Նոյեմբերյանի տարածաշրջանում ՀՀԿ-ն պարտվեց, հաղթողներն անդամագրվում են ԲՀԿ-ին
Ապրիլի 8-ին «ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հինգ համայնքներում՝ Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Դեբեդավան, Զորական, ապրիլի 25-ին նշանակված են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Նաեւ՝ որ Աղավնավանքում, Դեբեդավանում հանրապետականն ընդդեմ հանրապետականի է, Խաչարձանում՝ ընդդեմ ԲՀԿ-ականի: Այս համայնքները բնակեցված են Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով: Ընտրության արդյունքներն արդեն հայտնի են:
Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (կենտրոնը՝ Իջեւան) նախագահ Սմբատ Գասպարյանից տեղեկացանք, որ Հովք գյուղում համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Յուրա Ցուգունյանը ստացել է 219 կողմ եւ 10 դեմ քվե: Աղավնավանքում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վարդուշ Ներսիսյանը ստացել է 111, իսկ համայնքապետարանի քարտուղար, ՀՀԿ անդամ Վարդան Գրիգորյանը՝ 97 ձայն: Խաչարձանում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Շահնազարյանը ստացել է 112, իսկ ներկայումս չաշխատող, ԲՀԿ անդամ Ապրես Բուդաղյանը՝ 61 ձայն: Հովքում եւ Աղավնավանքում ավագանի ընտրվելու համար մրցակցություն չկար. 5 տեղի համար առաջադրվել էին 5-ական թեկնածու, իսկ Հովքում նույնքան տեղի համար՝ 8 թեկնածու: Թիվ 40 ԸԸՀ (կենտրոնը՝ Նոյեմբերյան) նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սալավաթ Բաբայանը ստացել է 141, ՀՀԿ անդամ, ներկայումս չաշխատող Լազր Երեմյանը՝ 4, իսկ անկուսակցական Վանյա Դամիրչյանը՝ 233 ձայն: Զորական գյուղի գործող գյուղապետ, անկուսակցական Յուրի Մանասյանն ստացել է 236, իսկ Սուրեն Մարտիրոսյանը՝ 292 ձայն: Դեբեդավանում ավագանու 5 տեղի համար առաջադրվել էր 4 թեկնածու, Զորականում՝ 7 տեղի համար, 8 թեկնածու: Մեր հավաստի տեղեկություններով՝ ընտրություններին որպես անկուսակցական մասնակցող եւ ընտրությունների արդյունքում հաղթած Վանյա Դամիրչյանն ու Սուրեն Մարտիրոսյանն արդեն անդամագրվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Տեղեկացրել ենք, որ մարտի 30-ից մասամբ, իսկ ապրիլի լույս 14-ի գիշերվանից սողանքի պատճառով ամբողջությամբ է փլվել եւ փակվել միջպետական ճանապարհի՝ Հովք գյուղի մատույցներով անցնող հատվածը եւ կտրվել է Իջեւանի տարածաշրջանի կապը Դիլիջանի հետ: Ժամանակավոր, Հովք գյուղի սողանքը շրջանցող, վերջերս կառուցված խճապատ ճանապարհի դժվար երթեւեկելի լինելու պատճառով՝ քվեաթերթիկներով պարկերը եւ ընտրությունների արդյունքների արձանագրությունները ապրիլի լույս 26-ի գիշերը բավական ուշ են բերվել թիվ 41 ԸԸՀ: Գիշերվա ժամը 2.30-ի դրությամբ՝ Խաչարձանի քվեաթերթիկները եւ արձանագրությունները դեռեւս հանձնաժողով չէին տեղափոխվել: Թիվ 40 ԸԸՀ նախագահ Գագիկ Աբովյանն էլ դժգոհեց, թե Դեբեդավանի տեղամասային հանձնաժողովի ղեկավարները առանձնապես լավ չգիտեն ընտրական օրենսդրությունը: Տեղամասային հանձնաժողովի նախագահ Լուսիկ Սահակյանը, ով նախորդ՝ 2007 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ էր ղեկավարում այդ հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքից անտեղյակ լինելով՝ 3 տարի առաջ քվեաթերթիկները գիշերը պահել էր ոչ թե ընտրական տեղամասում, այլ՝ գյուղապետի աշխատասենյակում: Այս առթիվ նրան անգամ ոստիկանություն էին կանչել եւ քննել: Անցած 3 տարում քիչ բան է փոխվել, չնայած տեղամասային հանձնաժողովների անդամները ընտրական օրենսդրության վերաբերյալ ուսուցում եւ համապատասխան հավաստագիր են ստացել: Ընտրական օրենսգրքին վատ ծանոթ կինը կրկին տեղամասային հանձնաժողովի նախագահ է: