Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՅՈՒՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ

Ապրիլ 27,2010 00:00

Երեկ խորհրդարանի Կարմիր սրահում ճերմակ սփռոցներով սեղաններ էին հայտնվել։ Մեծ ընդմիջմանը հատուկենտ պատգամավորներ թեւերը քշտած եկան արյուն տալու: Առաջին համարձակը ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Սարգսյանն էր: Երկրորդը «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանն էր, որ հայտնի ֆիլմի Նիկուլինի պես շարունակ ժպտում էր, իբր հեչ պետքն էլ չէ: Հետո եկան նաեւ ուրիշները: ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանի զարկերակը բժիշկը շատ մեծ դժվարությամբ գտավ: Արյուն տալու պահին փորձում էր ժպտալ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Արյուն հանձնած ԱԺ նախագահին լրագրողները հարցրին՝ չվախեցա՞վ: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը հարցին հարցով պատասխանեց. «Էսքան ժամանակ չհասկացա՞ք, որ ես չեմ վախենում ընդդիմությունից, լրագրողներից, բժիշկներից»:
Ի դեպ, բոլոր արյուն տվողները հետո շոկոլադ էին ակնկալում, թեպետ իրականում այնքան չնչին էր վերցրած արյան քանակը, որ չարժեր դրա համար շոկոլադ պահանջել: Գալուստ Սահակյանը հերթի մեջ տեսնելով դաշնակցական Արտյուշա Շահբազյանին, նկատեց. «Էս դո՞ւք էլ եք արյուն տալիս»: Դաշնակցական Արտյուշա Շահբազյանը արձագանքեց. «Տո հենց մերն ա պետք, որակ բարձրացնենք»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, մինչ արյուն տալը, մի շարք հարցեր տվեց: Օրինակ՝ որքա՞ն արյուն են իրենից վերցնելու, հետո էլ թե. «Բայց ես դեղնախտ եմ տարել փոքր ժամանակ»: Բայց դա «ասնավանի» չէր եւ ընկեր Վահանը տվեց պահանջվող երեք գրամ արյունը: Իսկ ավելի կոնկրետ՝ «Եղիր դոնոր, փրկիր մեկ կյանք» խորագրով երեկ խորհրդարանում կազմակերպված ակցիային առայժմ մասնակցեց պատգամավորների չնչին մասը միայն: Հիմնականում ազգային երեսփոխանները չներկայացան արյուն տալու, խնայելով երեք գրամ արյունը՝ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում գրացվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել