Լրահոս
Օրվա լրահոսը

Բարաթովի հերթական գիրքը՝ ղարաբաղյան քրոնիկոնը

Ապրիլ 27,2010 00:00

Հեղինակը մտահոգված է, որ պետականորեն չենք պայքարում թուրքական եւ ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ:

\"\"
Սերո Խանզադյանը (ձախից), Բորիս Բարաթովը, ռեժիսոր Պավել Չաքմիշյանը:

Սցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր, տասնյակ վավերագրական ֆիլմերի հայազգի հեղինակ Բորիս Բարաթովի անունը շատերին է հայտնի: Մոսկվայում ծնված ու մեծացած, արցախյան արմատներով Բարաթովը նրանցից է, ովքեր, հայրենիքից հեռու բնակվելով, այսօր էլ պահում են հարազատ երկրի հետ կապը, հաճախ այցելում, տեսածն ու զգացածը ֆոտոխցիկի եւ գրչի միջոցով ներկայացնում աշխարհին: «Պատուհան դեպի աշխարհ», «Կլոր սեղան», Վազգեն Առաջինի մասին պատմող «Սբ. Էջմիածին», Մարտիրոս Սարյանին նվիրված՝ «Պար» ֆիլմերը, ինչպես նաեւ BBC-ի միջազգային վավերագրական ֆիլմերի շարքում առաջին մրցանակի արժանացած «Քարերը» հենց այդ այցելությունների ծնունդ են: Մեր հայրենակիցը կարճ ժամանակով կրկին Երեւանում է: «Առավոտի» հետ հադիպման առիթը նրա վերջին՝ այս տարվա հունվարին հրատարակված «THE CHRONICLES OF KARABAKH 1989-2009» գիրքն է: Սա էլ, ինչպես նախորդները՝ «Արցախի հրեշտակը», «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ», «Հայ առաքելական եկեղեցի – 1700» («The Armenian apostolic church-1700»), «Արմենիադա» («ARMENIAD»), «Երուսաղեմ. ճամփորդություն դեպի Սուրբ երկիր» գիրք-ալբոմները, տպագրվել է Իտալիայում: Նրա գրքերի խմբագիրը կինն է՝ Աննա Պետրոսովան: 14 գլխից բաղկացած «Երուսաղեմ. ճամփորդություն դեպի Սուրբ երկիր» գիրք-ալբոմը յուրօրինակ ուղեցույց է նրանց համար, ովքեր ցանկություն ունեն Երուսաղեմ, Բեթղեհեմ, Նազարեթ եւ մնացած սուրբ վայրերն այցելել, ծանոթանալ հայկական Երուսաղեմի 2000-ամյա պատմությանը, գոյություն ունեցող ու անխղճորեն ավերված եկեղեցիներին ու վանքերին: Ինչ վերաբերում է գրքերի՝ Իտալիայում տպագրմանը, մեր զրուցակիցն ասում է. «Ինչպես լավ մեքենաներն են Գերմանիայում արտադրվում, որակյալ գրքերի հայրենիքն էլ Իտալիան է: Չինաստանում գիրք տպագրելն ավելի մատչելի է, բայց այնտեղ, ինչպես եւ Ռուսաստանում կամ Հայաստանում, դա որակյալ չի արվում, գիրքը ժամանակի ընթացքում կորցնում է իր տեսքը»:
«Ղարաբաղյան քրոնիկոնի» վրա Բարաթովն աշխատել է 20 տարի: Այն 4 գլխից է բաղկացած. «Հրեշտակը» առաջինն է՝ արված պատերազմից առաջ: Անվանումը գալիս է ղարաբաղցի հայտնի քանդակագործ Արմեն Հակոբյանի «Հրեշտակ» քանդակից: Գրքի հաջորդ մասը պատերազմն է՝ «Մահանալ Ղարաբաղում», 3-րդը՝ «Ավերված դրախտը», վերջին մասը վերնագրված է «20 տարի անց»: «Սկսել եմ կենդանի մարդկանցից, որոնք չնայած իրենց հերոս չեն համարում, բայց իսկական հերոսներ են: Գրքում, ինչպես Բախի երաժշտության դեպքում, սկզբում հիմնական թեման է, հետո հեռվի՜ց գալիս է արձագանքը: Տվյալ դեպք ում այդ արձագանքը պատմությունն է»,- ասում է հեղինակը: 
Մոնթե Մելքոնյան, Կոմանդոս, Վազգեն Սարգսյան, Լեոնարդ Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան… նրանք բոլորը գրքում հավասար են ու պայքարում են մի բանի՝ հաղթանակի համար: Բարաթովը մեր զրույցի ընթացքում (որին ներկա էր նաեւ ընկերը) իր համար նոր փաստեր է գտնում ու կնոջը՝ Աննային շտապեցնում գրի առնել: Գիրք-ալբոմն առանձնանում է նրանով, որ նույնիսկ լեզուն չիմացողը միայն այն նայելով՝ հասկանում է, թե ինչ երկրի մասին է խոսքը, որի վրա անընդհատ թուրքերը, ադրբեջանցիները հարձակվում են, ոչնչացնում քրիստոնեական հետքերը:
«Ղարաբաղյան քրոնիկոնում» ներկայացված բոլոր լուսանկարները, բացառությամբ պատերազմի շրջանի, հեղինակային են, իսկ «Մահանալ Ղարաբաղում» գլխում օգտագործված են նաեւ պատերազմը լուսաբանող թղթակիցների՝ Ռուսլան Սարգսյանի, Մաքս Սվասլյանի, Կարեն Գեւորգյանի, Հակոբ Բերբերյանի եւ այլոց աշխատանքները: «Ղարաբաղյան քրոնիկոնում» նաեւ հայտնի մարդկանց, գրողների խոսքեր են մեջբերվում՝ Հայաստանի ու հայերի մասին: Օրինակ, ֆրանսիացի հայտնի պատմաբան Վիկտոր Լանգլուան ասել է. «Եթե կա մի քրիստոնյա ժողովուրդ, որը կարող է իր հանդեպ Եվրոպայի համակրանքը հարուցել, դա հենց հայ ժողովուրդն է: Դա մեծ, զարմանալի, հնագույն, արժանապատիվ, հռչակավոր ժողովուրդ է, չնայած բաժանված է 3 տերությունների միջեւ…»:
Գիրքը ռուսերեն 1000 օրինակով է տպագրվել, որը, անշուշտ, քիչ է: Հեղինակն ասաց, որ իր ուժերով նաեւ անգլերեն է թարգմանել, որի ազդօրինակից՝ 50 հատը պատրաստ է տարածման: Չափազանց կարեւոր է հատկապես Բարաթովի գրի քարոզչական նշանակությունը: Բ. Բարաթովը մեզ ցույց է տալիս բնակարանում գտնվող ադրբեջանական, թուրքական գրքերն ու ամսագրերը, որոնք հսկայածավալ տպաքանակով աղավաղված ինֆորմացիա են տարածում ողջ աշխարհում. «Ղարաբաղ», «Ժառանգություն». դրանք բոլորը մեր Ղարաբաղին, Խոջալուին, Տիգրանակերտին, Դադիվանքին, Շուշիին են նվիրված… Այս բոլորը նրանք իրենց են վերագրել»: Մեր զրուցակիցը գտնում է. «Քիչ է «Ղարաբաղյան քրոնիկոնի» նման գիրք ստեղծելը, անիմաստ՝ խոսելը, շատ ավելի կարեւոր է՝ Ղարաբաղի ու Հայաստանի ղեկավարները նման հրատարակություններն իբրեւ զենք օգտագործեն: Գիրքը ոչ թե միայն վաճառել է պետք, այլ նվիրել այնպիսի մարդկանց, ինչպիսիք ԱՄՆ կոնգրեսականներն են, Մինսկի խմբի համանախագահները, դեսպանատների աշխատակիցները եւ այլք»: Բ. Բարաթովը նաեւ մտահոգված է. «Մի՞թե իմ նոր գիրքն էլ «Արմենիադայի» նման նպատակին չեն ծառայեցնի: Ախր մեզ միայն տանկերն ու հրթիռները չէ, որ օգնում են…»: Նա պատմեց, որ մինչեւ հիմա էլ ադրբեջանցիների կողմից իր հեռախոսահամարին զանազան սպառնալից զանգեր են լինում, մինչդեռ. «Մերոնք սպասում են՝ Բարաթովը գիրքը տպագրի ու տա ձեռքները»: Հարցրինք՝ ՀՀ մշակույթի նախարարությունը երբեւէ չի՞ աջակցել տպագրման հարցում: Պատասխանեց. «Նրանից ի՞նչ նախարար… Մոսկվայում մի միջոցառման ժամանակ հանդիպեցինք ու տեղեկացա, որ Բելառուս էլ պետք է մեկնի: Ընկերներիս առաջարկեցի մի փոքրիկ շնորհանդես կազմակերպել, որին պիտի նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը մի քիչ աջակցեր… Այդ կինը դա էլ չարեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել