Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՃԱՆԱՉԵՑ

Ապրիլ 27,2010 00:00

Ավազակային հարձակումների գործով սկսվեց տուժողների հարցաքննությունը

\"\"

Հայաստանի Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով ապրիլի 26-ին սկսեցին ցուցմունքներ տալ այդ եւ գործի մեկ այլ դրվագով տուժողները։
Անհատ ձեռներեց Վաղարշակ Վարդեւանյանը դատարանին ներկայացրեց իր նկատմամբ իրականացված «խուզարկության», ինչպես նաեւ իր իսկ մեքենայով «Ազգային անվտանգության ծառայություն տեղափոխության» պատմությունը։ Ըստ այդմ, 2007թ. նոյեմբերի 29-ին «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի տարածքում իր վարձակալած վաճառասրահ են ներխուժել 3 անձինք եւ ներկայացել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ապա ռազմամթերք եւ թմրամիջոցներ գտնելու համար խուզարկություն կատարելու պատրվակով վաճառասրահի ցուցափեղկերից եւ չհրկիզվող պահարաններից «առգրավել» են ոսկյա զարդեր, ձուլակտորներ, ինչպես նաեւ կանխիկ գումար, տեղավորել պայուսակի մեջ, իր ձեռքերն էլ ոլորելով՝ պահանջել են հետեւել իրենց։ Սակայն խոստացված ԱԱԾ-ի փոխարեն, տուժողը եւ հիշյալ երեք անձինք տուժողի մեքենայով հայտնվել են բոլորովին այլ վայրում, ինչպես պարզվել է հետագայում՝ Շորբուլաղում։ Տուժողը նշեց, որ «այցելուների» վերաբերմունքը բարեհաճ չէր նաեւ ներխուժման պահին վաճառասրահում գտնվող աշխատակցի եւ հաճախորդի հանդեպ, նրանց «դեմ էին տվել պատին», իսկ հեռանալիս շպրտել. «ձեր ետեւից էլ կգանք»։
Տուժողը հայտարարեց, որ մեքենան վարում էր վաճառասրահ ներխուժած անձանցից մեկը, մյուս երկուսը իր ձեռքերը մեջքին ուժեղ սեղմել էին, իսկ գլուխը իջեցրել ծնկների մոտ։ Ճանապարհին իրեն սպառնում էին 30 եւ ավելի տարով ազատազրկմամբ, ինչպես նաեւ հիշեցնում, որ ինքը ընտանիք, երեխաներ ունի: Իսկ մեքենայից դուրս բերելուց հետո բռունցքով հարվածել են, ապա նստել մեքենան եւ հեռացել։ Իսկ ինքն էլ մի կերպ ոտքերն ու ձեռքերն ազատել է կպչուն ժապավեններից, ոտքով որոշակի ճանապարհ կտրել եւ հեռախոսով հայտնել իր հետ կատարվածի մասին։
Տուժողը ամբաստանյալների թվում ճանաչեց «բերման ենթարկողներից» միայն մեկին, մյուս երկուսին նա չի կարողացել ճանաչել նաեւ նախաքննության ընթացքում, նշել էր, որ անձանցից երկրորդը ոստիկանության սպայի դաշտային հանդերձանքով էր։ Ի պատասխան դատավարության մասնակիցների հարցերի, տուժողը նշեց, որ ինքը եթե շատ ուզենար՝ կարող էր դիմադրել, սակայն անիմաստ է համարել։ Տուժողը հայտնեց նաեւ, որ վաճառասրահից հափշտակվել են ոսկյա զարդեր, ոսկու ձուլակտորներ եւ թանկարժեք քարեր, ինչպես նաեւ ԱՄՆ դոլարով եւ ՀՀ դրամով կանխիկ գումար՝ ընդհանուր առմամբ ամբողջը կազմել է 145 մլն դրամ, որից 84-ն էր պատկանում իրեն։
Պաշտպանական կողմի միջնորդությամբ հրապարակվեցին տուժողի նախաքննական ցուցմունքները՝ նախաքննության եւ դատաքննության ցուցմունքների միջեւ առկա հակասությունների պատճառով։ Մասնավորապես, նախաքննության մեկ ցուցմունքում տուժողը հայտարարել էր, որ տեսել է զարդերով պայուսակը իր մեքենայում, իսկ դատաքննական ցուցմունքում, անգամ նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո, այդ հարցում հստակություն չմտցվեց։ Տուժողը հայտնեց նաեւ, որ փաստաթղթային ձեւակերպում չկա իր կողմից ոսկեղենի գնման վերաբերյալ։ Այդ կապակցությամբ գործով գլխավոր ամբաստանյալը՝ Արա Կարապետյանը տեղեկացրեց, որ 50 հազար դրամից ավելի ապրանք գնելու դեպքում անհատ ձեռներեցը պարտավոր է կազմել գնման ակտ։
Դատական նիստին հարցաքննված Սամվել Մարգարյանն էլ հաստատեց, որ հափշտակված ոսկեղենի թվում է եղել նաեւ իրեն պատկանող բարձր հարգի երկուսուկես կգ կշռող ոսկու ձուլակտորներ եւ ոսկե շղթաների փականներ՝ ընդհանուր առմամբ 28 մլն դրամի։
Տուժող Նորիկ Մովսիսյանը, ով Արմեն Ավետիսյանի տան պահպանությունն էր իրականացրել, հայտնեց, որ 2008թ. հոկտեմբերի 27-ին մոնիտորով նախ նկատել է դարպասից բակ ներխուժող կեպիով մի անձի, ապա մոտենալով տեսել է դիմակով եւ «Սպեցնազ» մակագրությամբ համազգեստով երկու անձանց, ովքեր դարպասից ցատկում էին դեպի շենքի բակը։ Նրանք զինված էին «Մակարով» տիպի ատրճանակներով։ Ապա գլխին զգացել է հարված եւ ուշքի եկել արդեն տան միջանցքում պառկած՝ կպչուն ժապավեններով ոտքերը եւ ձեռքերը կապած։ Ըստ տուժողի, ինքը 4 դիմակավորների է տեսել, ներխուժողները տանտերերից պահանջում էին ոսկեղեն եւ փաստաթղթեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել