Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արուսյակ Լալայանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մեղադրանքը դատարում պաշտպանում էր Երեւանի դատախազությունից՝ Գ. Հակոբյանը:
Ամբաստանվող փաստաբանը միջնորդեց, որպեսզի դատաքննությունն անցկացվի արագացված ընթացակարգով, ինչին մեղադրողը չառարկեց:
Նա հայտնեց, որ տուժողի վնասը հատուցել է, ունի երկու անչափահաս երեխա:
Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ որի՝ Արուսյակ Լալայանը 2008թ. տեղեկացել է, որ մայրաքաղաքի «Շառլ բլոտ» ակումբի սեփականատեր Արսեն Հարությունյանը ցանկանում է, որպեսզի սեփականաշնորհի նույն շենքի նկուղը, սակայն անձնական խնդիրներ ունի շենքի բնակիչներից մեկի հետ:
Ա. Լալայանը, ըստ մեղադրանքի կողմի, խոստացել է, որ կանի իր վստահորդի, երեկ արդեն տուժող ներկայացած Արսեն Հարությունյանի խնդրանքը:
Նա նախ տուժողից ստացել է $6000-ին համարժեք ՀՀ դրամ, ապա՝ $2000-ին համարժեք ՀՀ դրամ: Փաստաբանը կեղծել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդանյանի վճիռը, իր վստահորդի ստորագրությունները, ապա «կատարողական թերթիկ» պատրաստել, «իջեցրել» Հարությունյանի օգտին:
Փաստաբանը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայելու համար, իրեն մեղավոր ճանաչեց:
Նա խնդրեց իրեն ժամանակ տրամադրել, որպեսզի պաշտպան ներգրավվի արագացված դատաքննության նպատակով: