Նոր ձայնասկավառակ եւ հաջողություններ
Օրերս Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացավ «Art Voices» ջազ խմբի ձայնասկավառակի շնորհանդեսն ու համերգը:
2006թ. կազմավորված «Art Voices»-ն իր նվագացանկում ներկայացնում է ջազի, հայկական ավանդական եւ ֆոլք երաժշտության յուրահատուկ համադրություն: Խմբի հիմնադիրներ Արթուր Գրիգորյանը (սաքսոֆոն) եւ Մանուկ Ղազարյանը (ստեղնաշարային գործիքներ), համախմբելով Art Voices-ի կազմում երաժիշտներ Ավագ Մարգարյանին (բլուլ), Էդգար Ավետիսյանին (բաս), Համլետ Շաղոյանին (կիթառ), Լեւոն Պուչինյանին (շեփոր), Պերճ Նահապետյանին (հարվածային գործիքներ) եւ Վահրամ Դավթյանին (տրոմբոն), ակտիվ գործունեություն են ծավալում տեղական եւ միջազգային ասպարեզում:
Իր գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածում Art Voices-ին հաջողվեց ձեռք բերել սեփական դիմագիծը: Գործունեության հենց սկզբնական շրջանում կոլեկտիվը առիթ ունեցավ մասնակցելու «Soldiers of the Future» ջազային կրթական ծրագրին, որը կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի երեւանյան գրասենյակի կողմից: Ծրագիրն անցկացվեց հրավիրված բրիտանացի երաժիշտների կողմից՝ Աբրահամ Ուիլսոն (շեփոր) եւ ծրագրի ղեկավար, Բրիտանիայի լավագույն անկախ լեյբլներից մեկի՝ DUNE Records-ի հիմնադիր՝ կոմպոզիտոր, խմբի ղեկավար Գարի Կրոսբի (բաս): Ծրագրի ավարտից հետո «Art Voices» -ը մի շարք համերգներով հանդես եկավ բրիտանացի երաժիշտների հետ:
«Art Voices» խումբը ելույթներով հանդես է եկել երեւանյան բազմաթիվ ակումբներում, «Jazz Appreciation Month» եւ «Armenian International Jazz Festival» փառատոների շրջանակներում՝ նաեւ Մոսկվայում: 2009-ին արժանացել է Գրան պրի մրցանակի՝ Բուխարեստի միջազգային ջազային մրցույթում:
«Fasten Your Seatbelts» («Կապեք ամրագոտիները») այդպես է կոչվում խմբի առաջին ձայնասկավառակը: «Մենք ուզում ենք, որ մարդիկ ինքնաթիռում, տանը նստած կապեն ամրագոտիները ու…«Art Voices» լսեն»,- մեզ հետ զրույցում կատակում է խմբի հիմնադիր երաժիշտներից Մանուկ Ղազարյանը՝ նշելով, որ ձայնասկավառակում զետեղված է 9 ստեղծագործություն: Ձայնասկավառակն էլ ներառված է «Հայկական ջազ 70» հավաքածուի մեջ:
Խոսելով ստեղծագործությունների մասին՝ հարցրի, թե ինչպե՞ս են ծնվում նոր ստեղծագործությունները եւ ի՞նչ է անհրաժեշտ երաժշտին ստեղծագործելու համար: Խմբի համար երաժշտություն հիմնականում գրում է Մանուկը: «Քայլում եմ փողոցով, մի բանից ներշնչվում ու երաժշտություն եմ գրում»,- ասում է նա: Բաս-կիթառահար Էդգար Ավետիսյանը պատմեց, որ վերջերս խումբը հաղթանակով վերադարձել է Ռումինիայից: