Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ԿԵՆՏՐՈՆ

Ապրիլ 27,2010 00:00

Ասում է ամերիկաբնակ թավջութակահար Արթուր Օժենյանը

\"\"
Ա. Օժենյանը ճանաչված թավջութակահարուհի Մ. Աբրահամյանի հետ:

Ազգային երաժշտական արվեստի, մասնավորապես՝ թավջութակի դպրոցի լավագույն քարոզիչներից է Արթուր Օժենյանը: 1976 թվականին մեկնել է Լոս Անջելես՝ ոչ թե «աշխարհը հայտնագործելու», այլ զուտ ընտանեկան հանգամանքների բերումով: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սովորել է հայկական թավջութակի դպրոցի հիմնադիրներից՝ մեծանուն մանկավարժ Գերոնտի Թալալյանի դասարանում, սակայն ուսումը կիսատ է թողել՝ շարունակելով այն ԱՄՆ-ում, պրոֆեսոր Ռայթոյի ղեկավարությամբ: Մտահոգված իր շնորհալի աշակերտի ճակատագրով՝ ժամանակին Գ. Թալալյանը նամակ էր հղել Վաշինգտոնում ապրող ու ստեղծագործող անվանի թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչին՝ «լավ նայելու» Արթուրին: Ռոստրոպովիչը, Լոս Անջելեսում հանդիպելով երիտասարդ թավջութակահարին, առաջարկել էր գնալ Վաշինգտոն եւ անդամագրվել իր կողմից հիմնած նվագախմբին: Վերը շարադրվածը պատմելով «Առավոտին»՝ Ա. Օժենյանը հավելեց. «Ճակատագիրը ժպտացել էր ինձ, սակայն դարձյալ ընտանեկան հանգամանքները թույլ չտվեցին մեկնել Վաշինգտոն…»: Երաժիշտն աշխատել է տարբեր նվագախմբերում: Ինչ վերաբերում է սոլո կարիերային, մեր զրուցակիցն ասաց, որ ԱՄՆ մեկնած միայն առաջին տարիներին է հանդես եկել մենահամերգներով:
1992թ. Հայաստանի համար ծանր պայմաններում, Օժենյանը հայրենիքում կազմակերպում է մրցույթ՝ հայ կոմպոզիտորների թավջութակի համար գրված երաժշտության զարգացումը խթանելու նպատակով: Զրույցի ժամանակ պարզեցինք, որ ամերիկաբնակ թավջութակահարը իր խնայած միջոցներով է խրախուսել հայ հեղինակներին: Ինչպես տեղեկացրեց երաժիշտը, 2 մրցույթ է կայացել, առաջինում «մրցել» են հայ հեղինակների սոնատները, երկրորդում՝ կոնցերտները: «Կոմպոզիտորների միության հետ համատեղ են անցկացվել մրցույթները, որոնց կազմակերպչական աշխատանքներում մեծ էր միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի դերը: Կատարվեցին Ադամ Խուդոյանի, Հրաչյա Մելիքյանի, Միքայել Կոկժաեւի, Էդվարդ Հայրապետյանի, Վարդան Աճեմյանի եւ մյուսների ստեղծագործությունները: Նպատակ ունեի մրցույթը դարձնել ավանդական եւ միաժամանակ հիմնել թավջութակահարների մրցույթ, սակայն դարձյալ ընտանեկան հանգամանքների բերումով ծրագրերս ընդհատվեցին: Հիմա հայրենիքում եմ, 90-ականների սկզբների հիմնած գործս եւ մյուս մտահղացումներս շարունակելու, ավանդական դարձնելու նպատակով»- հայտնեց Ա. Օժենյանը:
Արվեստագետը գտնում է, որ հայ թավջութակահարներին արեւմուտքում ներկայացնելու համար կարեւոր են նաեւ նրանց մասին պատմող երաժշտական ֆիլմերը. «Առաջինում մտադիր եմ ներկայացնել անվանի թավջութակահարուհի, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի արվեստը… Մի խոսքով, ցանկություն ունեմ վերը նշած եւ այլ նախագծերի միջոցով Հայաստանը դարձնել աշխարհի թավջութակի կենտրոն»: Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ արեւմուտքում ստեղծագործող ճանաչված թավջութակահարներ Սուրեն Բագրատունու, Ալեքսանդր Չաուշյանի, Վահե Հայրիկյանի եւ այլոց կատարողական արվեստին, նշելով, որ նրանք ոչ միայն ներկայացնում են հայկական թավջութակի դպրոցի լավագույն ավանդույթները, այլեւ իրենց ծրագրերում ընդգրկում Խաչատրյանի, Բաբաջանյանի ու մինչեւ մեր օրերը ստեղծագործող կոմպոզիտորների երկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել