Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեղծել Ցեղասպանության ինստիտուտ

Ապրիլ 28,2010 00:00

Երեկ առաջարկեց դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանը

Ազգային ժողովի հայտարարությունները երեկ հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններում նախաձեռնողական քաղաքականության արդյունքում ՀՀ միջազգային դիրքերն ամրապնդվեցին, եւ աշխարհը համոզվեց, որ ի դեմս Սերժ Սարգսյանի, գործ ունի կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ հետ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ողջունելի է, որ վերջապես մեր իշխանությունները սկսել են հասկանալ, որ թուրքերի հետ իրենց նախապայմաններով, մեր վզին փաթաթած նախապայմաններով բանակցելը վտանգավոր է»: Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ «Ճիշտ ընթացակարգը պիտի լիներ հետեւյալը, եւ դա է բխում ՀՀ նախագահի հրամանագրից՝ հետ տանել արձանագրությունները՝ վերադարձնելու կամ չվերադարձնելու կամ՝ վերապահումներով վերադարձնելու համար»:

Վահան Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ ճիշտ կլիներ արձանագրությունների տակից ստորագրությունը հետ վերցնել, որովհետեւ դրանց առկայության դեպքում Հայաստանը ենթակա է ճնշումների: «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հարցրեց. «Ինչո՞ւ չի կարելի լսել սեփական երկրի, ազգի, քաղաքացու ձայնը, չէ՞ որ ժամանակին զգուշացրել էինք գործընթացի անհեռատեսության մասին, առաջարկել օգնություն՝ նվազագույն կորուստներով՝ այս գործընթացն ավարտելու համար»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Մենք նորից կանգնած ենք երկընտրանքի առջեւ՝ կամ ապրել ճորտի պես, կամ ունենալ անկախ պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ցավալի է, բայց փաստ՝ այսօր հայ ժողովուրդը դարձյալ պատերազմի մեջ է, միայն այն վատթար տարբերությամբ, որ պատերազմում է երկրի իշխանությունների հետ, որոնք հայ ազգի ներկայացուցիչներ են եւ պահանջում են հավատարմություն ոչ թե համազգային գաղափարներին ու նպատակներին, այլ սեփական անձերին ու իշխանախմբերին»: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը հայտարարեց, որ ժամանակն է ունենալ Ցեղասպանության ինստիտուտ կամ Ցեղասպանությունն ուսումնասիրող կենտրոն. «Ես բարձր եմ գնահատում Ցեղասպանության թանգարանի գործունեությունը, բայց այն, ինչ առաջարկում եմ, իր գործառույթներով շատ ավելի մեծ է: Այդ կենտրոնը իր շուրջը կհավաքի ոչ միայն հայ գիտնականների, այլեւ Ցեղասպանության հարցերով զբաղվող օտար գիտնականների: Կարծում եմ՝ արդեն վաղուց ժամանակն է, որ մեր երկրում պատրաստվեն նաեւ ցեղասպանագետներ, եւ այս նպատակի համար առաջարկում եմ, որ ԵՊՀ-ում ստեղծվի Ցեղասպանության ամբիոն կամ բաժին»: Պատգամավորն առաջարկեց նաեւ ստեղծել «Հայկական հարցի պատմության» դասագիրք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել