Մարտի 1-ի նախկին Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Աժ փոխնախագահ Սամվել Նիկոյանին եւ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանին «Առավոտը» մի քանի հարց ուղղեց:
Սամվել Նիկոյան
– Ձեր հանձնաժողովի կողմից ներկայացված զեկույցում եւս կար պնդում, որ «Չերյոմուխա-7»-ի գործածման արդյունքում են եղել 10 զոհերից առնվազն 3-ը: Հիմա ասում եք՝ չեմ տիրապետում, ինչի՞ն:
– Չէ, դա ակնհայտ էր: Հանձնաժողովը, այո, եւս իր զեկույցում խոսել է այդ մասին, եւ խոսքը վերաբերել է ոչ միայն երեք զոհերին, այլեւ այնտեղ նաեւ վիրավորներ կան: Խնդիրն այն է, որ, այո, «Չերյոմուխա-7»-ը կիրառվել է առանց կիրառման կարգի, որովհետեւ կիրառողները առաջնորդվել են ԽՍՀՄ նախարարի հրամանով, մինչդեռ Հայաստանում դրա կիրառումը դադարեցված է եղել;
– Բայց պարզ էր, չէ՞, թե ովքեր են հրահանգել դրանք կիրառել, եւ կոնկրետ ովքեր են դա կիրառել:
– Հայտնի է, որ 4 ոստիկաններ են դրանք օգտագործել, բայց դուք էլ լուսաբանել եք, եւ պարզ էր, որ հնարավոր չեղավ նույնականացնել, թե կոնկրետ ում գործողությունների արդյունքում են մարդիկ սպանվել:
– Հնարավոր չեղա՞վ, թե՞ ցանկություն չեղավ:
– Ես զարմանում եմ ձեր հարցի վրա, որովհետեւ հայտնի է, թե մենք որքան գործ արեցինք, դիմեցինք ՌԴ փորձագիտական կենտրոններին, դիմեցինք ԱՄՆ-ին, դեսպանատան միջոցով խնդրեցինք, որ եթե կան փորձագետներ, որ կկարողանան նույնականացումն իրականացնել, աջակցեն, դիմեցինք նաեւ մարդու իրավունքների հանձնակատար պարոն Համմարբերգին, նա էլ փորձեց օգնել այդ հարցում: Նրա կողմից ներկայացված փորձագետը նշեց, որ հնարավոր չէ նույնականացում իրականացնել: Որովհետեւ, ըստ էության, դրանք պլաստմասսայե խցիկներով էին, որոնք ջերմության ազդեցության տակ ձեւափոխվում են, եւ նույնականացումը այլեւս հնարավոր չի լինում: Մի պահ ես էլ էի կարծում, թե հնարավոր է նույնականացում իրականացնել, ցավոք, համոզվեցինք, որ դա անհնարին է: Խորը հիասթափություն ապրեցի, երբ պարզվեց, որ հնարավոր չէ:
Արծվիկ Մինասյան
– Մարտի 1-ի զոհերի հարազատները արդար դատավարություն են պահանջում, պահանջում են բացահայտել իրենց զավակներին սպանողներին եւ պատժել: Արդա՞ր չէ նրանց պահանջը:
– Նախ՝ ակնհայտ է, որ «Չերյոմուխայից» զոհվածների գործով մեղադրվող անձինք կային: Եվ երկրորդ՝ ստեղծված մոնիտորինգային ֆունկցիա իրականացնող հանձնաժողովը, այս դեպքում՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, նաեւ պետք է հետեւի այդ գործողություններին, դատավարությանը: Մարտյան հանձնաժողովի եզրակացության մեջ կարեւոր պահանջներից մեկն էլ դա է եղել: Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր էր հետեւողականորեն աշխատել եւ հասարակությանը պարբերաբար ներկայացնել գործի ընթացքի մասին: Իսկ պետաիրավական հարցերի հանձնաժողովը պարտավոր է մոնիտորինգ իրականացնել: Զոհերի հարազատներին ցավակցելուց զատ՝ ես կառաջարկեմ, որ իրենք նաեւ թիրախավորումը փոխեն:
– Այսինքն՝ ի՞նչ անեն:
– Մասնավորապես նույն՝ մոնիտորինգ իրականացնելու պարտականություն ունեցող հանձնաժողովի առջեւ խնդիր դնեն, որ ստանա արդյունքները եւ տեղեկացնի՝ նաեւ պահանջ դնելով Հատուկ քննչական ծառայության առջեւ: Հակառակ դեպքում, դատական կարգով բողոքարկման դեպքում, ըստ էության, որեւէ լուրջ դժվարություն չի առաջացնում Հատուկ քննչական ծառայության համար հիմնավորել, որ իրենք իրականացնում են գործը, սակայն դեռ բավարար ասելիք չունեն: Այսինքն՝ զոհերի հարազատները մտնում են իրավական մի նուրբ հարթություն, որտեղ իրենք ավելի ուժեղ չեն, քան դիմացի մարմինը: Հարկավոր է, որ տակտիկական տեսանկյունից իրենք ուղղորդեն այլ պետական մարմինների եւս: