Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները ռուս իրավապահների հետ համատեղ գործողության արդյունքում Մոսկվայում ձերբակալել են Ղրղըզստանի ՆԳ նախկին նախարար Մոլդոմուս Կոնգանտիեւին (նկարում): Ձերբակալությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, երբ ինքնաթիռը, որում գտնվել է երկրի ՆԳ նախկին նախարարը, վայրէջք է կատարել Բիշքեքի «Մանաս» օդակայանում: «Newsru»-ի փոխանցմամբ, նախկին նախարարը ձերբակալվել էր Մոսկվայում, հետո՝ տեղափոխվել Բիշքեք, որտեղից էլ տարվել է Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարան: Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Ալմազբեկ Ատամբաեւը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Կոնգանտիեւին հանձնելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին նախկին նախարար Կոնգանտիեւը հայտնվել էր զանգվածային անկարգության հեղինակների ձեռքում, դաժան ծեծի էր ենթարկվել եւ ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածքներ ու տեղափոխվել Բիշքեքի հիվանդանոց: Մոսկվա նա մեկնել էր բուժումը շարունակելու համար: