Երեկ այդ մասին են խոսել ԵԽ գլխավոր քարտուղարը եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը: Եվ պարզաբանումներով է հանդես եկել Թուրքիայի պատվիրակության ղեկավարը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ինչպես մեզ Ստրասբուրգից հեռախոսով հայտնեց պրն Հարությունյանը՝ քննարկման հիմնական թեման օրեր առաջ ԵԽ գլխավոր քարտուղարին եւ ԵԽԽՎ նախագահին իր հասցեագրած նամակն էր (տես՝ «Առավոտի» ապրիլի 16-ի համարը), որով առաջարկել էր անդրադառնալ Թուրքիայի վարչապետի հայտարարություններին՝ հայերին արտաքսելու մտադրության վերաբերյալ: Նա պատմեց. «Հանդիպման ընթացքում նշեցի մեր մտահոգությունը, որ անշուշտ՝ յուրաքանչյուր երկիր ազատ է կիրառել իր միգրացիոն օրենսդրությունը, սակայն միգրացիոն օրենսդրության կիրառումը հատկապես որոշակի ազգի նկատմամբ արդեն քսենոֆոբիայի արտահայտություն է: Մտքեր փոխանակեցինք այդ հարցի վերաբերյալ»:
ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Էրոլ Ասլան Ջեբեջին ապրիլի 23-ին ԵԽ նախագահին, ԵԽԽՎ նախագահին եւ ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակություններին ուղղված նամակով պատասխանել է Դավիթ Հարությունյանի վերոհիշյալ նամակին. «Այդ նամակը հիմնված է «BBC Radio» եւ «Der Spiegel» ամսագրում մեր վարչապետի հայտարարությունների կոպիտ խեղաթյուրման վրա: Թույլ տվեք հստակեցնել, որ Թուրքիայի վարչապետը երբեք սպառնալիքներ չի արել իր հայտարարություններից եւ ոչ մեկում՝ Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ: Թուրքիայի վարչապետը երկու հարցազրույցներում էլ ասել է, որ ՀՀ քաղաքացիների որոշակի քանակ ապրում եւ աշխատում է Թուրքիայում, եւ նրանցից շատերը չունեն կեցության օրինական իրավունք կամ/եւ աշխատանքի թույլտվություն: Դրանից հետո նա ակնարկել է, որ այդ մարդկանց նկատմամբ հանդուրժողականության որոշակի աստիճան է ցուցաբերվել եւ Թուրքիային դրա համար արժանին չի մատուցվել: Ուստի սխալ եւ անարդար է պնդելը, թե այդ հայտարարություններն ունեն խտրական բնույթ:
Տնտեսական պայմանները, ինչպես նաեւ ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները Թուրքիայում ավելի պակաս զարգացած երկրների բնակիչներին գրավում են գալ Թուրքիա՝ բարեկեցիկ կյանքի համար: Այս առնչությամբ հարկ է ընդգծել, որ ՀՀ շատ քաղաքացիներ, որոնք ապօրինի կարգավիճակ ունեն Թուրքիայում՝ բացահայտ նշում են այն լավ պայմանները, որի ականատեսն են Թուրքիայում, եւ իրենց հարմարավետ են զգում այստեղ: Ես հասկանում եմ, որ այս իրավիճակը մտահոգություն է առաջացրել հայկական պատվիրակության ղեկավարի համար:
Բացի այդ, Հայաստանի պատվիրակության ղեկավարը նամակում շահարկում է հարցեր, որոնք Թուրքիայի վարչապետի հայտարարության շրջանակներից դուրս են՝ պատմության վերաբերյալ վճիռների կայացում եւ ապագայի վերաբերյալ գուշակություններ, ինչից եւ ոչ մեկը բնորոշ չէ խորհրդարանականի համար»:
Ջեբեջին նամակում նաեւ պատասխանել է Հայաստանի պատվիրակության ղեկավարի նամակում առկա այն փաստերին, թե Թուրքիան չի վավերացնում խտրականությունը բացառող կամ միգրանտների իրավունքները պաշտպանող համաձայնագրերը կամ վերապահումներ է անում: Նա նշել է. «Ցանկացած երկիր ազատ է դառնալ միջազգային համաձայնագրի անդամ, ստորագրել կամ վավերացնել այն: Հայտարարություններ կամ վերապահումներ անելն այդ համաձայնագրի վերաբերյալ պետության անվիճարկելի ինքնիշխան իրավունքն է: Պրն Հարությունյանը, ըստ այդմ, իրավասու չէ քննարկել Թուրքիայի դիրքորոշումը ՄԱԿ-ի եւ ԵԽ համաձայնագրերի վերաբերյալ:
Թուրքիայի պատվիրակության անդամների անունից ցանկանում եմ արտահայտել իմ խորն ափսոսանքը պրն Հարությունյանի անտեղի եւ ապակողմնորոշիչ նամակի կապակցությամբ: Նման փորձերը չեն նպաստում՝ ստեղծելու անհրաժեշտ պայմաններ երկու երկրներում կարգավորման գործընթացի համար»: