«Առավոտի» ապրիլի 21-ի «Մաքսայինը՝ բարեգործականի դեմ» հրապարակման մեջ անդրադարձել էինք «Երեխաների բարեգործական միջազգային հիմնադրամի» կողմից (տնօրեն՝ Բաբկեն Վարդանյան) 2009թ. հունվարի 16-ի թիվ 760 ԲՀԿ-ով ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով 365-օրյա ժամկետով հայտարարագրված 2մլն 48 8602 դրամ մաքսային արժեքով հումանիտար բեռի ճակատագրի մասին: Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ: Ըստ որի. «Մաքսային օրենսգրքի» 37-րդ հոդվածի համաձայն, ժամանակավոր ներմուծում ռեժիմը կարգավորում է ապրանքի հետագա արտահանման պայմանով ապրանքների ներմուծումը ՀՀ մաքսային տարածք: Սակայն սահմանված ժամկետում Բ. Վարդանյանն օրենքով նախատեսված պարտավորությունը չի կատարել եւ բեռն այլ ռեժիմով չի վերահայտարարագրել, ավելին, մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքն առանց մաքսային մարմնի թույլտվության՝ օտարել է: Այդ իսկ պատճառով Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի 16.02.2010թ. թիվ 132 որոշմամբ Բ. Վարդանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով ապրանքի մաքսային արժեքի չափով՝ 2 մլն 488 602 դրամով: Նշենք նաեւ, որ այդ բեռը ՀՀ կառավարության կողմից բարեգործական չի ճանաչվել»:
Ինչ վերաբերում է «Առավոտի» այն դիտարկմանը, որ ֆիզիկական անձի գույքի վրա արգելանք դնելն անօրինական է, պետական եկամուտների կոմիտեն նշում է. «Հարկ ենք համարում իրազեկել, որ ՄՕ 189-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ֆիզիկական կամ պաշտոնատար անձինք են ենթարկվում վարչական պատասխանատվության, հետեւաբար, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք է դրվում նշված անձանց գույքի վրա»: