Այս կարծիքին են գովազդի ոլորտի հետ առնչվող մասնագետները
Չնայած «Գովազդի մասին» ՀՀ օրենքը գրեթե ամեն տարի փոփոխության են ենթարկում, լրացումներ կատարում՝ մի բառ, մի տող կամ մի հոդված են ավելացնում, այնուամենայնիվ, այդ օրենքը բազմաթիվ թերություններ ունի: Որոշ մասնագետների կարծիքով, թեեւ օրենքը պարբերաբար թարմացվում է, սակայն այն այնքան փնթի է գրված, որ թե սպառողները, թե գովազդատուներն ու այլ պատասխանատուներ կարող են երկիմաստ մեկնաբանել օրենքի որոշ հոդվածներ: Նման հոդվածներից մեկն էլ «Հովանոցային» գովազդն է: Օրինակ, այդ հոդվածում նկարագրված է՝ «Հովանոցային գովազդն այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների եւ ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների եւ ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ սույն օրենքով նախատեսված են սահմանափակումներ: Հովանոցային է համարվում նաեւ այդպիսի ապրանքներ արտադրողի կամ վաճառողի եւ ծառայություններ մատուցողի ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ ցանկացած այլ անհատականացման միջոցի հիշատակումը գովազդում… Հովանոցային գովազդն արգելվում է»:
Մեզ հետ զրույցում «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ թեեւ որոշակիորեն նկարագրվում է, թե որն է հովանոցային գովազդը, սակայն հստակ սահմանում չկա, թե գովազդում ինչպիսի պատկեր կամ խոսքեր չպիտի լինեն, որպեսզի այն չարգելվի: Այսինքն, եթե մեր շուկայում առկա է «Պառլամենտ» օղի եւ սիգարետ եւ գովազդի առումով այս ապրանքատեսակների վրա կան սահմանափակումներ, ապա գործարարը չի կարող հեռուստառադիոեթերներում գովազդել, ասենք, «Պառլամենտ» գրիչը, քանի որ այն կհամարվի հովանոցային: Իսկ թե ինչու դա կհամարվի հովանոցային՝ արգելված գովազդ, պարոն Մարտիրոսյանն այսպես մեկնաբանեց. «Սպառողների մեծ մասին քաջ հայտնի են նույնանուն օղին եւ սիգարետը, եւ եթե եթերում լսեն «պառլամենտ» բառը, դա գուցե նրանց մոտ ասոցացվի հենց օղու կամ սիգարետի հետ, այլ ոչ թե գրիչի»: Այս առումով, որոշ մասնագետներ հակառակ կարծիքի են: Օրինակ՝ եթե «Պառլամենտ» գրչի գովազդի ժամանակ ներկայացվող գրիչը օղու շշի կամ սիգարետի տեսք չունենա, կամ «պառլամենտ» բառի տառատեսակները կամ գովազդի այլ հատվածներ նույնական չլինեն օղու ու սիգարետի հետ, ապա դա դժվար թե այդ սահմանափակ ապրանքների հետ ասոցիացիա առաջացնի: Նշենք, որ մի քանի տարի առաջ հեռուստատեսությամբ գովազդվում էր հանքային ջուր, որն իրականում հիշեցնում էր նույնանուն օղին, քանի որ անգամ շշի տեսքով այն ասոցացվում էր օղու հետ: Մեզ հետ զրուցած մասնագետները, որոնք չցանկացան իրենց անունը հրապարակել, նշեցին, որ հովանոցային գովազդը խնդիրներ է առաջացնում նույնիսկ եվրոպական երկրներում: Շատ դեպքերում գործը հասնում է դատարան, իսկ վճիռը կայացվում է դատավորի ճաշակով: Այսինքն՝ գովազդը նայելուց հետո, եթե դատավորի մոտ նույնականացման ասոցիացիա չառաջանա, ապա նա կվճռի, որ այդ գովազդը ոչ էլ հովանոցային է: Հենց նման սուբյեկտիվ վճիռներից խուսափելու համար էլ Ա. Մարտիրոսյանն ու այլ մասնագետներ առաջարկում են հոդվածում լրացումներ կատարել:
Շատերն ուրախացան, երբ մեր եթերներից դուրս եկան օղու եւ սիգարետների գովազդը: Պարզվում է, «Գովազդի մասին» օրենքում ոչ մի տողով նշված չէ, որ այդ ապրանքների գովազդն արգելվում է: Սակայն դրա փոխարեն ինքնակարգավորման սկզբունքով դեկլարատիվ որոշում կայացվեց, եւ բոլոր կողմերը համերաշխ ձեւով այդ ապրանքների գովազդները հանեցին եթերից: Բայց եթե մի օր որեւէ գործարար որոշի կրկին իր ապրանքը գովազդել, ապա դժվար թե նրան պատասխանատվության ենթարկեն: Իսկ եթե վաղը որեւէ օղի արտադրողի մտքով անցնի նորից իր ապրանքը գովազդել հեռուստատեսությամբ, ապա շտապեմ տխրեցնել. էկոնոմիկայի նախարարությունը մշակել է «Գովազդի մասին» օրենքի նոր նախագիծ, որը մոտ ժամանակներս ԱԺ-ի քննարկմանը կառաջարկվի: Նախարարության պաշտոնյաները վստահեցնում են, որ օրենքի նոր նախագծով առաջարկվում է ռադիոհեռուստատեսությամբ արգելել թունդ ոգելից խմիչքների գովազդը որոշակի ժամանակահատվածում: Մնում է հուսալ, որ նախագծին՝ ոգելից խմիչքներ ներմուծող եւ արտադրող գործարար պատգամավորները դեմ չեն քվեարկի: Ծխախոտի գովազդն էլ նախատեսվում է իսպառ վերացնել, բացառությամբ որոշակի վայրերի:
Ծխախոտի եւ ոգելից խմիչքների գովազդներից պակաս վտանգավոր չեն նաեւ խաղատների գովազդները: Այս մասով եւս որոշ սահմանափակումներ են նախատեսվում:
«Առավոտի» հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանն էլ համաձայնեց, որ «Գովազդի մասին» գործող օրենքը չի համապատասխանում ներկայիս շուկայական հարաբերություններին. «Այսօրվա օրենքը գովազդի ոչ բոլոր տեսակներն ու առանձին ապրանքների վերաբերյալ մոտեցումներն է արտացոլում: Նոր օրենքում, բացի այն, որ հստակ նշվելու է որոշ թունդ ոգելից խմիչքների սահմանափակումները, լինելու են նաեւ սահմանափակումներ ըստ ոլորտների եւ առանձին այն ապրանքների մասով, որոնք ռիսկային են սերնդի, երիտասարդության եւ հասարակության բարեկեցության եւ առողջության, սոցիալական վիճակի համար»: Հեռուստաեթերներում ցուցադրվող գովազդի ժամանակահատվածի չարաշահումների մասով էլ պարոն Քոչարյանը վստահեցրեց, որ նոր նախագծով հստակ նշվում են լիազոր մարմնի իրավունքներն ու պարտականությունները, ժամանակի խախտման համար տուգանքների չափսերը, որքան եւ ով է տուգանելու եւ այլն. «Նոր օրենքը լինելու է ամբողջական: Քննարկումներից հետո որոշվելու է, թե գովազդի վերահսկումը որ մարմնին է հանձնվելու»: Մեր այն դիտարկմանը, որ տարիներ առաջ «Գովազդի մասին» նմանատիպ նախագիծը տապալվեց, ի՞նչ երաշխիք, որ այն այս անգամ կընդունվի, քանի որ այն հակասում է որոշ գործարարների եւ հեռուստաընկերությունների շահերին, պարոն Քոչարյանն ասաց. «Քննարկումները ցույց կտան, թե վերջնական ինչ տեսք կընդունի օրենքը եւ ովքեր դեմ կքվեարկեն: Բայց շուկայի զարգացումներին դեմ կանգնելը դժվար է, որովհետեւ կան որոշակի չափանիշներ, եւ եթե մենք գնում ենք միջազգային շուկայի ինտեգրացմանը, պետք է այդ չափանիշները պահպանել»:
Հ. Գ. Օրենքի նախագծի մանրամասները կներկայացնենք առաջիկայում: