Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ «ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Ապրիլ 28,2010 00:00

Դատելով երեկ ԵԽԽՎ-ում քննարկման ընթացքում հայ եւ ադրբեջանցի կին պատվիրակների ելույթներից՝ սա խի՜ստ վիճահարույց հարց է:

\"\"

ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց Ֆինլանդիայի պատվիրակ Կրիստա Կիուրուի հեղինակած զեկույցը եւ ընդունեց բանաձեւ՝ «Եվրոպայում չլուծված հակամարտությունների կարգավորման եւ կանխարգելման գործում կանանց ներգրավվածության մասին»: Ընդունված բանաձեւում ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում, որ այն տարածաշրջաններում, որտեղ կան հակամարտություններ՝ «կանայք շատ հաճախ են անտեսվում ճգնաժամային կառավարման ու խաղաղ բանակցությունների գործընթացներում»: Մինչդեռ, ըստ Կրիստա Կիուրուի, կանանց ավելի մեծ ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացում եւ քաղաքական կյանքում՝ հակամարտությունների կարգավորման առումով՝ «նոր լիցք կհաղորդի երկխոսության գործընթացին եւ միջնորդական ջանքերին»: Ի դեպ, բանաձեւում նաեւ այսպիսի դրույթ կա. «Եվրոպայում դեռ կան շատ ակտիվ կամ «սառեցված» հակամարտություններ: Լինի դա Ադրբեջանում (Լեռնային Ղարաբաղ)…»:

Ըստ այս զեկույցի՝ ԵԽԽՎ-ն պետք է առաջարկի ԵԽ նախարարների կոմիտեին ապահովել տղամարդկանց ու կանանց հավասարակշիռ ներկայացվածությունը հակամարտությունների կարգավորմանն աջակցող մարմիններում. «Եվ անհապաղ ընդունել երաշխավորություններ՝ տղամարդկանց ու կանանց դերի մասին հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման առումով»:

Այս զեկույցի քննարկման ընթացքում «սառեցված հակամարտություն» ունեցող երկու երկրների ներկայացուցիչների ելույթները լավագույն ապացույցը դարձան, թե որքանով են իրատեսական ֆինն պատվիրակի առաջարկները:

Նախ ելույթ ունեցավ Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւան, որը բնականաբար՝ գոհունակություն արտահայտեց, թե զեկույցում ինչպես է անդրադարձ արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Շարունակությունն էլի նույն պնդումներն էին՝ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի, ադրբեջանցի 1 մլն փախստականների մասին եւ այլն: Սակայն այս անգամ մշտական հանգերգում հնչեցին նոր նոտաներ: «Ադրբեջանցի հարյուրավոր կանայք եւ աղջիկներ, որոնք պատանդ էին վերցվել՝ ավելի քան 15 տարի գերության մեջ են եղել եւ ամեն օր ենթարկվել բռնության»,- հայտարարեց Գանիրա Փաշաեւան: Սա դեռ ամբողջը չէ: Գանիրա Փաշաեւան հետո հայտարարեց, թե որպես խորհրդարանի պատգամավոր՝ ներկայացնում է մի տարածաշրջան, որը սահմանակից է Հայաստանին. «Նույնիսկ այսօր հայկական դիպուկահարները կրակում են ադրբեջանական գյուղերի վրա՝ Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներից՝ սպանելով ու վիրավորելով կանանց, որոնք աշխատում են իրենց բակերում ու դաշտերում: Վերջերս հայկական զինված ուժերի դիպուկահարները լրջորեն վիրավորել են դպրոցի տնօրենի, որը աշխատանքի էր գնում: Ես մի շարք երկրների դեսպաններ եմ հրավիրել այն գյուղերը, որտեղ նման դեպքեր են եղել, եւ նրանք սարսափահար էին»:

Հետո ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը, որը մասնավորապես հայտարարեց. «Ես միանշանակ համաձայն եմ զեկույցում հնչած առաջարկին, որ այն անձինք, ովքեր հակամարտությունների ժամանակ եւ դրանցից հետո կանանց նկատմամբ որեւէ տեսակի բռնություն են իրականացրել, պետք է հանձնվեն արդարադատությանը։ Ես այս դրույթի վրա կուզենայի, որ մենք հատուկ ուշադրություն դարձնենք։ Այլապես, այս ամբիոնից հնչած ցանկացած՝ անգամ ամենաճիշտ միտքը կարող է ոչինչ չարժենալ, եթե մենք հետամուտ չլինենք, որ նման հանցագործություններ իրականացրած անձինք պատժվեն՝ անկախ հանցագործության վաղեմության ժամկետից։ Ես իմ խոսքը կհաստատեմ կոնկրետ օրինակներով, որոնց կատարողներն առ այսօր իրենց պատիժը չեն ստացել»: Եվ սկսեց պատմել 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանցիների կողմից Մարաղա գյուղը թալանելու եւ այրելու մասին՝ վկայակոչելով ականատեսին՝ Բրիտանիայի պառլամենտի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին. «Դա մեր օրերի Գողգոթան էր, մարդկության դեմ իրականացված իրական ցեղասպանություն»։ Նաիրա Զոհրաբյանը հավելեց. «Բոլոր նրանք, ովքեր ապրիլի 10-ին չհասցրին լքել գյուղը՝ մորթվեցին, այրվեցին կամ գերի վերցվեցին։ 100 մարդու սպանել են ամենադաժան ձեւերով՝ այրել են, անդամահատել, անգամ սղոցել, որոնցից 30-ը կանայք են եղել։ 63 մարդու, այդ թվում 9-ը երեխայի, գերի են վերցրել, որոնցից շատերին այնուհետեւ դաժանաբար սպանել են. մերկացրել, նրանց վրա բենզին են լցրել ու այրել։ Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին՝ ծնողների եւ զավակների աչքի առաջ։ Ուզում եմ Վեհաժողովին հիշեցնել, որ այդ ամենից հետո Մարաղայի ցեղասպանության կազմակերպիչ Շահին Թալիբօղլի Թագիեւը արժանանում է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման։ Իսկ մենք, ձեզ հետ միասին, այստեղ խոսում ենք պատասխանատվության մասին»:

Այս քննարկմանը միայն երկու տղամարդ մասնակցեցին, ու նրանցից մեկն Արմեն Ռուստամյանն էր: Նա էլ նշեց, թե Ադրբեջանի պետական քարոզչությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում 1992-ի դեպքերը ներկայացնում է իբրեւ Հայաստանի կողմից ադրբեջանական գյուղերի ջարդ: Մինչդեռ ականատեսների վկայությունները եւ դեպքերի լուսանկարները ցույց են տալիս, որ այդ մեղադրանքներն անհիմն են: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ կա վկայություն, որ հայկական բանակը միջանցք է տրամադրել այդ գյուղերի բնակչությանը՝ հեռանալու համար: Նա նաեւ նշեց, թե Ադրբեջանի պետական կայքերում կարելի է հանդիպել զեղծարարության ավելի ակնառու օրինակների: Մասնավորապես, ներկայացվում են երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի օրինակներ՝ պնդելով, թե դրանք հայ մայրեր են: Մինչդեռ տվյալներ կան, որ դրանք Հայաստանի սահմաններից դուրս կատարված դեպքեր են:

Ուշագրավ է, որ նման քննարկումից հետո Կրիստա Կիուրուն իր ամփոփիչ ելույթում էլի շարունակեց պնդել. «Սեռը ճգնաժամերի կառավարման գործիք է եւ պետք է ճանաչվի որպես այդպիսին: Այս քննարկումն իրոք ապացույց դարձավ, որ ճգնաժամի կառավարումը բարելավվում է, երբ հաշվի է առնվում սեռը»: Նաեւ ասաց. «Մենք պետք է մեծացնենք կանանց մասնակցությունը հակամարտությունների կարգավորման վաղ փուլում», եւ հավելեց, թե պետք է թույլատրել կանանց մասնակցությունը խաղաղարար ուժերի գործողություններին: Ու թեեւ զեկուցողն անդրադարձավ շատ ելույթների, բայց որեւէ կերպ չհիշատակեց հայ եւ ադրբեջանցի պատվիրակների հայտարարությունները, որոնք թերեւս իմաստազուրկ էին դարձնում իր առաջարկը՝ կանանց ներգրավել իբրեւ խաղաղարար միջնորդների:

Հ. Գ. Ի դեպ, այս քննարկման նախօրեին lragir.am-ի մեկնաբանն անդրադառնալով մոդել Քիմ Քարդաշյանի քաղաքական հայտարարություններին՝ նշել էր. «Ըստ երեւույթին, ժամանակն է, որ պաշտոնական Երեւանն ուշադրության արժանացնի հրապուրիչ Քիմի դիվանագիտական պոտենցիալը: Ինչպես երեւում է, Քիմն ունի բացառիկ դիվանագիտական հոտառություն, եւ երբ պետք է՝ տալիս է, երբ պետք է՝ պահանջում է: Երբ հայ-թուրքական արձանագրությունները նոր էին ստորագրվել, Քիմը հայ-թուրքական գործընթացին տալիս էր իր հավանությունը: Հիմա, երբ արձանագրությունների վավերացման գործընթացի մասին հայտարարություն է արվել Հայաստանում, Քիմը հանդես է գալիս պահանջատիրության դիրքերից: Նա դրսեւորում է հմուտ դիվանագետի հատկանիշներ, որոնք չօգտագործելը կլինի աններելի սխալ: Իսկական ժամանակն է Քիմ Քարդաշյանին նշանակել ՀՀ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել