Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատոր ժամանակը չէ»

Ապրիլ 27,2010 00:00

Դասական ուղղագրությանը վերադառնալու շուրջ քննարկումները շարունակում են կրքեր բորբոքել: Գրականագիտության դոկտոր Ազատ Եղիազարյանի կարծիքով, գործող ուղղագրական 2 համակարգերն էլ իրենց արմատներն ու հիմնավորումներն ունեն. «Խնդիրն այն է, թե ինչպես պետք է լուծել դասական ուղղագրությանը վերադառնալու թնջուկը»: Պարոն Եղիազարյանի հավաստմամբ, ինքը դասական ուղղագրության հակառակորդը չէ, բայց կողմնակիցն էլ չէ. «Դասական ուղղագրությանը վերադառնալու կողմնակիցների փաստարկներն ինձ համոզիչ չեն թվում, նրանց պնդումները, թե մեսրոպյան ուղղագրության վերադառնալը չափազանց կարեւոր է, ես չեմ ընդունում: Սա մշակութային փաստ է եւ զգացմունքային երանգներ պետք չէ հաղորդել»: Ա. Եղիազարյանը թվարկեց հայ դասականներին՝ Սեւակին, Սահյանին, Մաթեւոսյանին ու հարց տվեց. «Սրանցից ո՞ւմ է խանգարել այդ ուղղագրությունը, ի՞նչ է՝ առաջարկում եք փոխել նրանց ստեղծածը եւ դարձնել դասական ուղղագրությա՞մբ»: Մատենադարանի գլխավոր ֆոնդապահ Գեւորգ Տեր- Վարդանյանը կարծում է, թե դասական ուղղագրությունից հեռանալը նպաստեց նաեւ արմատներից հեռանալուն, իսկ նոր սերունդը միջնադարյան գրականություն կարդալու հարցում խնդիրներ ու դժվարություններ կունենա: Պարոն Եղիազարյանն էլ չի կարողանում հասկանալ, թե այդ ինչպես կարող է ուղղագրությունը բաժանել արմատներից կամ միջնադարյան գրականությունից. «Ես արգելքներ այստեղ չեմ տեսնում, այսօր էլ առանց խոչընդոտների երիտասարդ սերունդն ընթերցում է Խորենացու, Նարեկացու ստեղծագործությունների բնագրերը»: Նա նաեւ հռետորական հարց ուղղեց Սփյուռքի հայերին՝ արդյո՞ք դժվարանում են ընթերցել արեւելահայերեն ստեղծագործություններ: Նա չի կարողանում հասկանալ, թե ում եւ ինչու է պետք իրավիճակն այսքան արհեստականորեն սրելը եւ հասարակությունը երկու բանակների բաժանելը. «Ինչո՞ւ եք ցանկանում շրջապտույտ առաջացնել, ինչո՞ւ եք առաջարկում վերադառնալ անցյալ, ես չեմ ասում, թե մեր ժողովուրդը բութ է եւ չի կարողանա սովորել, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ»:
Գրականագետը խորհուրդ տվեց ամեն ինչ նույնությամբ թողնել, որովհետեւ ապագան կթելադրի անհրաժեշտ անելիքները. «Թող երկու համակարգերն էլ աշխատեն: Հիմա ատոր ժամանակը չէ»: Գ. Տեր-Վարդանյանն ընդդիմացավ. «Եթե թողնենք ապագային ու հիմա չգործենք, ոչինչ էլ չի փոխվի, մեր ուղղագրության միասնականության մասին մեր պետությունը ե՞րբ պետք է մտածի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել