Այս դրույթը ՀՅԴ նախաձեռնությունից է, որով նաեւ առաջարկվում է ստեղծել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման մշտադիտարկում
ու գնահատում իրականացնող մարմին:
Արդեն հաղորդել ենք, որ ՀՅԴ խմբակցությունն ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի նախագիծը: Դրա հոդված 1-ի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ու հայրենազրկումը: Օսմանյան Թուրքիան եւ նրա իրավահաջորդը կրում են լիակատար պատասխանատվություն՝ Հայոց ցեղասպանության, որպես մարդկության դեմ իրականացված հանցագործության համար»:
Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության համակարգման, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակման ու 2011-2015 ժամանակահատվածում միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար, ըստ այս օրենքի նախագծի՝ ստեղծվում է հանձնաժողով: Այդ լիազոր մարմինը նաեւ իրականացնելու է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման մշտադիտարկումն ու գնահատումը:
Օրինագծին կից ՀՅԴ-ն ներկայացրել է «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ուղենիշները» նախագիծը: Ըստ այդ ծավալուն փաստաթղթի, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության սկզբունքներից մեկը հետեւյալն է. «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման գործում Հայաստանի Հանրապետությունը մերժում է վրեժխնդրությունը»: Ուղենիշներով նաեւ նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը «յուրաքանչյուր տարի ոչ ուշ, քան ապրիլի 1-ը, ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում ու հրապարակում Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման գործընթացի վերաբերյալ հաղորդում»:
Օրինագծի ընդունման հիմնավորման մեջ հեղինակները նշել են, թե դրա անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է հետեւյալ խնդրի հրատապ լուծմամբ. «Հայաստանում ներկայումս բացակայում է այդ ուղեգծի ապահովման համակարգային օրենսդրությունը: Թերեւս բացառություն պետք է համարել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1401-XI օրենքը «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին», ինչը, սակայն, ակնհայտորեն բավարար չէ՝ պետական քաղաքականության մակարդակում ինստիտուցիոնալ մոտեցումներ սահմանելու տեսանկյունից»: ՀՅԴ պատգամավորները նաեւ հիշեցնում են. «Մոտենում է Հայոց ցեղասպանության հիշատակման 100-ամյա տարելիցը: Այս տարեթիվը պատշաճ կերպով նշելու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը նոր թափ հաղորդելու համար, կարիք է առաջանում ներդնել պետական քաղաքականության մեխանիզմ, որը ոչ միայն համակարգային կդարձնի համազգային այս նպատակի իրականացումը, այլեւ հնարավորություն կընձեռի մշակել ու գործադրել կոնկրետ ծրագրեր՝ գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում»:
Նշենք նաեւ, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արա Սաֆարյանը երեկ «Panorama.am»-ին ասել է. «Ես գտնում եմ, որ մենք պետք է ունենանք օրենք Ցեղասպանության մասին, դա իսկապես կարեւոր է»: