Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԱԶԱԾ ՆՅՈՒՐԵՆԲԵ՞ՐԳ

Ապրիլ 28,2010 00:00

\"\"Նախկին դաշնակցական պատգամավորի նոր հայացքը՝ հին հարցերին

«Հայ-թուրքական արձանագրություններին ոչինչ եւ ոչ ոք չի սպառնում, որովհետեւ այդ արձանագրությունները միտված են ավելի մասշտաբային խնդիրների լուծման, քան են հայ-թուրքական առնչությունները»,- ի հեճուկս հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կոալիցիայի որոշումից եւ նախագահի ուղերձից հետո հնչող տեսակետների, թե՝ «արձանագրությունները մեռան», համոզված է ԳԽ նախկին դաշնակցական պատգամավոր Գագիկ Հովհաննիսյանը: Ըստ «Առավոտի» զրուցակցի՝ մակերեսային-զգացական մոտեցման դեպքում, ինչով աչքի են ընկնում այս արձանագրությունների եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների հակառակորդները, կարող է ձեւավորվել տպավորություն, որ հայկական կողմը դուրս է գալիս կամ քայլ է անում դուրս գալու բանակցություններից. «Քարոզչական նկատառումներով դա չափազանց շահեկան է, սակայն իրականում այդ հրամանագիրը արձանագրությունների հետ որեւէ առնչություն չունի»,- կարծում է մեր զրուցակիցը:

Հասկանալու համար այս հրամանագրի տրամաբանությունը, նախկին պատգամավորն առաջարկում է նախեւառաջ հետադարձ հայացք գցել ուղիղ մեկ տարի առաջ սկսված եւ արդեն մեկ տարի անարդյունք շարունակվող գործընթացի շուրջ ձեւավորված քաղաքական մթնոլորտին, որը, ըստ նրա, առ այսօր մնում է արձանագրությունների վավերացման հիմնական խոչընդոտը: «Թե մեր, թե Թուրքիայի՝ գործընթացին անպատրաստ լինելը հարուցեցին բազմաթիվ հարցեր, որոնց լուծումը առաջին հերթին պահանջում է ժամանակ: Եվ միջազգային հանրությունը կանգնել է առկա բարդույթները հաղթահարելու փաստի առաջ: Այդ բարդույթների վկայությունը արձանագրությունների նկատմամբ վերաբերմունքն էր: Եվ Թուրքիայում, եւ Հայաստանում դրանք որակվեցին որպես դավաճանական: Իսկ պատմաբանների հանձնաժողովի մասով ՀՀ նախագահը մեղադրվեց Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ առնելու եւ կատարված ոճիրը ուրանալու մեջ: Եվ չնայած արձանագրությունների ստորագրումից հետո Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ստացավ աննախադեպ բնույթ, այդուհանդերձ, մեղադրանքները շարունակվում են տեղալ նույն կրքով»,- փաստում է մեր զրուցակիցը: Գագիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ այսօր էլ բաց է մնում այն հարցը, թե իրականում ով է կասկածի տակ առնում Ցեղասպանության իրողությունը. մե՞նք՝ պատմաբանների հանձնաժողովի առիթով սանձազերծած մեր հիստերիայով, թե՞ թուրքերը, որ իրենց քայլերով հասկացնում են մեզ, որպեսզի «օգնենք իրենց՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»: «ՀՀ նախագահի այս առեղծվածային ձեւակերպումը, սակայն, ազգայնական հարայ-հրոցի մեջ մատնվեց կատարյալ անուշադրության: Եվ ո՞վ կարող է ասել, թե հենց այս հանձնաժողովը չէ նախագահի երազած Նյուրենբերգը»,- հարցնում է նախկին պատգամավորը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, մեր զրուցակցի կարծիքով՝ այստեղ արձանագրությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների առիթով ձեւավորված դիմակայությունն ու այս տիրույթում թուրքական իշխանությունների քաղաքական փորձարկումները, մերժողական մտայնությունը պարզ խոչընդոտից վերածվեցին արձանագրությունները տապալելու սպառնալիքի: Ուստի ՀՀ նախագահի հրամանագիրը, «Առավոտի» զրուցակցի կարծիքով, պետք է դիտարկել հենց այս իրողության համատեքստում. «Այդ հրամանագիրը նշանակալի է նրանով, որ աշխատում է միանգամից երկու ուղղությամբ: Առաջին ուղղությունը, բնականաբար, արտաքին քաղաքական ուղղությունն է, երկրորդը՝ ներքին: Առաջին դեպքում օգնում է Թուրքիային՝ դուրս գալ իր իսկ հյուսած ղարաբաղաադրբեջանական նախապայմանների սարդոստայնից եւ արձանագրությունների վավերացման ուղղությամբ կատարել վճռական քայլ: Երկրորդ՝ ներքաղաքական ուղղությամբ սեփական ազգայնականներին տալիս է հնարավորություն՝ ի լուր աշխարհի հայտարարելու, որ այս հրամանագիրը ստեղծվեց միայն ու միայն իրենց անդուլ պայքարի արդյունքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել