Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ՝ Որակի ազգային ենթակառուցվածքում

Ապրիլ 28,2010 00:00

«Հայաստանի որակի ենթակառուցվածքներ. առկա իրավիճակը, հետագա կարիքները եւ պահանջվող փոփոխությունները» թեմայով սեմինար-քննարկումը երեկ նույն հարկի տակ համախմբել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԵՄ խորհրդատվական խմբի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

Հայաստանի որակի ազգային ենթակառուցվածքի (ՈԱԵ) բարեփոխման ծրագիրն արդեն արժանացել է կառավարության հավանությանը: Նշենք, որ ՈԱԵ եզրույթը վերաբերում է պետական եւ մասնավոր ամբողջական ենթակառուցվածքին, որն անհրաժեշտ է իշխանությունների կամ շուկայի կողմից պահանջվող՝ սահմանված պահանջներին ապրանքների եւ ծառայությունների համապատասխանությունն ապացուցելու համար ստանդարտացման, չափագիտության, ստուգման, փորձարկման, սերտիֆիկացման եւ հավատարմագրման ծառայությունների ստեղծման եւ իրականացման նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ բարեփոխումների արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տասը տարիներին. «Անհրաժեշտ է հսկողի հոգեբանությունից անցում կատարել ծառայություն մատուցողի հոգեբանությանը, որակի ազգային ենթակառուցվածքը այս խնդրով տառապում է: Մասնավոր հատվածը պետք է ընկալի երկարաժամկետ կամ ընդհանրապես բարեփոխման օգուտները, որովհետեւ լինելու են կարճաժամկետ ծախսեր: Այս համակարգը չի կարող կայանալ, եթե պետությունը իր հսկողական գործառույթները չդարձնի թափանցիկ եւ չափելի, ընդհանուր համակարգի արդյունավետությունը չափելու տեսակետից տեսչական բարեփոխումները էական նշանակություն ունեն: Մեր համակարգերը ոչ միայն պետք է բարեփոխվեն, այլեւ պետք է ճանաչվեն միջազգային հեղինակությունների կողմից, այդ ուղղությամբ էլ լրջորեն աշխատելու ենք»:

Նախարարը նաեւ ասաց, թե որակի արդյունավետ եւ միջազգայնորեն ներդաշնակ ազգային ենթակառուցվածքը կնպաստի Հայաստանի համաշխարհային մրցունակությանը՝ բարելավելով հայրենական արտադրության ապրանքների ու ծառայությունների որակն ու անվտանգությունը եւ առեւտրի տեխնիկական խոչընդոտների նվազեցման միջոցով կաջակցի ԵՄ երկրներ առեւտրի առավել մեծ ինտեգրմանը: Համաշխարհային բանկի փորձագետ Ժան-Լուի Ռասինը ներկայացրեց 2009-2010թթ. որակի ազգային ենթակառուցվածքի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունը, որտեղ արձանագրել են, թե ձեռնարկությունները լուրջ թերություններ են դրսեւորում որակի արդի գործելակերպերի ընդունման հարցում, որակին առնչվող ծառայությունների, օրինակ՝ սերտիֆիկացման, փորձարկման եւ ստուգաչափման հարցում եւ եզրահանգել են, որ թույլ շուկան լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանում ապրանքների որակի համար: Համաշխարհային բանկը նաեւ արձանագրել է, որ գործող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ դաշտը հիմնականում չի համապատասխանում միջազգային փորձին եւ հանգեցնում է անարդյունավետ որակի ազգային ենթակառուցվածքների:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանն էլ կարեւորեց բարեփոխումների նախագիծը. «Մեզ համար բավականին կարեւոր է բարեփոխումների այս շարքը: Մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ, այս ոլորտը ամենակոռումպացված ոլորտն է, այսօր ունենք համակարգ, որը չի գործում, օրինակ՝ մենք ունենք սննդամթերքի պարտադիր սերտիֆիկացում, բայց շուկայում կան բազմահազար վտանգավոր սննդամթերքներ, շուկայում ունենք չմակնշված հազարավոր ապրանքներ, իսկ այս խնդիրը հատուկ չէ եվրոպական երկրներին, ինչպես մեր երկրում է՝ գույն տվող կոշիկները երբեք չեն կարող թափանցել Եվրոպա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել