Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը ամփոփեց արվածն ու անելիքը:
Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը մտավախություն ունի, որ առաջիկա 15 տարիներին ցեղասպանության փաստը կդիտարկվի միայն պատմական հարթության վրա: Երեկվա ասուլիսում իր մտավախությունը նա բացատրեց նրանով, որ. «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում թուրք մասնագետները մեծամասնություն են կազմում, ցեղասպանության ամբիոնները ղեկավարում են թուրքերը, հետեւողականորեն հեռանկարը ուրվագծվում է, եւ առաջիկա 4 տարիներին ցեղասպանության փաստ ուսումնասիրող լավագույն գիտնականները թուրք են լինելու, հայ գիտնականներին փոխարինող սերունդը չկա…»: Պարոն Դեմոյանի խոսքով, թանգարանն արդեն նախագծել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող միջոցառումների ցանկը: Նա ասաց, թե 2010-2015թթ. ընկած հատվածում այնպիսի միջոցառումներ են կազմակերպելու, որոնք չպետք է կրկնեն նախորդ տարիները. «Մենք ցանկանում ենք, որ այդ միջոցառումները որոշակիորեն նպաստեն կոնկրետ խնդիրների լուծմանը: Ի թիվս այլ խոշոր միջոցառումների, հաջորդ տարի կազմակերպելու ենք բացառիկ գիտաժողով, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը արձագանքած Սկանդինավյան երկրներին, արդեն ունենք բազմաթիվ հրավիրյալներ, լինելու է նաեւ շարժական ցուցադրություն, որտեղ եզակի լուսանկարներ ու փաստաթղթեր են ընդգրկված»: Առաջիկայում նախատեսել են Երեւանում կազմակերպել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հերթական համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի աշխարհի մոտ 300 ցեղասպանագետ: Պարոն Դեմոյանը խոստացավ, որ մինչեւ 2014թ. թանգարանի գիտական ֆոնդը կհամալրվի բացառիկ փաստաթղթային եւ վավերագրական ցուցանմուշներով եւ դրանց ցուցադրությունը շեշտակիորեն փոխելու է պատկերացումները Հայոց ցեղասպանության մասին, ապա հավելեց, որ այդ ցուցադրությունը կներկայացնեն նաեւ արտերկրում՝ հայաշատ համայնքներում:
Կարեւոր միջոցառումներից պարոն Դեմոյանն առանձնացրեց նաեւ թանգարանային շենքի ընդլայնումն ու նոր հայեցակարգի հիմքի վրա թանգարանային ցուցադրության կազմակերպումը: Տնօրենը նաեւ ներկայացրեց վերջին մեկ տարում ձեռքբերած բացառիկ լուսանկարները: