«Այն հաշվարկները, որ առանց Լեռնային Ղարաբաղի խնդրի առաջխաղացման՝ հնարավոր է Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնել եւ բացել սահմանները, խաբկանք էին»,- news.am-ի հաղորդմամբ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու հավելել, որ 2 տարի առաջ սկսված ֆուտբոլային քաղաքականությունը, ի սկզբանե ռազմավարական տեսանկյունից սխալ էր հաշվարկված, դրա համար էլ նման ավարտ ունեցավ: «Դե ֆակտո» կարելի է ասել, որ հայ-թուրքական գործընթաց արդեն գոյություն չունի, իսկ «դե յուրե», իհարկե, ո՜չ հայկական, ո՜չ թուրքական կողմը ետ չեն կանչել իրենց ստորագրությունները, որվհետեւ այստեղ շահագրգռված են ազդեցիկ ուժեր եւ բնականաբար, ո՜չ Թուրքիան, ո՜չ Հայաստանը չեն ուզում դեստրուկտիվ երեւալ միջազգային հանրության առջեւ»,- ընդգծել է նա: Բոզոյանի խոսքով, այս գործընթացից Թուրքիան միանգամից երկու բան է շահել. «Նախ Թուրքիան Ֆորմալ իրավունք ստացավ ակտիվորեն միջամտել ԼՂ խնդրի բանակցային գործընթացին եւ ֆորմալ պատրվակ, թե ինչու չպետք է Ցեղասպանության ճանաչման միջազգային շարժումը գոյություն ունենա»: