ՈՒԺԱՍՊԱՌ ԷՐ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ ապրիլի 23-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող «Գանձաքար» ռեստորանին հարակից տարածքում՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է քաղաքացի, որն ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել: Փրկարարները ուժասպառ վիճակում գտնվող 63-ամյա Մանուշակ Սեպոյանին հանձնել են «1-03» ծառայության աշխատակիցներին: Ավելի ուշ Մ. Սեպոյանը տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ծերանոց:
ԳԱԶԱՆՆԵՐԸ ՀՈՇՈՏԵԼ ԷԻՆ
Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ին Որոտան գետի ափին գտնվող եղեգնուտում հայտնաբերվել է 39-ամյա Արթուր Գրիգորյանի՝ գազանների կողմից հոշոտված դին:
ԵՐԵԽԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ
Ապրիլի 24-ին, ժամը 23.10-ին, ժավելի սպիրտից թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 4-ամյա Էրիկ Հովհաննիսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Ապրիլի 25-ին Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Հաղթանակի կամրջից մարդ է նետվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարների ուժերով Հրազդանի կիրճից դուրս է բերվել 59-ամյա Գ. Գաբրիելյանի դին: