Անկախ նրանից, որ այս երեխաները մտավոր խնդիրներ ունեն, նրանք շատ լավ տեսնում ու զգում են, թե մարդիկ ինչպես են խորշում իրենցից:
«Փրկություն» կենտրոնի տարիքով ամենամեծ սաները Օլյան ու Ղեւոնդն են:
«Ես էլ չեմ հավատում, որ մի լավ բան կլինի ու մարդիկ կփոխվեն: Մեզ որ տեսնում են, ձեռ են առնում: Մարդիկ մեզ նայում են, ասում՝ հաշմանդամը էկավ, մարդ էլ կա ասում ա՝ էս հիվանդի հետ ընկերություն մի արեք: Բայց խի՞ են ձեռ առնում մեզ: Իրանք մեզանից լա՞վն են, որ տենց են ասում, ուրեմն՝ մեզանից հիվանդ են, ուրեմն իրանց հոգին ա հաշմանդամ: Եթե հաշմանդամ ենք, մա՞րդ չենք: Ես ինչ վատ բան եմ արել, որ տենց են վերաբերվում: Իրանք կարում են ապրեն, ես՝ չէ՞»,- մեզ հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց 31-ամյա Օլյան: Չնայած նրան, որ Օլյան մտավոր խնդիրներ ունի, սակայն շատ լավ զգում է, թե հասարակությունն ինչպես է իրեն եւ իր նմաններին վերաբերվում: Մեր զրույցի ընթացքում նա նեղսրտած պարբերաբար հարց էր տալիս՝ «Ինչո՞ւ մարդիկ մեզ չեն սիրում»: Օլյայի խոսքերով, անգամ արհամարհելու պարագայում, միեւնույն է, այդ մարդիկ չեն փոխվում. «Եթե հնարավորություն ունենայի, մարդկանց կփոխեի, որ մեզ սիրով, բարի, մաքուր ու ընկերական վերաբերվեն, որ էլ ձեռ չառնեն: Մեկ էլ աշխատելու հնարավորություն տան»: Աշխատելուց նա չի վախենում, ձեռքից ամեն ինչ գալիս է, գործում է, շյուղերով ու հելունով կոլաժներ պատրաստում, նույնիսկ կավով է աշխատում: Այս ամենը նա սովորել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնում, ուր արդեն մի քանի տարի այցելում է: Այս կենտրոնում Օլյան շատ ընկերներ ունի, ու բոլորը միմյանց շատ սիրում են, օգնում: Եթե մի ժամանակ Օլյան սիրո մասին էր մտածում, ապա վերջերս խուսափում է խոսել այդ մասին: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչի՞ մասին է երազում, Օլյան հիասթափված պատասխանեց. «Էլ ոչ էլ երազանք ունեմ: Ոչ մի երազանքս չի կատարվել: Օրինակ՝ սերը ուժեղ բան է, բայց ցավ ու տառապանք է տալիս: Միայն հեքիաթներում է սեր լինում կամ երազներում: Այդ թեմայով ես չեմ մտածում»:
Ի տարբերություն Օլյայի, նույն կենտրոնի 25-ամյա սան Ղեւոնդը լավատես է: Նա նույնպես մտավոր խնդիրներ ունի, բայց դա չի խանգարում, որպեսզի գունեղ նկարներ ստեղծի: Նկարում է գրեթե ամեն ինչ, բնությունից սկսած՝ մինչեւ զինվորական թեմաներ: Մեր հարցին, թե ինչպե՞ս է գույներն ընտրում, պատասխանեց. «Կյանքում ինչ գույն կա՝ նկարներում էլ եմ անում»:
Ղեւոնդի պատմելով՝ շատ է սիրում ֆիլմեր դիտել ընկերների հետ. հաճախ տնից հնդկական, հայկական եւ այլ ֆիլմեր է բերում կենտրոն, որպեսզի միասին դիտեն:
Չնայած Ղեւոնդը նպատակ է դրել դառնալ գեներալ, նույնիսկ զինվորական հագուստով լուսանկար ունի, բայց խաղաղություն շատ է սիրում. «Ես ուզում եմ, որ կյանքը ուրախ ու հանգիստ լինի»: Մեզ հետ զրույցում ասաց, որ շատ է սիրում զինվորական շքերթներ դիտել, բայց դժվար թե կարողանա մասնակցել մայիսին սպասվող շքերթին:
«Փրկություն» կենտրոն են այցելում մոտ 50 մտավոր ծանր, թեթեւ եւ միջին խնդիրներ ունեցող դեռահասներ եւ երիտասարդներ: Կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կենտրոնի նպատակն է, որ այդ երեխաներն ավելի երկար ապրեն ընտանիքներում, եւ որովհետեւ այդ ընտանիքներն էլ խնդիրներ ունեն՝ ձգտում են իրենց երեխաներին որեւէ հաստատությունում տեղավորել: Այնպես չլինի, որ երեխան այդպիսին է, ուրեմն տանք պետությանը ու մի կողմ քաշվենք: Ոչ ծնողն է մեղավոր, ոչ էլ պետությունը: Երեխաները ժամը 10-17-ը այստեղ են: Փորձում ենք թեթեւացնել ծնողների հոգսը, իսկ երեխաներին տարբեր արհեստներ սովորեցնել: Փորձում ենք այնպես անել, որ երեխաները հնարավորինս ինքնուրույնություն ձեռք բերեն, որպեսզի եթե հայտնվեն մեկ այլ միջավայրում, ոչ ոք չփորձի շահարկել նրանց խոցելիությունը, նրանց վիճակը»: Տիկին Աբրահամյանի կարծիքով՝ հասարակությունում առկա այն թյուր կարծիքը, թե մտավոր խնդիրներով մարդիկ ոչ մի բանի պիտանի չեն, պետք է վերացնել, եւ որպես ապացույց ներկայացրեց երեխաների ձեռքի աշխատանքները: Ըստ տնօրենի, այդ աշխատանքները բազմաթիվ ցուցահանդեսներում վաճառվել են, իսկ եկամտի 50%-ը հանձնել ծնողներին. «Նրանք մարդ են եւ կարող ուժ: Նրանք ընդունակ են աշխատելու, պարզապես նրանց համար հատուկ պայմաններ են պետք: Մենք առաջարկել ենք ստեղծել մի կենտրոն, ասենք՝ նվերի թղթե տուփեր պատրաստել կամ ձեռագործ այլ իրեր: Իհարկե, այս երեխաները չեն կարող անընդմեջ աշխատել, պետք է մի քիչ աշխատեն, հետո ուղեղը հանգստանալու համար հեռուստացույց դիտեն կամ թեյ խմեն, հաց ուտեն, հետո նորից աշխատանքը շարունակեն: Երեւի թե մի քիչ համբերել է պետք, որպեսզի մարդկանց բանականությունն ավելի առողջ դատի նրանց մասին, հասարակությունն ու գործատուներն էլ պատրաստ լինեն»:
Այն, որ մեր հասարակության մեջ իսկապես կա խտրականություն մտավոր խնդիրներով մարդկանց նկատմամբ, տիկին Աբրահամյանն էլ հաստատեց. «Գուցե դա շատ կոպիտ չի արտահայտվում, բայց դեպքեր լինում են: Օրինակ՝ մի անգամ, երբ մենք սեփական մեքենա չունեինք, երեխաներին ինչ-որ տեղ էինք տարել երթուղային ավտոբուսով: Մի կին իր ամուսնու հետ նստեց ավտոբուս, շուրջը նայելով, ասաց՝ էս սաղ ավտոբուսը սրա՞նք են: Մի անգամ էլ ծնողներից մեկն իր երեխայի հետ գնացել էր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն: Աշխատակիցներից մեկը նրան ասել էր՝ ինչո՞ւ ես պահել, տար հանձնի: Ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի: Նման վերաբերմունքը երեխաներն անմիջապես զգում են: Սխալ կարծիք կա, որ նրանք ոչինչ չեն հասկանում կամ չգիտեն վիրավորվել: Նրանք շատ զգայուն են: Այս աշխարհում նման երեխաներին միմիայն բարի վերաբերմունք եւ ուշադրություն է անհրաժեշտ»: Այն, որ հասարակությունն իսկապես խտրական է վերաբերվում մտավոր խնդիրներով մարդկանց՝ մեկ անգամ եւս համոզվեցինք: Կենտրոնը գտնվում է մանկապարտեզի շենքում, իսկ մանկապարտեզի տնօրինությունը երկաթյա ցանկապատով իրենց խաղահրապարակն առանձնացրել է կենտրոնի բակից, որպեսզի մանկապարտեզի երեխաները չշփվեն կենտրոնի սաների հետ:
«Անկեղծ ասած, նմանատիպ երեխաներն անգամ իրենց ընտանիքում են օտար: Մոտ 90%-ի մոտ այդպես է: Նրանց համար նման երեխան ավելորդ հոգս է: 5%-ի մոտ է, որ ընտանիքն ուշադիր է, իսկ մնացած 5%-ի մոտ պարզապես անունի խնդիր կա»,- ասաց տիկին Աբրահամյանը: