Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի է ունեցել «Այս ցավը մեր ցավն է: Այս սուգը՝ բոլորինս» կարգախոսով եւ 1915-ի զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որը կազմակերպել էին մի խումբ թուրք մտավորականներ, այդ թվում՝ Բասքըն Օրանը, իրավապաշտպան Ֆեթիյե Չեթինը, հայտնի լրագրող Նեշե Դյուզելը, Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանը, թուրքական խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասը եւ այլք: Միջոցառումներին հետեւել են նաեւ արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: News.am-ի մատուցմամբ, ակցիայի մասնակից բազմությունը մի քանի ելույթներից հետո մոմեր է վառել եւ մեխակներ դրել նախատեսված վայրում: Ավելի ուշ հավաքվածները երթ են կազմակերպել, որի ընթացքում հնչել են «Կեցցե՛ թուրք-քուրդ-հայ ժողովուրդների եղբայրությունը» եւ «Ուս ուսի՝ ֆաշիզմի դեմ» կարգախոսները: Հիշյալ միջոցառումը խանգարելու մտադրությամբ Թաքսիմում հավաքված բազմության ուղղությամբ է շարժվել 40 հոգուց բաղկացած ազգայնականների մի խումբ, ովքեր վանկարկել են «Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք» եւ «Կամ սիրիր, կամ հեռացիր» կարգախոսները: Ոստիկանությունը արագ նկատել է վտանգը եւ թույլ չի տվել ազգայնական խմբին առաջ շարժվել: Հատկանշականն այն է, որ անցորդները սաստել են ազգայնականներին եւ հորդորել հեռանալ: Իրենց տարածած հայտարարություններում 1915-ի հայերի կոտորածները դատապարտել եւ հայ ժողովրդին իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ Թուրքիայի «Աշխատանքի», նաեւ «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցությունները:
Նույն աղբյուրի մատուցմամբ, ապրիլի 24-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող ինժեներների մշակույթի դահլիճում ցուցադրվել է Լոուրենս Ջորդանի 2004-ին նկարահանած 52 րոպե տեւողությամբ «Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որը նկարահանված է Օսմանյան արխիվներից հանված այն փաստաթղթերի հիման վրա, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանության գլխավոր կազակերպիչների՝ Էնվեր, Թալեաթ եւ Ջեմալ փաշաների նպատակները եւ որոշումները: Ֆիլմում ներկայացված են այն ժամանակվա Հալեպում՝ Գերմանիայի հյուպատոս Վալտեր Ռոսլերի, Հարփութում՝ ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դեւիսի, Ստամբուլում՝ Գերմանիայի դեսպան Կոնրադ ֆոն Վագենհայմի, Ստամբուլում՝ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ այլ դիվանագետների վկայություններ, ինչպես նաեւ ցեղասպանությունից փրկված հայերի վկայություններ:
Ընդսմին, ապրիլի 23-ի երեկոյան Երեւանում ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշի այրելուն Թուրքիայում ազգայնականները այս տարի եւս պատասխան քայլով են հանդես եկել եւ այրել Հայաստանի Եռագույնը:
Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հավաքված «Մեծ միասնություն» կուսակցության մոտ 70 անդամներ հանդես են եկել Հայաստանի դեմ ելույթներով եւ վերջում այրել ու ոտքերով տրորել են Հայաստանի դրոշը: