Ուսանողները դեմ են ասպիրանտական բարեփոխմանը, բուհերի ղեկավարները՝ կողմ
«Առավոտում» (02.04.10) տեղեկացրել էինք, որ առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերն այս տարի կրկնակի կրճատվել են, ինչը սենսացիա է հատկապես ուսանողների համար: Այս հարցը մտահոգում է ե՛ւ իրոք գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդներին, ե՛ւ նրանց, որոնք ասպիրանտական տեղերն օգտագործում են բանակից խուսափելու համար: Ներքին քննարկումների ժամանակ բուհերի ղեկավարների մեծամասնության կարծիքներից պարզ է դառնում, որ, մեղմ ասած, այս «բարեփոխումը» նրանց սրտով չէ, բայց երբ հերթը հասնում է հրապարակային դիրքորոշում հայտնելուն՝ նրանք զգուշանում են:
ՀՀ պետական կառավարման ակադեմիան բարեփոխումից ամենաշատն է տուժել: Եթե անցյալ տարի ակադեմիային հատկացվել էր առկա ուսուցմամբ 12 ասպիրանտական տեղ, ապա այս տարի՝ ընդամենը 3-ը: Ռեկտոր Հովհաննես Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում փորձեց գոհ մարդու տպավորություն թողնել. «Անցյալ տարի ակադեմիայում 6 տեղ թափուր էր մնացել: Այսինքն՝ դրա համար նկատի են ունեցել, որ եթե 6 տեղն է ընդամենը մեզ անհրաժեշտ եղել, ապա վեցից երեքը կրճատելը նորմալ եմ համարում, առավել եւս, որ հեռակայի ասպիրանտական տեղերն ավելացել են»: Ռեկտորը հավելեց. «Եթե մարդն ուզում է գիտությամբ զբաղվել՝ անկախ հեռակայից կամ առկայից, կզբաղվի… ամեն դեպքում դրական եմ վերաբերվում բարեփոխմանը»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիրքորոշումն էլ հետեւյալն է. «Հասկանալի է, որ նման որոշում կարող է կայացվել՝ ելնելով պետության շահերից: Այս դեպքում ԵՊՀ-ն՝ իբրեւ պետական բուհ, պետք է առաջնորդվի պետության կայացրած որոշմամբ: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ այդ տեղերը հնարավորինս շատ լինեին, եւ մենք կարողանայինք բավարարել բոլոր դիմորդների ուսումնառությունը շարունակելու ցանկությունը: Նման հարցերի լուծման միակ ուղին ցույց կամ միտինգ կազմակերպելը չէ. խնդիրն արդեն քննարկվել է ՀՀ ԿԳ նախարարի հետ եւ փորձ է արվում տալ հնարավոր ճիշտ լուծում»:
Պոլիտեխնիկում այս տարի առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի 11 տեղ կհատկացվի, անցյալ տարվա 20-ի փոխարեն: Այդուհանդերձ, ՀՊՏՀ գիտական գործունեության եւ կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանը կողմ է նախարարի բարեփոխումներին: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Ճիշտն ասած, մենք դա համարում ենք նորմալ: 11 տեղի համար, մեր հաշվարկներով, ունենալու ենք ոչ ավելի, քան 20-25 դիմորդ: Իսկ ինչո՞ւ պիտի մեկ տեղի համար մեկ դիմորդ լինի, դա ես չեմ ընդունում, մրցույթ պետք է լինի, որ կատարվի նորմալ ընտրութուն»: Այնուհետեւ պրոռեկտորը նշեց. «Մոտեցումն այս պահի դրությամբ ճիշտ է: Սակայն բարեփոխումն ավելի ճիշտ կլիներ, եթե բակալավրիատն ավարտելուց հետո բոլորին բանակ տանեին ու լուծվեր ե՛ւ ասպիրանտուրայի, ե՛ւ մագիստրատուրայի խնդիրը»: Իսկ այն դիտարկմանը, որ այդպիսով կրթության շարունակականությունը կընդհատվի եւ գուցե գիտությամբ զբաղվել ցանկացող լավագույն կադրերը հետո չվերադառնան գիտություն, պարոն Աղբալյանը պատասխանեց. «Գիտությունը չպիտի լինի ստիպողական կամ ծառայի բանակից փախչելուն»: Պրոռեկտորը սխալ է համարում նաեւ ասպիրանտուրայի հարցը կապել բանակի խնդրի հետ եւ նկատում. «Պետությունը ասպիրանտական տեղերը հատկացնում է պրոֆեսորադասախոսական անձնակազմի երիտասարդացման եւ համալրման, գիտական դպրոցի պաշտպանման համար: Մեզ չի տալիս տեղեր այս կամ այն ձեռնարկության բացը լրացնելու համար: Եթե հաշվի առնենք, որ մյուս տարի ընդունելություն չի լինելու, աստիճանաբար բակալավրիատում կոնտինգենտը պակասելու է, ուստի ամբիոններն ընկնելու են ծանր վիճակի մեջ: Այս պարագայում մեծ ընդունելություն կատարել, հետո ինչպե՞ս ենք մենք այդ մարդկանց տեղավորելու աշխատանքի, ստացվում է նրանց խաբել»: