Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱԳՈՒՀԻՆ» ՀԱՂԹԵՑ «ՀՐԵՇԻՆ»

Ապրիլ 27,2010 00:00

\"\"Ու այդ հաղթանակը նվիրեց համայն հայությանը

Ապրիլի 24-ի ուշ երեկոյան Համբուրգի «Sporthalle» մարզահամալիրում մինչեւ 50,8 կգ քաշային կարգում WBA/WIBF/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, նույն ինքը՝ «Մարդասպան Թագուհին», տասը ռաունդում միավորներով (96:94, 96:94, 95:96) հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Նադյա Ռաոուիին, որի մականունը «Գեղեցկուհի Հրեշ» է, եւ պաշտպանեց իր բոլոր գոտիները:
Ռաոուին նույնպես մինչ այս մենամարտը ոչ մի պարտություն չուներ:
Ստացվել էր այնպես, որ պրոֆեսիոնալ ռինգում Սյուզիի 27  հաղթանակների շարքում վերջին երկուսն առանձնահատուկ նշանակություն ունեին: 2009թ. հոկտեմբերի 10-ին Կենտիկյանի մրցակիցը ծագումով թուրք Յուլյա Սահինն էր, որին հաղթելն արժանապատվության խնդիր էր, իսկ Ռաոուիի հետ մարտն ապրիլի 24-ին էր՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի 95-րդ տարելիցի օրը: Իսկ այս պարագայում պարտվելը, պարզապես, անթույլատրելի էր:
Նադյայի հետ մենամարտից մի քանի ժամ առաջ հեռախոսազրույց ունեցանք Սյուզիի հետ: Նա հանգիստ էր, ինքնավստահ: Հարցին՝ հիշո՞ւմ է, թե մարտի օրն ի՞նչ խորհուրդ ունի ամբողջ աշխարհի հայության համար, Սյուզին պատասխանեց. «Իհարկե, հիշում եմ: Ապրիլի 24-ն է: Դրա համար էլ հաղթելու համար ոչինչ չեմ խնայելու ու անելու եմ ամեն բան, որպեսզի աշխարհն իմանա, որ հայերը երբեք չեն ընկճվում ու նաեւ հաղթել գիտեն: Այս մենամարտն այդ առումով բոլորիս համար մեծ խորհուրդ ունի»:
Արդեն հաղթանակից հետո կրկին խոսեցինք Սյուզի Կենտիկյանի հետ:
– Հաղթանակը դժվար տրվեց: Բայց պետք է, որ գոհ լինես:
– Այո, շատ դժվար էր: Եվ ուրախ եմ, որ կարողացա պարտության մատնել մրցակցիս: Ինչպես ասել էի մարտից առաջ մեր զրույցի ժամանակ, այս հաղթանակը նվիրում եմ ամբողջ հայ ժողովրդին: Շնորհակալ եմ բոլորին՝ ինձ այս աստիճան երկրպագելու եւ թեկուզ հեռվից աջակցելու համար: Ես բոլորիդ սիրում եմ: Հնարավոր է, որ Նադյայի հետ մի հինգ-վեց ամսից նորից ռինգում հանդիպեմ:
– Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը:
– Մեր երկրորդ հանդիպումը դեռ հարյուր տոկոսով չէ: Բայց կարող է կայանալ, որովհետեւ այս հաղթանակն այն կերպ չստացվեց, ինչպես կուզեի:
– Եթե, Աստված մի արասցե, պարտվեիր, երեք գոտիներն էլ կորցնելո՞ւ էիր:
– Այո:
– Իսկ Նադյա Ռաոուին գոտի չկորցրե՞ց:
– Նա ինչ-որ գոտի ուներ, բայց դա ինձ չէր հետաքրքրում, պետք չէր:
– Այդ դեպքում աչքիդ առաջ արժանի ի՞նչ նոր գոտի ունես նվաճելու:
– WBC-ի չեմպիոնականը, որը իտալացու ձեռքում է:
– Հիմա ի՞նչ ծրագրեր ունես:
– Առայժմ պիտի մի քանի օր հանգստանամ: Արդեն հանդիպումների հրավերներ ունեմ, որոնց պիտի գնամ: Դրանից հետո կերեւա:
– Հաջորդ մրցակիցդ ո՞վ է լինելու:
– Չգիտեմ: Ժամանակ դեռ կա: Երեւի մեկ ամսից ինչ-որ բան կիմանամ:
– Լրատվամիջոցների տեղեկացմամբ, դու հայտարարել ես, թե Նադյային հաղթելուց հետո քաշային կարգդ փոխելու ես: Դա ճի՞շտ է:
– Առայժմ կմնամ այս քաշային կարգում: Անելիքներ դեռ էլի ունեմ: Հետո կտեսնենք:
– Հայաստան գալո՞ւ ես: Եթե այո՝ մոտավորապես ե՞րբ:
– Անպայման գալու եմ: Բայց կոնկրետ ժամանակ առայժմ դժվարանում եմ նշել: Գուցե՝ մայիսի վերջին, հունիսին կամ՝ մի փոքր ավելի ուշ:
– Քեզ այստեղ բոլորը սիրում են ու անհամբեր սպասում:
– Ես դա տեսա անցած տարի՝ Հայաստան առաջին այցելությանս օրերին: Մինչեւ հիմա ամեն մի օրը հիշում եմ ու սիրտս ուռչում է: Ես էլ արդեն առանց Հայաստանի ինձ լիարժեք չեմ զգում: Այնպես որ, մեր նոր հանդիպումը շատ չի ուշանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել