Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Ապրիլ 27,2010 00:00

Սակայն Չավուշօղլուն էլի է պնդում, թե ինքն է ղեկավարելու այն

\"\"

Ո՛չ ապրիլի 23-ին, ո՛չ երեկ Ստրասբուրգում չկայացավ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում պիտի քննարկվեր ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ենթահանձնաժողովը վերականգնելու վերաբերյալ Չավուշօղլուի նախաձեռնությունը: Ավելի՛ն՝ ինչպես «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ հանդիպումն այսօր էլ չի կայանալու: Մինչդեռ Չավուշօղլուն երեկ առավոտյան Ստրասբուրգում կայացած ասուլիսում պատասխանելով «Ազերպրեսս»-ի հարցին՝ վերստին պնդեց եռակողմ հանդիպման անհրաժեշտությունը ու հավելեց. «Հենց հիմնվի այդ ենթահանձնաժողովը, ես՝ որպես ԵԽԽՎ նախագահ, կղեկավարեմ այն, ինչպիսին ավանդույթն է»:
Ենթահանձնաժողովի վերաբերյալ անդրադարձ կա նաեւ ԵԽԽՎ լիագումար նիստում երեկ քննարկված ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական կոմիտեի հերթական զեկույցում: Մասնավորապես հիշատակված է, թե մարտի 11-ին ԵԽԽՎ բյուրոն քննարկել է 2005-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին 1416 բանաձեւն իրականացնելու վերաբերյալ հատուկ ենթահանձնաժողովի հարցը. «Տեսակետներ փոխանակվեցին այս առնչությամբ եւ որոշվեց հետաձգել որոշման կայացումը՝ հաջորդ հանդիպմանը»: Անդրադառնալով այս հիշատակմանը՝ Եվրոպական ժողովրդավարների խմբի (EDG) անունից ելույթ ունեցող բրիտանացի պատվիրակ Դեյվիդ Ուիլշիրը, որը նաեւ ղեկավարում է երկխոսության եւ հաշտեցման միջոցով հակամարտությունների կանխարգելման ենթահանձնաժողովը՝ դժգոհեց հետաձգման որոշումից. «Մի բանի առնչությամբ, որի կապակցությամբ որոշված էր սկսել աշխատանքները 2005-ից: Սա ահավոր նախազգուշացում է մեր բոլորի համար, որ այսպիսի բաները կարող են ճահճանալ, եթե մենք չսկսենք երկխոսություն»:
ԵԽԽՎ երեկվա լիագումար նիստում մեր երկրին վերաբերող խնդիրներ արծարծվեցին նաեւ այնժամ, երբ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյը զեկույցով հանդես եկավ եւ պատասխանեց պատվիրակների հարցերին: Նրան նախ հարց ուղղեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը միգրանտ հայերին արտաքսելու մտադրության վերաբերյալ, եւ հարցրեց՝ արդյոք դա ատելության, ռասիզմի եւ թշնամանքի դրսեւորո՞ւմ չէ, եւ արդյոք նման հայտարարությունը չի՞ հակասում մարդու իրավունքների բոլոր ընդունված նորմերին: Կալմի-Ռեյը պատասխանեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած զարգացում պետք է դիտարկվի այդ երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու ջանքերի համատեքստում, ինչի կապակցությամբ երկուսն էլ «հսկայական քաղաքական կամք են ցուցաբերել վերջին տարիներին»: Հետագա խոսքն էլի արձանագրությունների մասին էր. չհնչեց որեւէ ուղղակի արձագանք Էրդողանի հայտարարությանը:
Հաջորդը հարց ուղղեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան՝ հերթական անգամ խոսելով 1 միլիոն ադրբեջանցի փախստականների մասին, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց տները, քանի որ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը «Հայաստանի կողմից օկուպացված է», եւ հետաքրքրվեց, թե ի՞նչ են ծրագրում՝ նրանց օգնելու համար: Կալմի-Ռեյը հերթական անգամ պատասխանեց, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը պայմանավորված է այն քննարկումներով, որոնք իրականացվում են Մինսկի խմբի շրջանակներում: 
Հաջորդը Դավիթ Հարությունյանն էր, որը նշեց, թե Եվրոպայի խորհրդում գերիշխում են 27 երկրներ, որոնք մշակում են մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սեփական օրակարգը՝ ԵԽ-ից անկախ: Եվ հետաքրքրվեց, թե արդյոք ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավարը մտահոգվա՞ծ չէ, որ այսպես շարունակվելու դեպքում ԵԽ-ն կարեւորություն կունենա միայն այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, եւ ոչ ԵՄ անդամ պետությունները: Ի պատասխան մասնավորապես հնչեց հավաստիացում, թե Եվրոպական միությունն էլ պետք է ստորագրի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Եվ հետո հարց ուղղեց նաեւ Գյուլթաքին Հաջիբեյլին՝ 1416 բանաձեւի, ու դրա պահանջի մասին՝ դուրս բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքից. «Ինչո՞ւ ԵԽ-ն վճռականորեն ու հետեւողականորեն չի իրականացնում այս բանաձեւը»: Հնչեց գրեթե նույն պատասխանը, որ տրվել էր Փաշաեւայի հարցին: Միայն հավելում եղավ, թե հարկ է խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի գործիչների միջեւ հանդիպումները՝ իբրեւ վստահության ամրապնդման միջոց:

Հ. Գ. Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ նաեւ հայտնեց, թե առաջիկա ամիսներին ծրագրում է այցելել Հայաստան, Ռուսաստան եւ Վրաստան՝ փորձելով աջակցել այդ տարածաշրջաններում առկա սառեցված հակամարտությունների կարգավորմանը եւ խաղաղության գործընթացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել