Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փրկենք այգին

Ապրիլ 28,2010 00:00

Այս նպատակով բնապահպանները պատրաստվում են հասարակական շարժում ստեղծել:

Մինչ բնապահպաններն ու հ/կ-ները բողոքում են Վիկտոր Համբարձումյանի արձանի հարեւանությամբ կառուցվող սրճարանների դեմ, Ուսանողական այգում շինարարական աշխատանքները լայն թափով առաջ են շարժվում:

Facebook սոցիալական ցանցի «Այս քաղաքն անտեր չէ, մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբի եւ «Էկոլոգիական-հասարակական դաշինքի» երեկ նախաձեռնած հերթական քննարկմանը, ինչպես սովորաբար, քաղաքապետարանից ոչ ոք ներկա չէր, ուստի բնապահպաններն իրենց մտահոգությունները կիսեցին միմյանց հետ, իսկ քաղաքապետարանին ուղղված բոլոր մեղադրանքները մնացին անպատասխան: Քաղաքային իշխանություններին ուղղված մեղադրանքների մի զգալի մասը հնչեց քննարկմանը ներկա միակ պետական պաշտոնյայի՝ ՀՀ բնապահպանության նախարարության Երեւանի բաժանմունքի տեսուչ Գառնիկ Մանուկյանի կողմից: Ըստ նրա, քաղաքապետարանն այսօր ոչ մի բանի առաջ չի կանգնում եւ արձանի շուրջ իրականացվող շինարարության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը նախապատրաստել է այնպես, որ բնապահպանության նախարարությունը ոչինչ չկարողանա անել: Ըստ Գ. Մանուկյանի, մինչեւ 2003թ. գործող բոլոր քաղաքապետերն առանց տարածքի բնապահպանական փորձաքննության՝ որեւէ թույլտվություն չէին տալիս. «Եկավ Երվանդ Զախարյանը, այդ օրենքը շպրտեց մի կողմ, եւ ասաց, որ էլ պետք չէ որեւէ փորձաքննություն: Եվ հիմա էլ արդեն, եթե տարածքը չի հասնում 1000քմ-ի, փորձաքննություն չի արվում: Իրենք էլ այնպես են թղթերն անում, որ տարածքը չհասնի 1000 քմ-ի»: Սակայն ամենամեծ ապօրինությունը, ըստ բնապահպանական տեսուչի, այն է, որ Ուսանողական այգին 3 տարի առաջ առանց հիմնավորման Ագրարային համալսարանի ենթակայությունից հանվել է եւ տրվել քաղաքապետարանին. «Քաղաքապետարանն էլ չի խնամում, թողնում է, որ ծառերը չորանան, որ հետո ինքը տարածքը տնօրինի իր ուզածի պես»: Բնապահպանության նախարարության ներկայացուցչի համոզմամբ, այսօր Երեւանի գլխավոր դենդրոլոգը կամ կանաչապատման վարչության պետը ձեւական նստած մարդիկ են. «Ո՞վ կարող է Բեգլարյանին դեմ կանգնել, մի վայրկյանում նա դուրս կթռնի»:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ քաղաքապետարանն արդեն 3 ամիս է գրավոր համաձայնություն չի տալիս Երեւանի էկոլոգիական խորհրդի ստեղծմանը, ինչը կարող էր այս դեպքում որոշակի զսպիչ դեր ունենալ: Ներկաները Կ. Դանիելյանին հիշեցրին, որ նա մեկ այլ՝ Հանրային խորհրդի անդամ է, եւ առաջարկեցին նրան այդ հարցը բարձրացնել այդ կառույցում:

Քննարկման մասնակիցներից ճարտարապետ, շինարար Գագիկ Սուխուդյանն էլ ասաց, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը դատարան դիմելն է: Քննարկման ավարտին մասնակիցները կազմեցին աշխատանքային խումբ՝ ձեւավորելու համար Ուսանողական այգին փրկելու հասարակական շարժում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել