Ծաղկավաճառ տիկին Սիլվան իր բիզնեսով կյանքը երկարացնում է
«16 տարեկան էի, որ ամուսնացա: Դույլը տվեցին ձեռքս, ասացին գնա ծաղիկ վաճառի»,- մեզ հետ զրույցում պատմեց 63-ամյա ծաղկավաճառ Սիլվա Գրիգորյանը:
Երիտասարդ աղջիկը մեծ դժվարությամբ է համակերպվում իր առօրյային, բայց ժամանակի ընթացքում հասկանում է, որ ծաղիկների հետ մշտական շփումը մոռացնել է տալիս կենցաղային հոգսերը, ցրում բացասական լիցքերը: Տիկին Սիլվայի առօրյան սկսում է վարդերի, կակաչների, մանուշակների հետ: «Ծաղիկներս հիմնականում երիտասարդներն են գնում: Նույնիսկ, եթե պակաս գնով են ուզում, միեւնույն է՝ վաճառում եմ, ինչո՞ւ սրտները կոտրեմ»,- ասում է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչը: «Մեր գյուղը ծաղիկների գյուղ է համարվում: Այնտեղ շատ ծաղիկներ են աճում: Դե, իմ բախտն էլ այդ գյուղն էր՝ ամուսնացա ու ճակատագրի բերումով դարձա ծաղկավաճառ: Սկզբում այնքան էլ սեր չունեի ծաղիկներ աճեցնելու հետ, բայց հետո կապվեցի, հիմա կյանքս չեմ պատկերացնում առանց այդ բույսերի: Եթե ծաղիկներս չլինեին, ես վաղուց մահացած կլինեի»,- ասում է նա:
Նա այնքան սիրով էր խոսում իր ծաղիկների մասին եւ այնքան մեղմ էր դրանց վերաբերվում, որ կարծես իր երեխաները լինեին: Տիկին Սիլվայի պատմելով, ձմռանը ծաղիկները ծածկում են՝ սենյակն էլ, որտեղ դրանք պահվում են, ջեռուցում են, որպեսզի չմրսեն:
Այդքան տարի գործ ունենալով ծաղիկների հետ, տիկին Սիլվան համոզվել է, որ բույսերի հետ շփումը մարդու ներաշխարհը գեղեցկացնում ու հարստացնում է:
Ճիշտ է, տիկին Սիլվայի ծաղիկները այլ ծաղկի սրահների ծաղիկների պես չեն զարդարվում ու փաթեթավորվում, բայց նա էլ իր մշտական գնորդներն ունի, որոնց համար կարեւորը ոչ թե ծաղկի արժեքն է, այլ դրանց դրական լիցքերը, որոնք կհաղորդվեն նրանց, ում նվիրում են:
Տասնյակ տարիներ նա իր հաճախորդներին թարմ ու բուրավետ ծաղիկներ վաճառելուց բացի, «քաղցր» խոսքեր էլ է ասում: Թերեւս նրա՝ այդքան բարեհամբույր վերաբերմունքն է, որ մարդկանց ստիպում է ամեն անգամ ծաղիկները տիկին Սիլվայից գնել՝ անկախ նրանից, ճոխ փաթեթավորված է, թե՝ ոչ: