Լրահոս
Օրվա լրահոսը

«Եփրատի մյուս կողմից»

Ապրիլ 24,2010 00:00

Որքան էլ թուրքական իշխանությունները փորձեն լռեցնել պատմությունը, ժամանակ առ ժամանակ հայտնվում են հերոս արվեստագետներ, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ ազգերին հիշեցնում են իրենց անցյալը:

Վերջերս լուսանկարիչ Մուժգան Արփաթը բացել էր իր հերթական ցուցահանդեսը՝ «Եփրատի մյուս կողմում» ապրողներից անտեղյակ է արեւմուտքը» խորագրով: Ավելի վաղ նա կազմակերպել էր մեկ այլ՝ «Գյավուրների փողոց» ցուցահանդեսը, որտեղ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ներկայացրել էր Դիարբեքիրի հարյուրավոր հայ ընտանիքներով բնակեցված Հանչեփեք թաղամասը, որը մուսուլմանները անվանում էին «Գյավուրի թաղամաս»:
1915-ի կոտորածներից հետո ողջ մնացած Հանչեփեքի բնակիչները գաղթել էին, փողոցն ամբողջությամբ ամայացել էր. «Երբ ձեռնամուխ եղա այս ծրագրի իրականացմանը, այդ փողոցում մնացել էր մի բուռ հայ: Այսօր նախկին հայկական ընտանիքներից 3 հոգի է մնացել: Բոլորը փոշիացան պատմության մոխրի տակ: 1980-ից հետո ծայր առած անմարդկային պատերազմները, ներքին խռովությունները, քաղաքներից քշված ու ոչ մի տեղ բնակություն հաստատել չկարողացող քրդերով լցվեց: Հենց սա է պատճառը, որ երկու ցուցահանդեսները միմյանց հաջորդեցին: Երկու դառնություն՝ մեկը մեկի մեջ»,- ասում է ցուցահանդեսի հեղինակը: Արփաթն, առաջին անգամ հայտնվելով Դիարբեքիրի «Գյավուրների թաղամասում», փորձել է հայ բնակիչների գտնել, բայց՝ ապարդյուն: Մինչդեռ նա գիտեր, որ մինչեւ 1915-ն այնտեղ 2925 հայ էր բնակվում: Ապա նա գնացել է Մարիամ Աստվածածին եկեղեցի, որը Դիարբեքիրի միակ կանգուն եկեղեցին է: «Գյավուրների թաղամասից» ոչ հեռու ասորական այս եկեղեցում նա ծանոթացել է Սարգիս հորեղբոր, նրա տիկնոջ՝ Պայծառ մորաքրոջ եւ նրանց դուստր Վիկտորյայի հետ: Պարզվել է, որ նրանք Դիարբեքիրի վերջին 3 հայերն են, տարիներ շարունակ քողարկել են իրենց հայկական ինքնությունը եւ դիմակայել հալածանքների:
2004-ին Դիարբեքիրում հայկական ինքնությունը չթաքցնողների թիվը, ըստ Արփաթի, եղել է 22: 2006-ին այս թիվը կրճատվել է 7-ի, իսկ մեկ տարի անց քաղաքում արդեն մնացել են վերոհիշյալ 3 հայերը: «Գյավուրների թաղամասում», Արփաթի պատմածով, կան հայկական եւս 2 եկեղեցու ավերակներ: Նրանցից մեկը հայ կաթողիկե, մյուսը՝ հայ բողոքական եկեղեցիներն են: Մեկը դեռեւս 2 տարի առաջ իբրեւ աղբանոց էր օգտագործվում: Հիմա եկեղեցին բնակեցնում են քուրդ ընտանիքներ: Ասորական Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին Դիարբեքիրի քաղդեականների, ասորիների եւ հայերի համար քրիստոնեական միակ տաճարն է, որտեղ ժամերգություն է մատուցում ասորի քահանան: Հերթական ցուցահանդեսի թեման քրդերն են, նրանց առօրյան եւ կենցաղը: Քրդեր, որոնք եկել ու բնակվել են այն հողերում, ուր մի ժամանակ ապրում էին հայերը, թողել շենքեր ու շինություններ: Նախորդ ցուցահանդեսին նա առանձնացրել էր երկու ենթավերնագիր՝ անցյալը եւ ներկան: Անցյալում տեղի տերերը հայերն էին, իսկ հիմա՝ քրդերը:
Թուրքիային լուսանկարիչը կոչ է անում անցյալը չմոռանալ՝ ետ նայել, լվանալ անցյալի մեղքերը: «1915-ից սկսած, Դերսիմ, Մարաշ, Սըվաս, Հրանտ Դինք, պատերազմի արհավիրքներ, մարդկային զոհ ու կորուստ՝ ինչ լինում է, մենք չենք մերկացնում անցյալը, չենք բացում մեր դեմքը անցյալի առջեւ: Նրան, ինչ եղել է անցյալում՝ Եփրատի այն ափին, հակառակ կողմում՝ արեւմուտքում, մարդիկ անտեղյակ են: Ինձ վախեցնում են ռումբերի բերած զրկանքները, բռնաբարված կանայք, հոշոտված մարդիկ, իսկ երբ հարցաքննելու ժամանակն է գալիս, կարծես չկա ոչ մի մեղավոր: Թուրքիայի արեւմուտքում մարդիկ ապրում են այնպես, կարծես երբեք ոչինչ չի էլ եղել: Այսօր բացահայտվում են մի շարք հեղաշրջում իրականացնող ծրագրեր ու ահաբեկչական կազմակերպություններ, բայց քանի՜ տարի է, որ այդ ծրագրերը գործողություններ են իրականացնում: Քանի- քանիսն են այսօր իրենց անմեղությունը փակում բանտերում, ոչ ոք դրանից չի էլ խոսում: Ոչ մի կերպ չլվացվող, ցբացվող, չմաքրվող անցյալի հետ պետք է կարողանալ հաշվի նստել»,- գրում է լուսանկարիչն ու հավելում, որ շատ է ցավում, երբ դառնության, ցավի ու անմարդկային տանջանքների մեջ հայտնված մարդկանց է ընտրում իբրեւ հերոսներ, բայց նկարելուց ու նրանց դժբախտ դեմքերը արտատպելուց բացի, ոչնչով չի կարող նրանց ցավը մեղմել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել