մի շարք գործեր էր լսել Վանաձորում, բոլոր գործերում թույլ տվել դատավարական եւ նյութական խախտումներ՝ հօգուտ մարզպետի: Վճիռներն անխտիր բողոքարկվել են, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը բոլորը վերադարձրել է՝ կիրառելով ՍԴ 2008թ. նոյեմբերի 25-ի 780 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը: Քաղաքացիական օրենսգրքի 233 եւ 234 հոդվածները կիրառման ենթակա չեն վարչական արդարադատության համակարգում, քանի որ երկաստիճան համակարգ է, եւ վերաքննիչ դատական ատյանը բացակայում է: Վճռաբեկ դատարանն այդ անտեսելով, շարունակել է հոդվածները կիրառել: Նշեմ, որ ՍԴ-ն երբ կայացրել էր այդ որոշումը, ԱԺ-ին ժամանակ էր տրամադրել՝ մինչեւ 2009թ. ապրիլի 1-ը համապատասխան փոփոխություններ կատարել: ԱԺ-ն չնայած 1 ամիս ուշացումով դա կատարեց, սակայն փոփոխությունները «կոսմետիկ» բնույթ էին կրում, ընդամենը խմբագրական էին, եւ բովանդակային իմաստով ոչինչ չավելացվեց:

– Ի՞նչը նկատի ունեք:

– Քաղաքացիական օրենսգրքի 234 հոդվածի իրավանորմերը՝ «Եթե առկա է դատական սխալ, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել ծանր հետեւանքների», ապա Վարչական դատավարության օրենսգրքի 118. 6 կետը շարադրված է. «Եթե առկա է նյութական կամ դատավարական իրավունքի խախտում»: Այսինքն, վճռաբեկ դատարանը պայման էր դնում, այն էլ՝ կամայական կերպով: Իսկ նյութական կամ դատավարական խախտումները պարզվում են դատավարության ժամանակ եւ ոչ թե վճռաբեկ դատարանի դատավորների օգնականների կողմից մակերեսային դիմումները ընթերցելով: Եթե քաղաքացիական դատավարության համակարգում վճռաբեկ դատարանը ըստ էության երրորդ ատյան է՝ վերաքննիչ ատյանից հետո, ապա վարչական դատավարության համակարգում այն միակ բողոքարկման ատյանն էր: Նման մոտեցում ցուցաբերվելով, քաղաքացիները զրկվում էին արդյունավետ պաշտպանության իրավունքից:

– Գուցե երրորդ ատյան դիտում են Եվրոպական դատարա՞նը…

– Չեմ ուզում ԵԴ-ի ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների մասին խոսել, նշեմ, որ ԵԴ-ն ավելի շատ բարոյական փոխհատուցման հարց է լուծում: «Մելտեքսի» 6 տարվա քաշքշուկից հետո ԵԴ-ն վճիռ կայացրեց հօգուտ տնտեսվարողի, ի վնաս Հայաստանի Հանրապետության, սակայն մեր կառավարությունը մինչ օրս չի կատարել ԵԴ-ի որոշումը:

– Պարոն Նիկողոսյան, ՍԴ-ի որոշումը, ի տարբերություն այլ դատական ատյանների որոշումների, որոնք բողոքարկման ենթակա են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Մենք ունենք բողոքներ, որ վճռաբեկ դատարանը բողոքները վերադարձնելիս դարձյալ չի պատճառաբանում, մինչդեռ ՍԴ որոշմամբ պետք է հիմնավորվի քաղաքացուն դատական պաշտպանության իրավունքներից զրկելը: Ո՞րն է վերջնական լուծումը:

– ՍԴ-ն իր այս տարվա ապրիլի 13-ի ՍԴՈ-873 որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչել այն իրավանորմը, որով վճռաբեկն առանց պատճառաբանության վերադարձնում է վճռաբեկ բողոքները: Եվ վարչական, եւ քաղաքացիական արդարադատության պատճառաբանման մասի վերաբերյալ տեսել եմ, որ վճռաբեկ դատարանի կողմից մեջ է բերվում Եվրոպական դատարանի որոշումը (ի դեպ, «Մելտեքսն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով- Ռ. Մ.), որտեղ ԵԴ-ն արտահայտել էր մի դիրքորոշում, ըստ որի՝ վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնա իրավունքի խնդիրներին: Ստացվում է, որ ստորադաս դատարանի կայացրած սխալ դատական ակտերը հիմք ընդունելով որպես պատճառաբանություն, վճռաբեկը վերադարձնում է բողոքների 90 տոկոսը նույն ձեւակերպումներով:

Միայն անցյալ տարի 8 վճռաբեկ բողոք եմ ներկայացրել, բոլորը վերադարձվել է նույն ձեւակերպումով:

Այս տարվա ապրիլի 13-ին Սահմանադրական դատարանը ԱԺ-ին ժամանակ տվեց մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու: ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստում է ներկայացնել օրենսդրական նախագիծ: Մենք առաջարկում ենք վերաքննիչ ատյան ձեւավորել: Ըստ էության, վճռաբեկ դատարանը սահմանադրությամբ ուրույն առաքելություն ունի՝ օրենքի միատեսակ կիրառություն ապահովելը: Այսինքն՝ իր էությամբ չի հանդիսանում վերաքննող դատարան: Լավագույն լուծումը վերաքննիչ դատարանի ստեղծումն է: Քաղաքացիները, որոնք դիմում են ընդհանուր իրավասության դատարան, ապա վերաքննիչ դատարան, վարչական դատարան դիմելուց հետո չեն հայտնվի անհավասար իրավիճակում, եւ մինչ 3-րդ ատյան՝ վճռաբեկ դատարան դիմելը հնարավորություն կունենան դիմել նոր՝ վարչական վերաքննիչ դատարան, որը մինչ օրս գոյություն չունի: Ավելին, այդ ատյանի ստեղծումը կարեւոր է այն առումով, որ ՀՀ վարչական դատարանը՝ լինելով մասնագիտացված դատարան, քննելով առաջին ատյանի կարգով, որոշ դեպքերում կատարում է վերաքննող դատարանի գործառույթ. գործերը վարույթ ընդունելու, մերժման, հայցի ապահովման միջոցի կիրառման գործառույթ: Վարչական դատարանի մեկ դատավորի կայացրած որոշումը բողոքարկվելիս՝ այն վերանայվում է նույն դատավորի անմիջական գործընկեր հանդիսացող 3 դատավորների կողմից: Ինչը օրենքի բաց է եւ կկարգավորվի վերաքննիչ դատարան ստեղծվելու դեպքում:

– Այսինքն՝ նոր միջոցներ, նոր դատարաններ, նոր կադրե՞ր եք առաջարկում:

– Առաջարկում եմ, որպեսզի այսօրվա «վերաքննիչ քաղաքացիական դատարանը» վերածվի «վերաքննիչ քաղաքացիական եւ վարչական դատարանի», քան ստեղծել առանձին «վերաքննիչ վարչական դատարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել