Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվեց Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների եւ թավջութակահարների հանրապետական 8-րդ մրցույթը: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1987 թվականին: Կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը: Ավանդական դարձած մրցույթին այս տարի մասնակցում են մարզերի եւ մայրաքաղաքի 24 պատանի երաժիշտներ: Մասնակիցների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ, նվազել է:
Մրցույթի ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը, անդամներն են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ, ջութակահարուհի Սյուզի Երիցյանը, ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը, թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանը եւ այլք: Մրցույթի 1-ին փուլը տեղի կունենա այսօր, 2-րդ փուլը՝ ապրիլի 29-ին, հանդիսավոր փակումը եւ գալա համերգը՝ ապրիլի 30-ին: Դափնեկիրներին կտրվեն պատվոգրեր եւ դրամական շնորհներ, սահմանված է նաեւ հատուկ մրցանակ, որը կհանձնի մրցույթի առաջին դափնեկիրը՝ թավջութակահար Միքայել Հախնազարյանը: