Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԷԼԻ ՑՈՒՅՑ ԿԱՆԵՆ

Ապրիլ 24,2010 00:00

ԿԳ նախարարության եւ ուսանողների շահերը չեն համընկնում

«Նախարարի քայլը գործարք էր ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հետ»,- երեկ այսպես բնորոշեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դանիել Իոաննիսյանը՝ ԿԳ նախարար Աշոտյանի եւ ապրիլի 22-ի կառավարության համապատասխան որոշումը, որով մագիստրատուրայի՝ բանակից տարկետմամբ տեղերը, բացառությամբ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի, կրկնակի կրճատվեցին: «Նախարարը ուսանողական ցույցի կազմակերպիչներին խոստացավ, որ բնագիտական մասնագիտություններից, մասնավորապես՝ ֆիզիկայից, տեղերը չեն կրճատվի, իրենք ամեն գնով կընդունվեն մագիստրատուրա, փոխարենը խոստում վերցրեց, որ ցույց չանեն»,- ասաց Դ. Իոաննիսյանը: Նշենք, որ մագիստրատուրայի հարցը դեռ չորեքշաբթի երեկոյան չկար կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում եւ, չգիտես ինչու, պատկան մարմինները որոշել են միանգամից հարցը փակել: «Առավոտի» երեկվա համարում ներկայացրել էինք ցույցի կազմակերպիչների տեսակետները, ըստ որոնց, նախարարը խոստացել է չկրճատել ոչ միայն ցույցի կազմակերպիչների, այն է՝ ֆիզիկայի ֆակուլտետին, այլեւ բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով մասնագիտություններին տրվող տեղերի քանակը: Ստացվում է՝ Ա. Աշոտյանը լուծել է միայն չկայացած ցույցի կազմակերպիչների՝ մագիստրատուրա ընդունվելու հարցը: Եվ ուսանողներն այժմ դժգոհում են՝ արդյո՞ք բնագիտական թեւում միայն ֆիզիկայի ֆակուլտետն է, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաները, օրինակ՝ կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկան, որը 180 հոգանոց ֆակուլտետ է, բայց ընդամենը մագիստրատուրայի 6 տեղ է հատկացվել՝ տարկետման իրավունքով:
Ուսանողներն այժմ պատրաստվում են նոր՝ ավելի լուրջ ցույցի: Կազմակերպիչներից Դ. Իոաննիսյանը «Առավոտին» հայտնեց, որ քաղաքապետարանի կողմից ցույցն արտոնելու դեպքում հաջորդ հինգշաբթի նորից բողոքի ակցիայով հանդես կգան: «Հույս ունենք՝ մի բան կփոխվի, որովհետեւ աչքի առաջ է 2004 թվականի փորձը, երբ փորձում էին փոխել «Զինապարտության մասին» օրենքը եւ բոլոր ուսանողներին զորակոչել: Ի վերջո, ուսանողությունը հասավ նրան, որ իշխանությունները ետ կանգնեցին այդ քայլից»: ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Բաղդասարյանը խոստացավ հարցի առնչությամբ մեկնաբանություն տալ հարմար առիթով: ԿԳ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանը պարզաբանեց, որ կրճատումներ եղել են միայն մանկավարժական, լեզվաբանական եւ տնտեսագիտական բլոկի «մասով», իսկ բնագիտականն անփոփոխ է թողնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել