Դրսում ապրող հայերի մեծամասնությունը ամուսնանում է օտարի հետ, քիչ չեն հաշվարկով ամուսնությունները
Ապրիլի 23-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 25-ին եւ 26-ին Երեւանում անցկացվել է «Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողով: Երկօրյա հավաքի ընթացքում բավական մտահոգիչ մտքեր են հնչել:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատել է, որ հին հռոմեացիները եւ հույները կորցրին իրենց բարձր քաղաքակրթությունը՝ ոչ թե ոչնչացման կամ թշնամու հետ պայքարի, այլ «արյունը խառնելու» արդյունքում եւ հավելել. «որեւէ կերպ արգելել մարդկանց նման ընտանիք կազմել, իհարկե, չենք կարող: Մենք միայն ստիպված ենք խառնամուսնությունների դեպքում փորձել մտածել այդ ընտանիքում ծնված երեխաների ինքնության պահպանման համար, փորձել հստակեցնել, թե ինչ պետք է անի Հայոց պետությունը, եկեղեցին, հայկական Սփյուռքը»: Նախարարության տվյալներով, Լատինական Ամերիկայի երկրներում հայերի խառնամուսնությունները կազմում են 80 տոկոսից ավելի, Հյուսիսային Ամերիկայում՝ մոտ 60 տոկոս: Աճում է խառնամուսնությունների թիվը նաեւ Միջին Արեւելքում. վերջին 9 տարում՝ մոտ 9 հազար խառնամուսնություն:
Հայ ինքնությունը պահպանելու հարթությունում վիճակը բարվոք չէ նաեւ Եվրոպայում: Ըստ Վարշավայի համալսարանի գիտաշխատող Իվոնա Կալիշեւսկայի, հայ-լեհական խառը ամուսնությունների թիվն ավելանում է, թեեւ անցյալ դարի 90-ականների համեմատությամբ նվազել է հայերի թիվը, շատերը տնտեսական պատճառներից դրդված մեկնել են Արեւմտյան Եվրոպա: Դարեր առաջ Լեհաստան տեղափոխված «հին» հայերը չեն ժխտում իրենց հայ լինելը, սակայն չեն տիրապետում հայերենին, գրեթե ամբողջությամբ խառը ամուսնություններ են կնքել, նրանք արդեն հայկական ծագումով լեհեր են: Իսկ 90-ականներին հաստատված հայերի ամուսնությունների մեծ մասը պաշտոնական չէ ու հայ տղաներն էլ իրենց լեհուհի կանանց ազդեցության տակ սկսում են հաճախել կաթոլիկ եկեղեցիներ:
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից ժամանած «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանն էլ հայտարարել է, որ երկրամասում խառն ամուսնությունների ամենամեծ թիվը՝ 43 տոկոսը բաժին է ընկնում Արեւմտյան Հայաստանից գաղթածներին, 40 տոկոս են կազմում 20-րդ դարի վերջին բռնագաղթածները: Արեւմտյան Հայաստանից ներգաղթածների սերունդների համար խառն ամուսնության գլխավոր պատճառները եղել են ընտրյալի մարդկային հատկանիշներն ու սերը, իսկ վերջին տարիներին Կրասնոդար գնացածների համար՝ առաջին տեղում է հաշվարկով ամուսնությունը: Ըստ Տիգրան Թավադյանի, խառնամուսնությունների յուրօրինակ քարոզչություն է տարվում նաեւ Հայաստանից, որի արբանյակային հեռուստաալիքներով պարբերաբար ցուցադրվում է խառն ամուսնությունը ռոմանտիկ ներկայացնող ֆիլմեր, օրինակ, «Հարսնացուն Հյուսիսից» եւ «Իմ մեծ հայկական հարսանիքը»: Այս գործընթացներին նպաստում է նաեւ Ռուսաստանում պետական մակարդակով տարվող ռուսաստանյան քաղաքացիական ինքնության կայացմանն ուղղված քաղաքականությունը, որն արտահայտվում է ուծացման եւ միջմշակութային ինտեգրացիայի մեխանիզմները գործի դնելով: Եթե հայկական համայնքները համապատասխան միջոցներ չձեռնարկեն, ապա այս սերունդը կձուլվի, այս ահազանգը մի քանի անգամ է հնչել համաժողովի ժամանակ: Այս պահին մեկ ելք է առաջարկում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անհրաժեշտ է վերականգնել նախկինում գերիշխող այն մտածելակերպը, որ «հայի հետ ամուսնությունը՝ ամուր եւ առողջ ընտանիք ունենալու ամենաառաջին երաշխիքն է»: