Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին եւ Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներին: Նախագահն ասել է, որ անհրաժեշտ է համարում Ակադեմիայի վերջերս անցկացված տարեկան ընդհանուր ժողովից հետո գիտնականների հետ քննարկել գիտության զարգացմանը խոչընդոտող խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները: ՀՀ նախագահը խոսել է մեր երկրում գիտությունը եւ կրթությունը զարգացնելու երեք առանցքային ուղիների մասին. «Առաջին ճանապարհը, որով մենք պետք է շարժվենք՝ առկա ուսումնական եւ գիտական հաստատությունների վերակազմավորումն ու ավելի արդյունավետ օգտագործումն է, այսինքն՝ բարեփոխումների շարունակականության ապահովումը: Երկրորդ ճանապարհը նոր տիպի ուսումնական եւ գիտական հաստատությունների ստեղծումն է, ինչպիսին, օրինակ, հիմնադրեցինք Տավուշում՝ ժամանակակից ինտերնատ- դպրոց, որտեղ ուսուցումը լինելու է օտար լեզվով եւ կիրառվելու են ուսման բնագավառում ամենաժամանակակից ձեռքբերումները: Երրորդ ճանապարհը մեր ուսանողներին եւ երիտասարդ գիտնականներին աշխարհի լավագույն ուսումնական ու գիտական հաստատություններում կրթվելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելն է»:
Ակադեմիկոսները երկրի ղեկավարի հետ զրուցել են գիտության զարգացումը խոչընդոտող մի շարք խնդիրների մասին: Դրանցից առաջնահերթ է համարվել այն, որ Ակադեմիան, համապատասխան փորձակոնստրուկտորական ենթակառուցվածքների բացակայության պատճառով, չի կարողանում իր գիտական արդյունքները լիարժեք ներդնել տնտեսությունում: Խոսվել է նաեւ ԳԱԱ ճյուղային ինստիտուտների եւ տնտեսության համապատասխան ճյուղերի միջեւ համագործակցության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղիների մասին: Զրուցակիցներն անդրադարձել են հասարակագիտական գիտությունների, մասնավորապես՝ հայագիտության զարգացումը խթանող պայմանների ստեղծման անհրաժեշտությանը: Խոսվել է նաեւ հայ գիտնականների աշխատությունները օտար լեզուներով լույս ընծայելու, դրանք նաեւ էլեկտրոնային ռեսուրսներում ներկայացնելու գործընթացի կազմակերպման մասին: Ակադեմիկոսներն անդրադարձել են նաեւ այս օրերին ակտիվորեն քննարկվող Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը եւ հայտարարել, թե սատարում են ՀՀ նախագահին այս գործընթացում: