«ՎիվաՍել-ՄՏՍ»՝ բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունները շարունակվում են, հետապնդելով մեկ նպատակ՝ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք մեկնել Հայաստանի բուհերին եւ նրանց հետ կիսել գործունեության ընթացքում կուտակած փորձը:
«Թե ինչպիսին կլինի վաղվա օրը՝ կախված է այսօր մեր կատարած գործողություններից եւ մտքերից: Դուք պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեք գիտելիք ստանալուն եւ հնարավորինս շատ փորձ ձեռք բերեք: Այսօր մենք այստեղ ենք՝ ձեզ հետ մեր փորձը եւ գիտելիքները կիսելու նպատակով, քանի որ համոզված ենք, որ հնարավոր չէ առաջընթաց ապահովել՝ մեկուսացման մեջ գտնվելով: Մենք հավատում ենք, որ ապագան ավելի լավը կլինի, եթե մենք ձեռք ձեռքի տանք եւ ձեր ստացած տեսական կրթությունը համալրենք մեր կողմից տրամադրվող իրական փորձով»,- օրերս Վարդենիսի Վ. Համբարձումյանի անվան համալսարանի ուսանողներին ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանի ԱՄՆ կատարած այցելությունից հետո այս հանդիպումն առաջինն էր hայաստանյան ուսանողների հետ:
Ռ. Յիրիկյանն ուսանողներին ներկայացրեց բիզնեսի զարգացման մարտավարությունը, ցանցի տեխնիկական զարգացումը, մարքեթինգային մարտավարությունը եւ կազմակերպության որդեգրած Կորպորատիվ պատասխանատվության գաղափարախոսությունը:
«Պատահական չէ, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանի առաջատար բջջային օպերատորն է: Մեր կողմից ընդունված հիմնարար արժեքները եւս այն նպատակներից են, որոնց մենք ձգտում ենք հասնել: Բիզնեսը չպետք է առաջնորդվի բացառապես կոմերցիոն նպատակներով: Կազմակերպությունները հասարակության մաս են կազմում ու հետեւաբար պետք է հետեւեն Կորպորատիվ պատասխանատվության գաղափարախոսությանը: Մենք ձեռք ենք մեկնում սպորտին, մշակույթին, առողջապահությանը, բնապահպանությանը, քանի որ հավատացած ենք, որ մեր օժանդակությունն անհրաժեշտ է հասարակության առավել խոցելի եւ, միեւնույն ժամանակ՝ կենսական անհրաժեշտություն ունեցող բնագավառներում»,- ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
Դասախոսությունից հետո «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը պատասխանեց ունկնդիրների հարցերին: