ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ ութերորդ
ԴՈՒՔ ՄՈՒԹԻ ՄԵՋ, ՄԵՆՔ՝ ԼՈՒՅՍԻ
Եվ դռնապանը սիրալիր ժպտալով ասաց՝ «կարող եք վերարկուները հանդերձարանում հանել», եւ Նինան ականջիս շշնջաց՝ «հանվելու համար խելքներս մերը չի», եւ երբ վերարկուներս հանդերձապահին հանձնեցինք ու դեպի ռեստորան էինք շարժվում, Նինան ժպտալով ասաց՝ «շատ անխելք դռնապան էր», եւ ես հարցրի՝ «ինչի՞ էր անխելք», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ինձ աղջիկ ասեց» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «խեղճն ի՞նչ իմանա, որ էս քանի օրվա մեջ հնդեվրոպացիք ինձ մի հիսուն անգամ աղջկությունից զրկել են», եւ ես ժպտալով հարցրի՝ «նախքան հնդեվրոպացիներին հանդիպելդ աղջիկ էի՞ր», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «համարյա», եւ քանի որ մենք ոչ թե ռեստորանի մուտքից էինք շենք մտել, այլ՝ Գրողների կենտրոնական տան գլխավոր մուտքից, ստիպված էինք սրճարանի միջով անցնել ու նոր մտնել ռեստորան, եւ, հիշում եմ, երբ սրճարանի միջով անցանք, սրճարանի ամենահեռու ու ամենամութ անկյունում իմ համակուրսեցիներ Տանյա Բրիկսինան, Վոլոդյա Դագուրովն ու Վոլոդյա Կոսմաչեւսկին էին նստած, եւ չնայած իրենց անկյունը բավական մութ էր, ես իրենց անմիջապես նկատեցի, եւ դա նշանակում էր, որ իրենք ինձ ու Նինային պիտի որ ավելի հեշտ նկատեին, որովհետեւ սրճարանի՝ ինձ ու Նինային ռեստորան տանող միջանցքն անհամեմատ լուսավոր էր, եւ երբ սրճարանն անցանք, Նինան հարցրեց՝ «ձերոնց նկատեցի՞ր», եւ ես ասացի՝ «երանի չնկատեի», եւ Նինան ասաց՝ «եթե մենք իրենց չնկատեինք, միեւնույն ա, իրենք մեզ նկատելու էին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ իրենք մթության մեջ էին, իսկ մենք՝ լույսի», եւ, հիշում եմ, էդ պահին Չիլոյի բանաստեղծությունը հիշելով արտասանեցի՝ «դու մութի մեջ, ես՝ լույսի», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «էդ ի՞նչ ես քեզ-քեզ խոսում», եւ ես սթափվելով ասացի՝ «հեչ», ու էդ պահին արդեն ռեստորանում էինք, եւ երբ մատուցողը մեզ առաջարկեց ընտրել երկու ազատ սեղաններից մեկը, մենք ընտրեցինք ձախ կողմի ամենահեռավորը, եւ երբ արդեն նստել էինք, Նինան ժպտալով ասաց՝ «էլ սրանից հետո ձեր լեզվով քեզ-քեզ չխոսես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի տեսակ վախենալու ա», եւ ես ձեռքս շալվարիս գրպանը տանելով գոռացի՝ «էլի մոռացա», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչը մոռացար», եւ ես շիվարած ասացի՝ «փողերս մնացին վերարկուիս գրպանում», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ժետոնները մոտդ ե՞ն», եւ ես պիջակիս գրպանում իմ ու Նինայի վերարկուների ժետոնները գտնելով ասացի՝ «հա», եւ Նինան ժպտալով ասաց՝ «կարեւորը ժետոններն են» եւ ժպտալով ավելացրեց՝ «գնա՝ հանդերձապահից վերարկուդ վերցրու» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ փողե՛րդ վերցրու», եւ ես Նինային հարցրի՝ «հետս չե՞ս գա», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ե՞ս ինչի հետդ գամ», եւ ես հարցրի՝ «քեզ մենակ թողե՞մ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ինձ համար մի անհանգստացի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես էստեղ ինձ շատ լավ եմ զգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մոռանում ես, որ ես իմ հայրենիքում եմ գտնվում», եւ ես ասացի՝ «գնամ ու շուտ գամ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «անհամբեր կսպասեմ քեզ», եւ ես հանդերձարանի կողմ շարժվելով՝ սրճարանի միջով անցնելիս դիտմամբ Տանյայենց կողմ չնայեցի եւ հանդերձարան հասնելով ու հանդերձապահին մոտենալով՝ ժետոններս տվեցի, եւ հանդերձապահն իմ ու Նինայի վերարկուները տալով հարցրեց՝ «արդեն գնում ե՞ք», եւ ես ասացի՝ «չէ. բան եմ մոռացել» եւ վերարկուիս գրպանից տասանոցներս հանելով ու շալվարիս գրպանը խցկելով՝ վերարկուները վերադարձրի ու ասացի՝ «շնորհակալություն», եւ հանդերձապահը տասանոցներս ու հուզմունքս նկատելով ասաց՝ «մեզ մոտ ոչինչ չի կորչում, երիտասարդ», եւ ես ժպտալով ասացի՝ «համոզվեցի» եւ գոհունակությամբ ավելացրի՝ «շնորհակալություն» եւ խաղաղված ու հանգիստ շարժվեցի ռեստորանի կողմ եւ երբ սրճարանի միջով անցնելիս Տանյայենց կողմ չնայեցի, Տանյան իրենց մութ անկյունից գոռաց՝ «էդ ո՞ւր, Արմուշկա», եւ ես շրջվելով՝ ճարահատյալ մոտեցա իրենց ու բարեւեցի, եւ Տանյան ժպտալով ասաց՝ «անցնում ես՝ չես էլ նկատում», եւ ես շփոթված ասացի՝ «չեմ նկատել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մթության մեջ եք նստած», եւ Կոսմաչեւսկի Վոլոդյան ժպտալով ինձ ասաց՝ «մենք էլ մտածում էինք՝ հիվանդացել ես», եւ Դագուրով Վոլոդյան ասաց՝ «որ դասի չէիր էկել, մտածեցինք՝ հիվանդացել ես», եւ Տանյան ժպտալով ասաց՝ «սերն ամենաուժեղ հիվանդությունն ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ սեր», եւ Կոսմաչեւսկի Վոլոդյան ժպտալով ասաց՝ «մենք մթության միջից տեսանք՝ ինչպես ես լույսերի միջով գեղեցկուհուդ դեպի ռեստորան առաջնորդում», եւ ես ժպտալով Կոսմաչեւսկուն ասացի՝ «դու պիտի բանաստեղծություն գրեիր, ոչ թե՝ արձակ ու դրամատուրգիա», եւ Կոսմաչեւսկին ժպտալով ասաց՝ «բանաստեղծությունից եմ սկսել», եւ Տանյան ասաց՝ «բոլորս էլ բանաստեղծությունից ենք սկսել», եւ Կոսմաչեւսկին Տանյային ասաց՝ «բայց Արմենն ու դու մինչեւ հիմի էլ բանաստեղծության վրա եք», եւ Տանյան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց Արմուշկան ժիվոյ բանաստեղծությունն ա նախընտրում», եւ Դագուրովն ինձ ասաց՝ «էդ հետիդ աղջիկն իսկական բանաստեղծություն էր», եւ Կոսմաչեւսկին ծիծաղելով ասաց՝ «ճիշտ ա՝ հետեւից տեսանք, բայց հետեւից էլ էր զգացվում, որ բանաստեղծություն ա», եւ Տանյան ժպտալով ասաց՝ «Արմուշին գործից կտրում ենք» եւ ժպտալով ավելացրեց՝ «գնա, Արմենչո. բանաստեղծությունդ քեզ ա սպասում», եւ ես ժպտալով ասացի՝ «հա. գնամ», եւ Տանյան ժպտալով ասաց՝ «հուսով եմ՝ մի օր էլ մեզ ռեստորան կհրավիրես», եւ ես ասացի՝ «կարանք հենց հիմա էլ գնանք», եւ Կոսմաչեւսկին ժպտալով ասաց՝ «թող մնա՝ մի ուրիշ անգամ», եւ Տանյան ժպտալով ինձ ասաց՝ «վրադ շատ թանկ կնստի», եւ Դագուրովը ժպտալով ասաց՝ «պոեզիան թանկ հաճույք ա» եւ ժպտալով ինձ հարցրեց՝ «էդ բանաստեղծությանդ հետ մեզ չես ծանոթացնի՞», եւ ես ժպտալով ասացի՝ «թող մնա՝ մի ուրիշ անգամ», եւ Կոսմաչեւսկին ժպտալով ասաց՝ «թող ինքը կարգին ծանոթանա՝ հետո նոր մեզ կծանոթացնի», եւ ես ժպտալով ասացի՝ «գնամ՝ կարգին ծանոթանամ», եւ Տանյան ժպտալով ասաց՝ «առայժմ, Շեկոյանչիկ», եւ Դագուրովն ասաց՝ «ես միշտ էլ Արմենի ճաշակը բարձր եմ գնահատել», եւ ես ժպտալով ասացի՝ «առայժմ» եւ երբ մտա ռեստորան, Նինան արդեն անհանգիստ էսուէն կողմ էր նայում եւ ինձ տեսնելով՝ երեւի շատ ուրախացավ, բայց դեմքին խիստ արտահայտություն տալով ասաց՝ «մի քիչ էլ որ ուշանայիր, արդեն գնալու էի», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւր էիր գնալու», եւ Նինան նեղացած պատասխանեց ու ասաց՝ «տուն», եւ ես ժպտալով հարցրի՝ «Կլի՞ն», եւ Նինան ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «չէ. հանրակացարան», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա լավ է՞ր, որ դու ինձ էդքան սպասացրիր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «տարբերություն կա», եւ ես հարցրի՝ «տարբերությունը ո՞րն ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես աղջիկ եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նույնիսկ դռնապանը գլխի ընկավ, որ աղջիկ եմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «երբվանի՞ց ես աղջիկ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «արդեն մի քանի օր ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «սպասելը լավ բան չի, չէ՞», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «գոնե փողերդ տեղո՞ւմ էին», եւ ես ժպտալով ասացի՝ «համ փողերս էին տեղում, համ էլ՝ Տանյայենք», եւ Նինան հարցրեց՝ «քեզ տեսա՞ն», եւ ես ժպտալով ասացի՝ «ուզում էի փախնեմ, բայց բռնացրին», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ էին ասում», եւ ես ասացի՝ «հարցուփորձ էին անում», եւ Նինան ասաց՝ «ճիշտն ասած, մտքովս անցավ, որ էսքան ժամանակ դրանց հետ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես մեղավոր չեմ», եւ Նինան հարցրեց՝ «ինչի՞ համար մեղավոր չես», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդամենը մի քանի րոպե եմ բացակայել, բայց քեզ դարից էլ երկար ա թվացել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մտածում էի՝ ինձ էստեղ նստացրել ու էդ ընձուղտի հետ ժամերով ջուր ես ծեծում, կատաղությունից գժվում էի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «կարող ա՞ Տանյայի հետ վատ ես», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ընդամենը մի քանի րոպե եմ բացակայել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետները խոսքով ընկել՝ ժամանակի զգացողությունն էլ ես կորցրել», եւ ես ժպտալով ասացի՝ «կներես», եւ Նինան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ձերոնք ինձ նկատել էի՞ն», եւ ես ժպտալով ասացի՝ «մի գլուխ քեզնից էին հարցուփորձ անում», եւ Նինան մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «հիմա ինստիտուտով մեկ կտարածեն» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «ի՞նչ էին հարցուփորձ անում», եւ ես ժպտալով ասացի՝ «հարցնում էին՝ էդ հետիդ գեղեցկուհին ո՞վ ա», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ո՞նց. ինձ չեն ճանաչե՞լ», եւ ես ժպտալով ասացի՝ «ոնց որ չեն ճանաչել», եւ Նինան հանգստացած շունչ քաշելով ասաց՝ «բնական ա, որ չպիտի ճանաչեին», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ չպիտի ճանաչեին», եւ Նինան ասաց՝ «իրենք ինձ միշտ շալվարով են տեսել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հազարից մեկ են ինձ շրջազգեստով տեսել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էս շրջազգեստով ընդհանրապես չեն տեսել», եւ ես Նինայի շրջազգեստին նայելով ասացի՝ «ես էլ քեզ էս շրջազգեստով չէի տեսել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «չէիր էլ կարող տեսնել, որովհետեւ էս շրջազգեստս առաջին անգամ եմ հագել», եւ ես ձեռքս Նինայի կրծքին դնելով ասացի՝ «չտեսնված շրջազգեստ ա», եւ Նինան ձեռքս կրծքից հեռացնելով ասաց՝ «իմ սենյակում չենք գտնվում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս ռեստորանում ինձ ճանաչողներ կան», եւ ես շուրջս նայելով հարցրի՝ «ո՞վ ա ճանաչում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «համարյա բոլորը», եւ ես ռեստորանում նստածներին նայելով ասացի՝ «մերոնք որ քեզ չճանաչեցին, երեւի սրանք էլ չեն ճանաչի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «դու որ ճանաչել ես, բոլորն էլ կճանաչեն», եւ ես Նինայի ձեռքը բռնելով ասացի՝ «շրջազգեստդ ուղղակի չտեսնված ա», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ուրիշ փոփոխություն չե՞ս նկատում», եւ ես Նինային ուշադիր զննելով հարցրի՝ «ի՞նչ փոփոխություն», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «սանրվածքիս մեջ փոփոխություն չե՞ս նկատում», եւ ես Նինայի մազերին ուշադիր նայելով հարցրի՝ «մազերդ կտրե՞լ ես», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ոչ թե կտրել եմ, այլ սանրվածքս եմ ձեւափոխել» եւ ժպտալով հարցրեց՝ «փոփոխություն չես տեսնո՞ւմ», եւ ես նորից ուշադիր նայելով ասացի՝ «ճիշտն ասած՝ չէ», եւ Նինան ասաց՝ «էդքան ուշադիր նայում ես, բայց փոփոխությունը չես նկատում», եւ ես Նինայի ձեռքը բռնելով ասացի՝ «ճիշտն ասած՝ առաջվա սանրվածքդ լավ չեմ հիշում», եւ Նինան ձեռքը հետ քաշելով ասաց՝ «ձեռքերիդ ազատություն մի տուր» եւ լրջանալով ավելացրեց՝ «արդեն մեզ են նայում», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա նայում», եւ Նինան կամացուկ ասաց՝ «Եվգենի Ալեքսանդրովիչը», եւ ես հարցրի՝ «Եվգենի Ալեքսանդրովիչն ո՞վ ա», եւ Նինան պատասխանեց ու ասաց՝ «Եվտուշենկոն», եւ ես Նինայի հայացքի ուղղությամբ նայելով ու Եվտուշենկոյին տեսնելով ասացի՝ «հա. ինքն ա» եւ ծիծաղելով ավելացրի՝ «հազիվ ճանաչեցի. ինքն էլ ա պրիչոսկեն փոխել», եւ Նինան ինձ սաստելով ասաց՝ «կամաց հռհռա. լսվում ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հա. էս ռեստորանի ակուստիկան շատ ուժեղ ա», եւ Նինան շշնջաց՝ «անհարմար ա. ինքն ինձ ճանաչում ա», եւ ես զարմացած հարցրի՝ «քեզ որտեղի՞ց ա ճանաչում», եւ Նինան ասաց՝ «ամսվա մեջ ամենաքիչը մի անգամ Պիմենովի մոտ ա գալիս», եւ ես հարցրի՝ «խի՞ ա Պիմենովի մոտ գալիս», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ. իրենից հարցրու», եւ ես ժպտալով հարցրի՝ «Պիմենովից հարցնե՞մ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «չէ. Եվտուշենկոյից», եւ ես ասացի՝ «կհարցնեմ. ինքը ինձ էլ ա ճանաչում», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «Պիմենո՞վը», եւ ես ժպտալով ասացի՝ «չէ. Եվտուշենկոն», եւ Նինան հարցրեց՝ «քեզ որտեղի՞ց ա ճանաչում», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ երկար պատմություն ա», եւ Նինան հարցրեց՝ «Եվգենի Ալեքսանդրովիչի հետ ա՞ կապված», եւ ես ժպտալով ասացի՝ «Եվգենի Ալեքսանդրովիչի, իմ, Բրիկսինա Տանյայի, Վրաստանի ու էլի ուրիշ բաների հետ ա կապված», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «Տանյան ու Վրաստա՞նն ինչ կապ ունեն», եւ ես ասացի՝ «շատ երկար պատմություն ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «որ պատմեմ՝ մի քանի ժամ կտեւի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի պատմի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «առանց էդ էլ՝ Տանյայի պատճառով քեզ ահագին սպասեցի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես քեզ ամբողջ կյանքում եմ սպասել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «շա՜տ կեղծավոր բանաստեղծ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ի՞նչ բանաստեղծ. բանաստեղծը Եվգենի Ալեքսանդրովիչն ա», եւ Նինան ժպտալով ասաց՝ «բայց ինքը կեղծավոր չի», եւ ես հարցրի՝ «քեզ հեչ կոմպլիմենտ չի արե՞լ», եւ Նինան ասաց՝ «ամեն անգամ համ կոմպլիմենտ ա անում, համ էլ ծամոն ա տալիս», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ծամոն», եւ Նինան ասաց՝ «ինքը որ արտասահմանում շատ ա լինում, մոտը միշտ ծամոն ա ունենում», եւ ես ժպտալով ասացի՝ «բախտավոր աղջիկ ես. ուզբեկները քեզ կոնյակ են նվիրում, բանաստեղծները՝ ծամոն», եւ Նինան ժպտալով ասաց՝ «հնդեվրոպացիներն էլ ռեստորան են հրավիրում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հրավիրում են ռեստորան ու հանկարծակի անհետանում են», եւ ես հարցրի՝ «ո՞ւր են անհետանում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «սատանան գիտի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մեկ էլ երեւի Բրիկսինան կիմանա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «Բրիկսինան հեչ հարմար խանդի առարկա չի», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ինչո՞վ հարմար չի», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը Եվգենի Ալեքսանդրովիչից էլ ա բոյով», եւ Նինան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բոյն ի՞նչ կապ ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ մտքիդ տեղ լինի, բոյը հեչ էլ չի խանգարի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ն չի խանգարի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մարմնական հարաբերություններին», եւ ես ծիծաղելով ասացի՝ «շատ ուժեղ երեւակայություն ունես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ բաներից խոսենք», եւ ես ասացի՝ «քո սենյակում ավելի լավ էր, քան՝ էս ռեստորանում», եւ Նինան հարցրեց՝ «ինչո՞վ էր լավ», եւ ես Նինայի ձեռքը բռնելով ասացի՝ «էնտեղ մեզ ավելի ազատ էինք զգում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ էստեղ համարյա բոլորին ճանաչում եմ» եւ ձեռքը հետ քաշելով ավելացրեց՝ «դու էլ մի գլուխ ձեռ ես գցում», եւ ես հարցրի՝ «ուրիշ ծանոթներ էլ կա՞ն», եւ Նինան մտահոգ պատասխանեց ու ասաց՝ «լիքը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի ուրիշ ռեստորան պիտի գնայինք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ րոպեն մեկ ձեռ չգցես, ամեն ինչ շատ նորմալ ա», եւ ես դժգոհելով ասացի՝ «նույնիսկ մատուցողը չի մոտենում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մատուցողը լավ էլ մոտեցել էր», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ ա մոտեցել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «երբ որ Բրիկսինայի հետ սիլիբիլի էիք անում», եւ ես նեղսրտելով ասացի՝ «Բրիկսինայի թեման փակենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հաճույքով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ որ լարված ա լինում, տհաճ բաների մասին ա խոսում», եւ ես ասացի՝ «մի՛ լարվի», եւ Նինան հարցրեց՝ «բա ի՞նչ անեմ», եւ ես Նինայի ձեռքը բռնելով ասացի՝ «թուլացի» եւ ժպտալով ավելացրի՝ «թուլացի ու հաճույք ստացի», եւ Նինան ձեռքը հետ քաշելով ասաց՝ «ինչքան հասկանում եմ՝ մեր հաճույքի պահերն արդեն անցել են», եւ ես հարցրի՝ «ո՞նց են անցել», եւ Նինան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «անվերադարձ», եւ ես ժպտալով ասացի՝ «մեզ թերագնահատում ես», եւ Նինան թախծոտ ժպտալով ասաց՝ «մեզ շատ գերագնահատեցինք», եւ ես ժպտալով ասացի՝ «փոխանակ քեզ գերագնահատես, Բրիկսինային ես գերագնահատում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Բրիկսինայի հաշվով կատակ էի անում» եւ մի քիչ էլ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «մենակ էդ էր պակաս, որ էդ ընձուղտին ինձ կոնկուրենտ համարեի», եւ ես ժպտալով ասացի՝ «որ իրան կոնկուրենտ չհամարեիր, էդքան չէիր չարանա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ կանես՝ քո կոնկուրենտների մասին մտածես», եւ ես Նինայի ձեռքը բռնելով հարցրի՝ «իմ կոնկուրենտներն ովքե՞ր են», եւ Նինան ձեռքը հետ քաշելով ասաց՝ «ձեռքդ քեզ քաշի. կոնկուրենտներիցդ մեկը գալիս ա», ու էդ պահին մատուցողը մոտեցավ մեր սեղանին ու ժպտալով Նինային հարցրեց՝ «արդեն մտածեցի՞ք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «չի ստացվում», եւ մատուցողը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը չի ստացվում», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «մտածելը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե մեր փոխարեն դուք մտածեք՝ երեւի ավելի ճիշտ կլինի», եւ մատուցողը մեր փոխարեն մտածելով ասաց՝ «տավարի ֆիլե ունենք՝ կիսաեփ, արյունը վրան», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ճիշտ այդպես. տավարի ֆիլե՝ կիսաեփ, արյունը վրան», եւ մատուցողն ինձ նայելով հարցրեց՝ «իսկ երիտասա՞րդն ինչ է ցանկանում», եւ Նինան իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «տավարի ֆիլե՝ կիսաեփ, արյունը վրան», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «միգուցե երիտասարդն ա՞յլ բան է ցանկանում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «երիտասարդն այլ բան ցանկանալու իրավունք չունի», եւ մատուցողը ժպտալով Նինային հարցրեց՝ «այդպե՞ս եք կարծում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «էդպես ենք պայմանավորվել», եւ մատուցողը ժպտալով ինձ հարցրեց՝ «խմելո՞ւ ինչ կցանկանայիք», եւ Նինան մատուցողին ասաց՝ «բոլոր հարցերով ինձ դիմեք. չեք տեսնո՞ւմ, որ երիտասարդը խուլուհամր է», եւ մատուցողն ապշահար նայեց ինձ ու Նինային ասաց՝ «ներեցեք», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «պարտավոր չէիք իմանալ», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու Նինային հարցրեց՝ «կոնյա՞կ, թե՞ օղի», եւ ես ժպտալով ասացի՝ «օղի», եւ մատուցողը ապշահար նայեց ինձ ու մի քիչ մտածելուց հետո ժպտալով ասաց՝ «շա՜տ կատակասեր կին ունեք», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ընկերուհին եմ», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «սկզբում ընկերուհի են լինում, հետո նոր՝ կին», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մեզ մոտ ճիշտ հակառակը ստացվեց», եւ մատուցողը ժպտալով Նինային հարցրեց՝ «ուրեմն, օղի՞ եմ բերում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «խմիչքի առումով իմ ու երիտասարդի ճաշակները միանգամայն համընկնում են», եւ մատուցողը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ օղի եք ցանկանում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեր հայեցողությանն ենք թողնում», եւ մատուցողը գոհունակությամբ ասաց՝ «շատ բարի» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կես լի՞տր», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «առայժմ կես լիտր», եւ մատուցողը ժպտալով հարցրեց՝ «զեյթուն ու պանիր բերե՞մ», եւ ես ասացի՝ «հանքային ջուր էլ», եւ Նինան ասաց՝ «ինձ լիմոնադ», եւ ես ասացի՝ «եթե կարելի է, սուրճ բերեք՝ մինչեւ ֆիլեն լինի», եւ մատուցողը Նինային հարցրեց՝ «ձեզ է՞լ սուրճ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մենք միշտ միասին ենք սուրճ խմում», եւ մատուցողը թղթի վրա մեր ասածները գրելով ժպտաց ու ասաց՝ «պարզ է», եւ Նինան ժպտալով ասաց՝ «հրաշալի ռեստորան է», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «մեր հաճախորդներն էլ են հրաշալի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ձեր հաճախորդներին հրաշալի եք վերաբերվում», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «որովհետեւ մեր հաճախորդները շատ ուժեղ հումոր ունեն», եւ ես ժպտալով մատուցողին ասացի՝ «ձեր հաճախորդների կատակները լավ էլ հանդուրժում եք», եւ մատուցողը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ գիտենք, որ մեր հաճախորդները պատահական մարդիկ չեն», եւ Նինան ծիծաղելով մատուցողին ասաց՝ «ձեզ մոտ նույնիսկ համրերն են խոսում», եւ մատուցողը հիացմունքով նայեց Նինային ու ժպտալով ասաց՝ «կույրերն էլ տեսնում են», եւ ես ժպտալով մատուցողին հարցրի՝ «սկզբում սուրճը կբերեք, չէ՞», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «ամենասկզբում՝ սուրճը, օղին, զեյթունը, պանիրն ու ջրեղենը», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «դուք այնքան կիրթ եք, որ մարդ անհարմար է զգում ձեզ որեւէ բան պատվիրել», եւ մատուցողը ժպտալով հարցրեց՝ «ուրիշ բան չե՞ք պատվիրելու», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշ ոչինչ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «այնքան կիրթ եք՝ ասես դուք էլ գրող լինեք», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «գրողների հետ ամեն օր շփվելով՝ մենք էլ ենք կամաց-կամաց կրթվում», եւ ես ժպտալով ասացի՝ «դուք ավելի կիրթ եք, քան՝ գրողները», եւ մատուցողը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «չափազանցությունների մեջ չընկնենք», եւ Նինան ժպտալով մատուցողին ասաց՝ «էնքան եք գրողների հետ շփվել, որ երեւի դուք էլ եք արդեն գրում», եւ մատուցողը ժպտալով ասաց՝ «ճիշտ հակառակը», եւ Նինան հարցրեց՝ «այսինքն», եւ ակնհայտ հրեական դիմագծերով մատուցողը ժպտալով ասաց՝ «նախքան էստեղ աշխատելս էի բանաստեղծություններ գրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդպիսի ռուս կա՞, որ պատանի ու երիտասարդ հասակում բանաստեղծություններ գրած չլինի», եւ Նինան մատուցողին ժպտալով ասաց՝ «դուք հիմա էլ եք բավական երիտասարդ», եւ մատուցողը կարմրելով ասաց՝ «շնորհակալ եմ, որ պատանի չասացիք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե հիսունն անց երիտասարդներ լինում են, կարելի է համարել, որ երիտասարդ եմ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ես ձեզ քառասունից ավել չէի տա», եւ մատուցողը ժպտալով ինձ ասաց՝ «ձեր ընկերուհին չափազանց մեծահոգի է», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը նույնիսկ ինձ է երիտասարդ համարում», եւ մատուցողը ժպտալով ինձ ասաց՝ «պարզվում է՝ դուք էլ պակաս հումոր չունեք»: