Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆԸ

Ապրիլ 28,2010 00:00

Մեր երկրում ոչ այնքան որակյալ հոսթինգ ծառայության համար մի քանի անգամ ավելի պետք է վճարել

Հայկական կայքերի մեծամասնության հոսթինգն (տեղակայում) իրականացվում է ոչ թե Հայաստանում, այլ՝ արտերկրում: Օրինակ, կայքերի հաճախելիության վիճակագրությամբ զբաղվող circle.am-ում գրանցված հայկական կայքերից մոտ 80%-ի հոսթինգն իրականացվում է դրսում: Այնինչ, մեր երկրում կան տեղում հոսթինգ ծառայություն մատուցող կազմակերպություններ, որոնք «պարապ» են մնացել: Նույնը չես ասի այստեղ գործող այն ընկերությունների մասին, որոնք իրենց ծառայությունն առաջարկում են դրսում: Օրինակ, ամերիկյան սերվերի վրա հոսթինգ տրամադրող direct-am ընկերության տնօրեն Հայկ Ասատրյանը նշում է, որ կայքերի պատասխանատուներն ավելի շատ նախընտրում են դրսում հոսթինգ իրականացնել, որովհետեւ մեր երկրում դրանք առավել քան խոցելի են: «Այստեղից դուրս եկող կապուղիների տարողունակությունը շատ քիչ է, երբ դրսից օգտվողների քանակը մի փոքր մեծանում է՝ տեղական կայքերը դրսից վատ հասանելի են դառնում, որի պատճառը Հայաստանի ելքային ինտերնետի հնարավորությունների պակասն է: Մյուս կողմից, գործում է առաջարկի խնդիրը, որտեղ էժան է՝ մարդիկ կընտրեն դա: Քանի դեռ Ամերիկայում $5-ով սերվեր կարող են վարձել, հայկական ցանկացած ծառայություն, որը թանկ կլինի դրանից, անիմաստ է»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության տնօրենը եւ հավելեց, որ ամերիկյան սերվերի համար ամսական վճարում են ընդամենը $200, որն իր մեջ ներառում է նաեւ ծրագրային ապահովումը, աշխատակից ունենալը եւ այլն: Ըստ նրա, տեղական շուկայում նույն ծառայությունը մատուցելու համար պետք է առնվազն 5 անգամ ավելի գումար ներդնել. «Հայաստանում $200-ով միայն աշխատող չես գտնի, որ սերվերը նորմալ վիճակում պահի: Դրանից բացի, այստեղ ստիպված ես բավականին թանկ վճարել նաեւ ինտերնետի համար»:

x-tech ընկերության տնօրեն Արման Աթոյանը ստեղծված վիճակը պայմանավորում է 2 հանգամանքով. նախ անվտանգության խնդիրներն են արտերկրում լուծված, եւ երկրորդ, ավելի էժան ու հարմար պայմաններ են. «Հոսթինգի գինը մեր երկրում դրսի համեմատությամբ մի քանի անգամ բարձր է: Անվտանգության առումով էլ, փորձը ցույց է տվել, որ դրսում ավելի ապահով է, քան՝ այստեղ»: Ըստ մեր զրուցակցի՝ կայքերի հոսթինգը կտեղափոխվի Հայաստան միայն այն դեպքում, երբ ընկերությունները կվերանայեն իրենց գնային քաղաքականությունը, եւ կմեծանա ներքին տրաֆիկի փոխանակումը:

Այս հարցերը լուծելուն է միտված ապրիլի սկզբին ստեղծված «Արմիքս» հիմնադրամը: «Հայաստանում կայքերի հոսթինգ իրականացնելու համար այսօր իդեալական պայմաններ են ստեղծված»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արմիքս» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ, «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը: Նա համաձայն չէ, որ դրսում սերվերի վրա հոսթինգ տրամադրելն ավելի որակյալ է եւ առանձնահատուկ հատկություններ ունի, պաշտպանված է եւ այլն. «Արտաքին կապուղիները մեզ մոտ այժմ արագ են եւ դեպի դուրս հոսքերը՝ դատարկ ու չծանրաբեռնված»: Այն, որ հայկական բնույթի կայքերի 25%-ն էլ Հայաստանում հոսթինգ չեն իրականացնում, Ա. Տոնեյանը բացատրում է հետեւյալ հանգամանքով. «Ժամանակին, «ԱրմենՏելի» մենաշնորհի պատճառով, Հայաստանում ինտերնետը ֆանտաստիկ, անհասկանալի թանկ էր եւ գոնե մի փոքր գումար խնայելու համար ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունները օգտագործում էին միակողմանի արբանյակային կապուղիներ, որը ՀՀ-ում տեղադրված սերվերների համար անհարմար էր»: Նա գտնում է, որ պատկերը բոլորովին այլ է այսօր, եւ սերվերները վաղ թե ուշ կսկսեն տեղափոխել Հայաստան: Ա. Տոնեյանը գտնում է, որ եթե կայքերը մեզ մոտ տեղակայված լինեն, վտանգներն ավելի քիչ կլինեն, այլապես. «Ամբողջ ճանապարհին, սկսած սերվերից մինչեւ ադմինիստրատոր, երբ ինչ-որ ֆայլեր կամ գործողություններ են փոխանակվում, միշտ հավանականություն կա, որ նրանց ծածկագիրը (password), օգտագործողի անունը (username) կարող է հասանելի լինել ուրիշներին»:

Ինչ վերաբերում է Հայաստանում հոսթինգ ծառայության գներին, Ա. Տոնեյանը նշում է. «Բաժանորդների քանակն ավելանալու դեպքում գները մեծ տեղ ունեն նվազելու, բայց քանի դեռ փոքր քանակությամբ օգտագործողներ կան, գինը բարձր կլինի, որովհետեւ տարբեր ծախսեր անելով եւ քիչ բաժանորդ ունենալով՝ շահույթը քիչ է լինում, ու ստիպված ես արժեքը մի քանի անգամ բարձրացնել: Մյուս կողմից, հոսթինգի գինը փոքր կոմպոնենտ է, շատ ավելի կարեւոր է որակը, ապահովությունը, դրսից հասանելի լինելը եւ այլն»: Իհարկե, որակը կարեւոր է, բայց սովորական հայաստանցու համար պակաս կարեւոր չէ նաեւ մատչելի գինը, եւ եթե ընկերությունների ղեկավարները սպասեն, թե երբ է իրենց թանկ ծառայություններից օգտվողների թիվը ավելանալու, որպեսզի գինը նվազի, ապա քիչ հավանական է, որ հայկական կայքերի հոսթինգը մի օր կտեղափոխվի Հայաստան: Արդյունքում, ինչպես ՀՀ տնտեսության շատ բնագավառներում, այստեղ էլ գումարները ոչ թե սեփական երկրում կշրջանառվեն, այլ՝ արտերկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել