Խոշոր չափերի կաշառք ստանալու համար 4 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պարզվեց, որ իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Ա. Թովմասյանի խափանման միջոցը փոփոխելու եւ գործի վարույթը կարճելու համար 2009թ. նոյեմբերի 4-ին ՊՆ քննիչը Ա. Թովմասյանից պահանջել է խոշոր չափի՝ 775 000 ՀՀ դրամին համարժեք $2000 կաշառք: Նույն օրը քննիչ Լ. Սահակյանն իր աշխատասենյակում ստացել է պահանջված գումարի մի մասը՝ $600-ը, իսկ մնացած $1400-ը ստացել է 2009թ. նոյեմբերի 18-ին: Լ. Սահակյանն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Լիպարիտ Սահակյանը դատապարտվեց ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: