Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԵՐԿՐԻՑ ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ ՉԿԱ

Ապրիլ 28,2010 00:00

Անգամ օդանավի բարձրությունից պարզ է դառնում, թե Իսրայելն ինչ հզոր տնտեսություն ունի

\"\"
Բուսակւթյամբ առատ են հատկապես Թել Ավիվի ծայրամասային փողոցները:

\"\"
Անվտանգության աշխատակիցները խանութների հաճախորդներին ներս մտնելուց առաջ մի լավ զննում են:

\"\"
Ծառեր այստեղ ընդհանրապես չեն հատվում: Հակառակը՝ դրանք տնկվում են անգամ խանութների եւ սրճարանների կտուրներին:

\"\"
Իսրայելում էլ կարելի է հանդիպել բզկտված դրոշների, սակայն այնտեղ պետական դրոշը փակցված է յուրաքանչյուր մետրի վրա:

Գիշերվա ժամին Հայաստանից Իսրայել մեկնող օդանավը, նախքան Թել Ավիվի օդանավակայանում վայրէջք կատարելը, բավականին ցածր թռչեց՝ այդ երկրի մի քանի քաղաքների եւ, տների հարկայնությունից դատելով, նաեւ գյուղերի վրայով, որոնք լույսերի մեջ պարզապես ողողված էին: Լուսավորված էին նույնիսկ դաշտամիջյան ճանապարհները. այդ բնակավայրերից արձակվող լուսավորությունն այնքան ուժեղ էր, որ արդեն վայրէջքի պահին տպավորությունն այնպիսին էր, թե Թել Ավիվում լույսը բացվել է: Մինչդեռ գիշերվա ժամը 24-ն էր: Ահաբեկչությունից խուսափելու համար հրեաները ապահովության համար Իսրայել մուտք գործող ցանկացած օտարերկրացու սահմանի վրա մի լավ զննում են եւ հարցաքննում՝ թե ի՞նչ նպատակով եւ ո՞ւմ հրավերով է ժամանել: Ուժեղացված ռեժիմով ստուգման ենթարկվելը՝ օդանավակայանում հարյուրներով հերթ կանգնած մարդկանց ամենեւին էլ չէր նյարդայնացնում, քանի որ այդ ամենն արվում էր հաշված րոպեների ընթացքում, սահմանապահներն էլ ժպտալով բացատրում էին, որ դա նաեւ մեր ապահովության համար է: Նրանք նույն բարեհամբույրությամբ վերաբերվում էին նաեւ իրենց թշնամի արաբներին:

Այդ ամենը տեսնելով, մեջդ ոչ մի լարվածություն չէր առաջանում, որ ոտք ես դրել մի երկիր, որն ամեն վայրկյան ռմբակոծվելու վտանգի տակ է: Եվ այնքան ժամանակ է քեզ ուղեկցում խաղաղության եւ անդորրի զգացողությունը, մինչեւ այդ երկրի այլ քաղաքներում, ինչպիսիք են՝ Աշկելոնը, Ստերոդը, Երուսաղեմը, չես տեսնում ավտոմատավոր զինվորականների, որոնք կազմ ու պատրաստ կանգնած են՝ արաբա-հրեական բախումները ցրելու համար:

Փոքր տարածք եւ սահմանափակ բնական ռեսուրսներ ունեցող Իսրայել պետությունը, որը շուրջ 60 տարի շարունակական ռազմական հակամարտության մեջ է իր մի քանի արաբ հարեւանների հետ, օրեցօր ծլում ու ծաղկում է: Այս արտահայտությունը կարելի է օգտագործել նաեւ բառի ուղղակի իմաստով. փողոցներում ամենուր հյութեղ կանաչ էր, ծաղկած ծաղկաթմբեր ու մշտադալար արմավենիներ եւ եղեւնիներ: Պարզ երեւում էր, որ այս երկիրը էկոլոգիայի հարցում խիստ է։ Ե՛վ փողոցները, ե՛ւ ծովափերը մաքրությունից փայլում էին: Այդ ամենից կարելի էր դատել, թե յուրաքանչյուր իսրայելցի ինչ խնամքով ու հոգատարությամբ է վերաբերվում իր երկրին:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամն էլ, կարելի է ասել, Իսրայելի կողքով է անցել: Այստեղ աշխատատեղեր չեն կրճատվել, միգրացիա եւ ուղեղների արտահոսք չկա: Այսօր Իսրայելը գիտության, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխարհում առաջատարներից է։ Երկրում գործում են ավելի քան 3000 բարձրտեխնոլոգիական ընկերություններ։ Նշենք նաեւ, որ Իսրայելի տնտեսության մասնավոր հատվածի մոտ 95%-ը ներկայացնում են փոքր ու միջին ձեռնարկությունները: «Առավոտի» հետ զրույցում անգամ ամենահասարակ խանութպանը վստահեցնում էր, որ այստեղ գործարարի համար շուկայական տնտեսության բարենպաստ պայմաններ են ստեղծված: Հրեաները նաեւ պատմում էին, որ իրենց պետության հարկային քաղաքականությունն ի նպաստ գործարարի է, իսկ սահմանամերձ քաղաքներում հարկերը զգալի ցածր են, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն իրենց բնակավայրերում ապրեն ու աշխատեն:

«Սուրբ ճրագն» «Առավոտը» հանեց՝ կռվացնելով հայ եւ հույն հոգեւորականներին

Ե՛վ Իսրայելը, ե՛ւ Պաղեստինը Երուսաղեմը պաշտոնապես համարում են իրենց մայրաքաղաքը, չընդունելով մեկը մյուսի այդպիսի իրավունքը: Եվ մինչ Երուսաղեմի կարգավիճակը թեժ քննարկումների նյութ է, արաբներն ու հրեաներն այստեղ ապրում են կողք կողքի, ամեն օր նույն փողոցներով բարձրանում Երուսաղեմի հին քաղաքում գտնվող իրենց սրբավայրերը:

Երուսաղեմում բոլոր քրիստոնեական եկեղեցիները տեղակայված են այնտեղ, որտեղ եղել է Քրիստոսը: Սակայն ամենամարդաշատը Սբ. Հարություն եկեղեցին է: Այս տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ Քրիստոսը խաչվելուց հետո հարություն է առել: Եկեղեցու տարածքը հիմնականում բաժանված է հայերի եւ հույների միջեւ, թեեւ այլ քրիստոնյա ազգերը նույնպես այստեղ փոքրիկ տարածքներ ունեն: Այս եկեղեցու հենց մուտքի մոտ է գտնվում նաեւ այն քարը, որի վրա խաչելիությունից հետո դրել են Հիսուս Քրիստոսի արնաթաթախ մարմինը: Սբ. Հարություն եկեղեցի այցելող բազմահազար մարդիկ, դիպչելով այդ սուրբ մասունքին, ինչպես տեղի հոգեւորականներն են ասում՝ օրհնություն են ստանում:

Առաջին անգամ այս եկեղեցի այցելողը դժվար կկողմնորոշվի, թե ով ում բարեկամն է եւ որ տարածքն ում է պատկանում, եթե դռների մոտ նրան չդիմավորեն քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք կոտրատված ռուսերենով, անգլերենով, հունարենով, արաբերենով կամ հայերենով փորձում են պարզել՝ ինչ ազգի ներկայացուցիչ ես: Պարզելուց հետո քեզ ուղեկցում են քո երկրի հոգեւոր ներկայացուցչի մոտ, որպեսզի մոմերը, հուշանվերները գնես այդ վայրից: Այդ ծառայությունները նրանք հավանաբար մատուցում են ինչ-որ վճարի դիմաց: Քրիստոսի՝ փոքրիկ խուց հիշեցնող գերեզման մտնելու համար, որտեղ ամեն ինչ ոսկեզօծ էր ու խորհրդավոր, պետք էր ժամերով հերթ կանգնել: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կաթոլիկները հերթը սրբորեն պահպանում էին, այդ հերթի կարգուկանոնին հետեւողները հույն հոգեւորականներն էին: Միայն հայերն էին, որ Քրիստոսի գերեզման մտնում էին անհերթ, սակայն ոչ այն պատճառով, որ հայերս հերթ կանգնելու կուլտուրա չունենք, հայերիս համար դեպի գերեզման՝ ճանապարհ էին հարթում հայ հոգեւորականները, որոնք հերթից դուրս մեզ «խցկելը» բացատրում էին Քրիստոսի գերեզմանի տարածքից մասնաբաժին ունենալով:

Հայտնի է, որ Երուսաղեմում հայ եւ հույն հոգեւորականներն իրար հետ յոլա չեն գնում եւ միմյանց թշնամաբար են վերաբերվում: Եկեղեցում տարածքի կռիվ տալուց բացի, հայերն ու հույներն ամեն տարի կռվում են, թե Սուրբ Զատիկին ով պետք է առաջինը հանի «Սուրբ ճրագը»: Այն վառվում է հենց գերեզմանի անկյունում: Եվ միայն այս տարի էր, որ հայերի եւ հույների մեջ կռիվ չէր ընկել, սակայն ամեն անգամ, երբ հայ հոգեւորականները անհերթ հայ էին մտցնում Քրիստոսի գերեզման, հույն հոգեւորականները ցուցադրական դժգոհություն էին արտահայտում, սակայն բանը կռվի չէր հասնում: Բայց մեզ հետ պատահած փոքրիկ միջադեպը համարյա տուրուդմբոցի էր հասցնելու հայ եւ հույն եկեղեցականներին:

Հույն հոգեւորականը ապշեց, երբ նկատեց, որ Քրիստոսի գերեզմանի տարածքի «Սուրբ ճրագից» եմ մոմերս վառել: Այսինքն՝ հենց այն ճրագից, որի համար ամեն տարի իրենք կռվում են: Երբ դուրս եկա, նա միանգամից հարձակվեց վրաս՝ պահանջելով անմիջապես հանգցնել մոմերը: Պարզվում է՝ այդ ճրագից մոմեր վառելն ընդհանրապես արգելվում էր. տաճար այցելող բոլոր քրիստոնյաներն իրենց մոմերը վառում էին տաճարի մեկ այլ հատվածում: Հայ հոգեւորականն էլ, տեսնելով, որ հույն հոգեւորականներն ինձ նեղել են, նրանց հրմշտելով պահանջեց ինձ հանգիստ թողնել: Հերթում կանգնած մարդիկ, որոնք մինչ այդ հետեւում էին հայերի ու հույների լեզվակռվին, գլխի ընկնելով, որ իմ մոմերը «Սուրբ ճրագից» են վառված, վայրկյանների ընթացքում ինձ շրջապատեցին՝ աղաչել-պաղատելով, որ իրենց էլ սուրբ կրակից տամ: Մոմերս արդեն վառվել- կես էին դարձել, բայց հավատացյալները չէին թողնում, որ «կրակի գործը» վերջացնեմ:

Հ. Գ. Նշենք, որ հայ, ադրբեջանցի եւ վրացի լրագրողների այցելությունը Իսրայել եւ Պաղեստին՝ «Եվրոպական հարեւանության լրագրական ցանց» ծրագրի կազմակերպիչների նախաձեռնությամբ էր: Կովկասի լրագրողները Իսրայելում եւ Պաղեստինում եղան ապրիլի 11-16-ը՝ արաբա-իսրայելյան կոնֆլիկտի մասին, այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու եւ լուսաբանելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել