Կամ՝ ուր էր, թե աշխատեն այնպես, ինչպես պարզաբանումներ են ուղարկում
«Առավոտի» 2010թ. ապրիլի 6-ի համարում տպագրված «Ջրմուղում էլի ջրերը պղտորվել են» հոդվածի կապակցությամբ ստացել ենք «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պարզաբանումը, ավելի ճիշտ՝ այդ հոդվածի կապակցությամբ ՓԲԸ-ում հրավիրված խորհրդակցության արձանագրությունը՝ 3 էջ, այդ խորհրդակցության արդյունքում «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ գործադիր տնօրեն Ա. Ղուկասյանի տված թիվ 202 հրամանը՝ 2 էջ, բնակիչների հայտարարությունը՝ 1 էջ, տեղեկանք համատիրությունից՝ 1/3 էջ եւ ամենակարեւորը՝ պարոն Ղուկասյանի նամակը՝ ուղղված «Առավոտի» խմբագրին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանին եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մ. Կոշեցյանին:
Նամակում պարզաբանվում են հոդվածում տեղ գտած հանգամանքները, տեղեկացվում, որ «բնակչին կոպտելու» հանգամանքով «ընկերությունն անցկացրել է ծառայողական քննություն եւ խորհրդակցություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար, եւ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ ընդհանուր բաժնի պետը նկատողություն է ստացել տնօրենի կողմից, արդեն իսկ պլանավորվում է թրենինգներ անցկացնել տեսուչների եւ ընկերության այն աշխատակիցների հետ, ում աշխատանքը եւ պարտականությունները ազգաբնակչության հարցերին սպառիչ եւ գրագետ պատասխան տալն է»: Բնակիչների հայտարարության մեջ (10 ստորագրություն), ասվում է, որ «մինչեւ ս/թ ապրիլի 3-ը ջրամատակարարումը վերականգնվել է, իսկ մինչ այդ մեքենաներով ջրամատակարարումն ապահովել է «Լոռի-ջրմուղկոյուղի» ընկերությունը»: Իսկ հրամանում, բացի այն, որ հրամայված էր «ընկերության բոլոր աշխատակիցներին ի գիտություն ընդունել «Առավոտ» թերթի քննադատությունը», նաեւ, ի թիվս այլեւայլ բաների, հրամայված էր՝ «իրավախորհրդատվական բաժինը ՄՌ բաժնի հետ համատեղ մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել Էյ-Ի-Ջի սերվիս ՍՊԸ-ի վարվեցողության կոդեքսը, «Անվտանգության մեխանիզմները ԶԼՄ-ների հետ աշխատելիս», «Ինչպես ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել ընկերության գործունեությանը» ձեռնարկները եւ կազմակերպել դրանց կիրառությունը Ընկերությունում»:
Ըստ երեւույթին՝ ԶԼՄ-ների հետ աշխատելու «անվտանգության մեխանիզմներից» է «հեռախոսազանգերի հետ կապված՝ աշխատել ձայնագրիչներով, որպեսզի լինեն ապացույցներ» կետը, որը, ըստ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում կայացած խորհրդակցության արձանագրության՝ առաջարկել է Ա. Հայրապետյանը՝ MVV decon-AEG service կոնսորցիումի հասարակության հետ կապերի փորձագետ-հրահանգիչը: Հավանաբար, մեզ հետ անվտանգ աշխատելու մեխանիզմներից է նաեւ վերահսկողության ծառայության պետ Գ. Այվազյանի առաջարկը՝ «ձեռք բերել գրանցող եւ ձայնագրող հեռախոսներ»: