Ասում է ադրբեջանցի քաղաքագետ, «Ճգնաժամային իրավիճակների հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Զարդուշտ Ալիզադեն:
– Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Ինչպե՞ս եք դուք մեկնաբանում այս վերջին զարգացումները:
– Արձանագրությունների վավերացումը ձգձգվում էր ե՛ւ ղարաբաղյան խնդրի, ե՛ւ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մեջ եղած մեկնաբանությունների պատճառով: Ցյուրիխյան արձանագրություններում հստակ ասված էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հանուն տարածաշրջանային կայունության, անվտանգության էր: Ի՞նչ կայունության եւ անվտանգության մասին կարող էր խոսք լինել առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման: Բոլորը գիտեն, որ երկկողմ այդ հարաբերությունները սառեցվել էին Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով, եւ, կարծում եմ, ՀՀ նախագահի որոշումը փորձ է ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Բայց Թուրքիան մի երկիր է, որի վրա որեւէ երկիր, նաեւ ԱՄՆ-ը, ճնշումներով ոչնչի չի հասնի: Կարծում եմ, Թուրքիայում քաղաքականության փոփոխություն թելադրել կարող է միայն ներքին իրավիճակը, իսկ հայկական համառությունն ավելորդ է, թեեւ դա էլ ներքին պատճառներ ունի: Հայերը դարձել են իրենց իսկ ստեղծած ազգային միֆերի՝ Մեծ Հայքի ստեղծման, հայկական հողերի, պատմական արդարության վերականգնման պատանդը: Այդ ամենը հնացած պատկերացումներ են: Հենց այդպիսի պատկերացումներն են, որ ո՛չ մեզ, ո՛չ ձեզ թույլ չեն տալիս զարգանալու որպես՝ նորմալ պետություններ, նորմալ ազգեր: Կարծում եմ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը սառեցված կմնա մինչեւ Թուրքիայում, հաջորդ տարի կայանալիք ընտրությունները: Հիմա Էրդողանը թույլ չի տա, որ թուրքական ընդդիմությունը այդ հարցը շահարկի առաջիկա ընտրությունների ժամանակ:
– Ուզում եք ասել, որ իրադարձությունների այսպիսի զարգացումը ձեռնտո՞ւ էր Թուրքիային:
– Թուրքիան ավելի պատրաստակամ է հայերի հետ հարաբերությունների կարգավորմանը, քան՝ Հայաստանը, որը բացարձակապես ճկունություն չի դրսեւորում ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Ցեղասպանության, ո՛չ երկու ժողովուրդների համար բեռ դարձած պատմական իրողությունների հիշողությունը թոթափելու հարցերում: Ես հասկանում եմ, թե ինչու է դա այդպես. որովհետեւ Հայաստանում ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը խաղարկում են պատմական հիշողության եւ պատմական հողերի հարցը՝ իշխանության համար պայքարում, իսկ իշխանությունը նրանց պետք է ոչ թե հայ ժողովրդի շահերը սպասարկելու, այլ՝ սեփական գրպանները լցնելու համար: Ե՛ւ ձեր, ե՛ւ մեր իշխանությունները կոռումպացված են ու հակադեմոկրատական: Բանը հասել է արդեն ծիծաղելի մառազմատիզմի. Բակո Սահակյանն ասում է, որ Թուրքիան պակաս դեմոկրատական է, քան Հայաստանն ու Ղարաբաղը: Դա արդեն անլուրջ է: Ցավոք, մեր ժողովուրդները դարձել են էժանագին քաղաքական խաղերի պատանդ: Այո, Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է, որովհետեւ նա հայտարարել է իր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ձեւավորելու մասին: Բացի այդ, Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է չեզոքացնել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մտացածին հավակնությունները Թուրքիայի նկատմամբ, իսկ Թուրքիան ուզում է աշխարհին՝ մահմեդական բնակչությամբ երկրում ժողովրդավարական հասարակություն ունենալու լավ օրինակ եւ աննախադեպ դաս հրամցնել, ինչի հնարավորությունը, ցավոք, Արեւմուտքը նրան չի տալիս:
– Կարծիք կա, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցումը կարող է խթանել ղարաբաղյան խնդրի կարգավորումը, առավել եւս, որ ակնհայտ էր Թուրքիայի դիրքորոշումը՝ հայ-թուրքական հարաբերությունները առանց ԼՂ հիմնախնդրի հարցում առաջխաղացման, կարգավորվել չեն կարող: Դուք նման հնարավորության հեռանկար մոտ ապագայում տեսնո՞ւմ եք, առավել եւս, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ մայիսին Անկարա կատարելիք այցի ընթացքում քննարկման առանցքային թեմա է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
– Չեմ կարծում, որ մոտ ապագայում ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծվի, որովհետեւ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են: Բացի դա, այդ ուղղությամբ, ոչ թե խնդրի կարգավորման՝ սա ես շեշտում եմ, այլ հակամարտության գլխավոր սպոնսրի՝ Ռուսաստանի, զինանոցը բացարձակապես դատարկ է: Ռուսաստանը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններ պահպանելու կամ դրանք կառուցելու որեւէ առաջարկ չունի: ՌԴ-ն օգտագործում է տարածաշրջանը հակամարտությունների համատեքստում կառավարելու իր հին ոճը: ՌԴ-ն Հայաստանը պատանդի կարգավիճակում պահում է՝ օգտագործելով ղարաբաղյան հակամարտությունը, եւ Հայաստանի քաղաքական էլիտան ամբողջովին Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում: Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանին, որի քաղաքական էլիտան եւս հետաքրքրված չէ հակամարտության լուծմամբ: Նա նույնիսկ ընդունակ չէ համարձակություն դրսեւորել փոխել հակամարտության կարգավորման ձեւաչափը՝ պահպանելով կարգավորման էությունը:
Մյուս կողմից, որքան ավելի խորն եմ ուսումնասիրում այս հակամարտությունը, այնքան ավելի եմ համոզվում, որ դրա լուծման համար ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում բացակայում է քաղաքական կամքը: Հակամարտությունը ձեռնտու է մեր երկրների քաղաքական էլիտաներին՝ ժողովրդին հիմարացնելու եւ կեղծ հայրենասիրության թեման շահարկելով, իշխանությունը պահելու համար:
– Բայց Իլհամ Ալիեւը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե՝ եթե ոչ խաղաղ, ապա ռազմական ճանապարհով Ադրբեջանը պատրաստ է հետ ստանալ «օկուպացված» տարածքներն ու Լեռնային Ղարաբաղը: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանում մարդիկ, քաղաքական շրջանակները հավատում են դրան եւ, երեւի, նաեւ այդ տարբերակով ճանապարհով հարցը լուծելու հույս են փայփայում:
– Հավատացեք, Ադրբեջանում վաղուց արդեն ոչ ոք չի հավատում այդ հայտարարություններին, առավել եւս՝ Ադրբեջանի կողմից ցանկացած քայլ համաձայնեցվում է Մոսկվայի հետ: Ե՛վ հայերի, ե՛ւ ադրբեջանցիների մոտ երեսպաշտությունը մեծ տեղ ունի. նրանք ասում են մի բան, մտածում են այլ: Այդպես է նաեւ Ադրբեջանում: Ո՞վ է հավատում, որ մենք, հանուն Ղարաբաղի, պատրաստ ենք պատերազմել: Արդյոք Ղարաբաղում գազ, նավթ, ուրան կա՞: Ոչինչ չկա, ու դրա համար էլ հանուն Ղարաբաղի ոչ ոք ռիսկի չի դիմի. պատերազմել ու կորցնել իր պաշտոնը, փչացնել հարաբերություններն աշխարհի հետ, վտանգի ենթարկել նաեւ գազի ու նավթի տարհանումը, որը միլիարդավոր դոլարների եկամուտ է ապահովում: Բոլոր դեպքերում, ես չեմ կարծում, որ Ադրբեջանում քաղաքական վերնախավում որեւէ մեկը մտածում է եւ պատրաստ է պատերազմի՝ վտանգելով իր պաշտոնը:
– Ոմանց դիտարկմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը չէր կարող արձանագրությունների վավերացումը կասեցնել՝ առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համաձայնության:
– Դա բացարձակ ճշմարտություն է:
– Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների, նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փոխվել է:
– Մի առակ կա. նապաստակին ասում են՝ փախի, իսկ գայլին՝ որսա: Ռուսաստանը Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցուցում էր տվել, միաժամանակ Ադրբեջանին հրահանգելով՝ խանգարել, կասեցնել այդ գործընթացը: Ադրբեջանն այս փուլում այդ հանձնարարականը հաջողությամբ իրականացրեց: