Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Կաթնաջուրի համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ: Պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2003-2009 թթ. ընթացքում «Վահարեգ» ՍՊԸ տնօրեն Վ. Ասատրյանը, ով շահել էր Կաթնաջուրի համայնքային կենտրոնի հիմնակառուցման աշխատանքների կատարման համար «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ- ի կողմից հայտարարված մրցույթը, պարտավորվել էր պետական բյուջեի 101 960 300 դրամ նախահաշվային գումարով իրականացնել Լոռու մարզի Կաթնաջուրի համայնքային կենտրոնի հիմնակառուցման աշխատանքները: Սակայն ընկերության տնօրենը կազմել է իրականում կատարված աշխատանքների ծավալները գերազանցող ու փաստացի չկատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր եւ ներկայացրել աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Հայարդնախագիծ» ԲԲ ընկերության հաստատմանը: Վերջինի տնօրեն Ք. Կարապետյանի կողմից հաստատվելուց հետո՝ Վ. Ասատրյանը դրանք ներկայացրել է վճարման: Աշխատանքների կատարման ընթացքի, ծավալների եւ որակի համար պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց ստուգելու աշխատանքների պատշաճ կատարված լինելը, հաստատել են հիշյալ կեղծ կատարողական ակտերը: Արդյունքում Վ. Ասատրյանը նշված ամբողջ գումարից հափշտակել է խոշոր չափի՝ 1 428 210 ՀՀ դրամ: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության՝ Լոռու մարզի քննչական բաժին, նախաքննություն կատարելու համար: